HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձուկն ու նրա երկվորյակը

Էբրահիմ Գոլեստան

Մարդը ձկներին էր նայում: Թվում էր՝ նրանք անշարժացել են ապակու ետեւում: Ակվարիումը բավական մեծ էր, սալաքարերով պատված, ետնամասը թաղված էր կիսամութի մեջ: Քարանձավի նմանվող միջանցքի երկայնքով միանման ակվարիումներ էին շարված` բազմատեսակ ու գույնզգույն ձկներով լցված։

Առաստաղներին ամրացված լուսավորող սարքերը չէին երեւում, բայց ջրի մեջ նկատելի էր լույսի արտացոլանքը: Մարդը նստել, դիտում էր պաղ լուսումութի մեջ անշարժացած ձկներին. կարծես օդում կախված թռչուններ լինեին: Եթե ժամանակ առ ժամանակ պղպջակներ չբարձրանային, ջրի մեջ նրանց լինելը չէր զգացվի: Պղպջակներն ու լողակների աննշան թափահարումն էին կարճատեւ շարժում առաջացնում ակվարիումում: Տղամարդը հայացքը հառել էր խորքում քարացած զույգ ձկներին: Մեծ չէին, գլուխներն իրար էին մոտեցրել, պոչերը փոքր-ինչ հեռու էին: Անսպասելի շարժվեցին, պտույտից հետո լողացին վերեւ, ճամփի կեսից շրջվեցին, իջան, կանգնեցին կողք-կողքի: Կարծես համբուրվում էին: Հետո կրկին հեռացան իրարից, դարձադարձիկ գնացին ու եկան: Նստած մարդը մտքերի մեջ ընկավ. երբեւէ նման բանի ականատես չէր եղել: Ուրիշ ակվարիումներում, ծովում եւ այլուր շատ ձկներ էր տեսել, բազմատեսակ թռչուններ, մարդկանց էր հանդիպել, որոնք լողում էին առանձին-առանձին, ամեն մեկը` յուրովի: Հաճախ էր պառկել ցորենի դաշտում, երկնքի աստղերին նայել, բայց երբեք, ոչ մի տեղ նման ներդաշնակություն չէր տեսել: Անգամ աշնանային տերեւները ծառից զույգերով չէին ընկնում, ծաղկամանում երիցուկների թերթիկներն այդքան համաչափ չէին բացվում, աստղերն էլ այդպես միաժամանակ չէին առկայծում: Ոչ անձրեւի շիթերը կամ երկինք բարձրացող ծովի գոլորշին, ոչ մի բան նման չէր, դա մի ուրիշ տեսարան էր... Անհավատալի էր, բայց այդ երկուսը շատ էին մտերմիկ, գուցե հարազատության պատճառով էին միմյանց այդքան նման: Իսկ կարո՞ղ է նմանությունն էր նրանց համերաշխության ու ներդաշնակության պատճառը: Հետաքրքիր է՝ ինչու՞ էին այդքան համաչափ լողում, որովհետեւ երկուսի տեսա՞կն էր նույնը, թե՞ նրանց միանման շարժումներն էին այդպիսի տպավորություն ստեղծում: Իսկ եթե երկվորյակնե՞ր էին, բայց ձուկը զուգածին ունենո՞ւմ է... Լռություն է, բայց մարդն ուզում էր հավատալ, որ նրանք հաղորդակցվում են, ենթարկվում մի ընդհանուր հրահանգի: Բայց ինչու՞ միայն այդ երկուսը: Միասին էին, ակվարիումի ունայնությունը նրանց պարով էր իմաստավորվում: Տեսնես որքա՞ն էր դեռ շարունակվելու նրանց պարը: Մի տարեց կին՝ թոռան ձեռքը բռնած, եկավ, կանգնեց ակվարիումի առաջ՝ փակելով նրա տեսադաշտը: Տղամարդը վեր կացավ, մոտեցավ: Չքնաղ էին ձկները, անկաշկանդ ու նազանի: Կինը մատնացույց էր անում ձկներին, որպեսզի երեխան ավելի լավ տեսներ, թեւատակերից բռնած՝ փորձում էր բարձրացնել: Չկարողացավ: Մարդն ինքը գրկեց փոքրիկին: - Շնորհակալություն, պարոն,- ասաց պառավը: Լուռ էին, հետո մարդն ասաց. - Տես, այն երկուսն ինչ գեղեցիկ են: Ձկները դեռ միասին էին, կուրծք-կրծքի: Նրբորեն ելեւէջում էին նրանց լողակները: Ակվարիումի ետնամասի աղոտ լույսը նման էր ցայգի երազի, հատակի գույնզգույն քարերը պղպջակի պես թափանցիկ էին ու թեթեւ: Ձկները միաժամանակ հեռացան իրարից, հետո նորից մոտեցան: Մարդը կրկնեց. -Տես, այն երկուսն ինչ գեղեցիկ են: Ուշադիր նայելուց հետո տղան հարցրեց. - Ո՞ր երկուսը: - Այ, նրանք,- մատն ապակուն հպելով` ցույց տվեց մարդը: Ապակու վրա ինչ-որ մեկն ասեղով կամ մեխով խզբզել էր: - Բայց այնտեղ երկու ձուկ չկա,-ասաց տղան: - Նայիր, այ նրանց,- պնդում էր տղամարդը: - Չէ, պարոն: Դա մի ձուկ է, մյուսը նրա արտացոլանքն է: Քիչ անց մարդը գրկից իջեցրեց երեխային եւ մոտեցավ մի ուրիշ ակվարիումի:

Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը

Էբրահիմ Գոլեստան - Ծնվել է 1923 թ. Շիրազում: Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Անգլիայում: Գրական գործունեությունը սկսել է Հեմինգուեյի եւ Վագների ստեղծագործությունները թարգմանելով: Նրա առաջին պատմվածքը` «Ազար՝ աշնան վերջին ամիս» անվանումով, հրատարակվել է 1950 թ.: Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է: Մեծ է նրա ավանդը ժամանակակից իրանական արձակի զարգացման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter