Կանանց «Միկա» շախմատի թիմը` բրոնզե մեդալակիր
Բուլղարական Պլովդիվում ավարտված շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում անհաջող հանդես եկավ տղամարդկանց Երեւանի «Միկա» թիմը: Մասնակից 49 թիմերի մեջ 7-րդ վարկանիշն ունեցող մեր թիմը, որը կազմված էր բացառապես հայ գրոսմայստերներից (Արոնյան, Հակոբյան, Սարգսյան, Փաշիկյան, Մելքումյան, Պետրոսյան, Անդրիասյան, Անաստասյան), այդ թվում` վերջին օլիմպիադայի մասնակիցներից, հաջող սկսեց մրացաշարը, սակայն վերջին 2 տուրում պարտություններ կրեց ռուսական «Էկոնոմիստից» ու գերմանական «Բադեն-Բադենից»: Երկու մրցավեճերում էլ մեր թիմին «քաշեց» Արման Փաշիկյանը, քանի որ նրա պարտությունները վճռորոշ եղան նաեւ թիմի համար. մյուսները ոչ-ոքի էին խաղացել: «Միկան» 7 տուրում 4 հաղթանակ տարվա, 1 ոչ-ոքի խաղաց եւ 2 պարտություն կրեց ու բավարարվեց ընդամենը 11-րդ տեղով: Չեմպիոն դարձավ ռուսական «Էկոնոմիստը», երկրորդը կրկին ռուսական «Յուգրան» է, իսկ երրորդը` ուկրաինական «Չեռնիգեւը»:
Հայ շախմատասերներին ուրախացրեց կանանց «Միկա» թիմը: Էլինա Դանիելյան-Հարիկա Դրոնովալի-Լիլիթ Մկրտչյան-Լիլիթ Գալոյան քառյակը, որն իր թիմային վարկանիշով 5-րդն էր 14 մասնակիցների մեջ, տարավ 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի խաղաց եւ 2 պարտություն կրեց: Այս արդյունքով մեր աղջիկները գրավեցին 3-րդ տեղը` իրենցից առաջ թողնելով մրցաշարի ֆավորիտ «Մոնակոյին» եւ «Սանկտ-Պետերբուգին»: Ընդ որում` առաջինին մեր թիմը պարտվել էր, իսկ երկրորդին` հաղթել: Նշենք, որ «Միկան» 2006-ին հաղթել էր Եվրոպայի առաջնությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել