
Ջաջուռավանցիների հետագա մասնակցությունը Կառավարության ծրագրին կախված է երկու համագյուղացիների հաջողությունից
ՀՀ կառավարության որոշումով Շիրակի մարզից ընտրված 15 աղքատ գյուղերի ցանկում է նաեւ Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռավան գյուղը, որտեղ Կառավարության ծրագրով հատկացվելիք վարկերի ոչ թե 4, այլ 6 տոկոսային կետին համարժեք մասը պիտի սուբսիդավորվի:
Ջաջուռավանցի վարկառուն 14 տոկոս տոկոսադրույքով տրամադրվող վարկի միայն 8 տոկոսն է մարելու, մնացած 6 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը: Եթե վարկառուն ստացել է վարկն ու ապահովում է նախագծի բոլոր պայմանները, ապա իրավունք ունի դիմելու տոկոսադրույքի սուբսիդավորման համար: Վարկի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե վարկը օգտագործվել է ոչ նպատակային:
278 բնակիչ ունեցող Ջաջուռավանում պայմաններին ծանոթացել ու ծրագրից օգտվելու հայտ է ներկայացրել ընդամենը երկու հոգի` Միսակ Պողոսյանն ու Հրաչյա Մարտիրոսյանը: «Մնացածն էլ ռիսկ չարին դիմեն, կսպասեն տեսնեն՝ պետությունն իրա խոստումը պիտի կատարի՞, թե՞ չէ, վերցնողները կշահե՞ն, թե՞ չէ, որ իրանք էլ դիմեն»,- ասում է Ջաջուռավանի համայնքապետ Աշոտ Գրեյանը:
Կիսալեռնային բնակլիմայական պայմաններով, հողազուրկ այս բնակավայրը խորհրդային տարիներին հայտնի է եղել որպես Ջաջուռ կայարան` համայնքով է անցնում Երեւան-Թբիլիսի երկաթուղին: Ավանը հիմնվել է 1926 թ., որտեղ սկզբում բնակվել են կայարանի աշխատակիցները, հետագայում, երբ կառուցվել է կրի գործարանը, ավանը բավական ընդարձակվել է, բնակիչների թիվը՝ ավելացել:
Անկախացումից հետո, երբ բնակավայրերը բաժանվեցին երկու հիմնական խմբի, Ջաջուռավանին բաժին հասավ «գյուղական» տիտղոսը: Ձեւավորվեց մի համայնք՝ առանց հողի, ավանի բնակիչներն էլ վերածվեցին գյուղացիների, թեպետ այդպես էլ չօգտվեցին 1991 թ. սեփականաշնորհումից, որովհետեւ իրականում ոչինչ էլ չկար սեփականաշնորհելու՝ ոչ հող, ոչ գյուղտեխնիկա: Համայնքի վարչական տարածքը կազմում է 26 հա, գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում: 1988 թ. երկրաշարժից բնակֆոնդի 90 տոկոսն ավերվել է, բնակիչների 60 տոկոսը ներկայում էլ զրկված է բնակարանից, ապրում են տնակներում:
Երկրաշարժից հետո գյուղում ընդամենը 10 բնակելի են կառուցել: Ջաջուռավանի տարրական դպրոցը փակման վտանգի առաջ է կանգնած, թեպետ 6 աշակերտ ունի: «Մարդկանց գյուղում պահելու համար երեւի ուրիշ ծրագրեր են պետք,- ասում է համայնքապետ Աշոտ Գրեյանը,- հարեւան Կրաշենի 8-ամյա դպրոց 7 երեխա է հաճախում, կարելի է պահել, բայց մեր տարրական դպրոցն ուզում են փակել: Գյուղից 25 աշակերտ գնում է Սարիարի միջնակարգ դպրոց, բայց ես ինչպե՞ս ստիպեմ ծնողին, որ իրա 6 տարեկան էրեխուն 1,5 կմ ճանապարհ կտրել տա, ինչ է թե հարեւան գյուղի դպրոց դասի տանի: Խնդիրներ շատ ունենք, լուծելու հնար չունենք: Կառավարության էս ծրագրում ընդգրկվելու համար մի կողմից ուրախացանք, մյուս կողմից էլ մարդ մտածում է՝ էդ գյուղատնտեսական նշանակության վարկը վերցնի անհող գյուղում ի՞նչը զարգացնի: Բայց էլի գոհ ենք, որ ջաջուռավանցին վարկը վերցնելու է 8 տոկոս տոկոսադրույքով»:
25-ամյա Հրաչյա Մատիրոսյանը գյուղի վարկավորված երկու համարձակներից մեկն է: Չորս անձ են ընտանիքում, ինքը թեեւ մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն Կրաշենի դպրոցում համակարգչային օպերատոր է աշխատում: Երկու կով, չորս խոզ, մի քանի թեւ էլ հավ ունեն: Երբեւէ անասնապահությամբ կամ գյուղատնտեսությամբ զբաղվելու մտադրություն չի ունեցել: «Հող չունենք, որ մշակենք, խոտհարք ու արոտավայր չունենք, որ անասուն պահենք, ի՞նչը զարգացնենք,- հարցնում է ջաջուռցի երիտասարդը,- վարկավորման համար էլ դիմեցի՝ մտածելով որ գոնե հնարավորություն կունենամ էժան տոկոսադրույքով գումար վերցնեմ, մի քիչ տնտեսությունս ոտքի կանգնեցնեմ, բայց, իհարկե, ընդլայնվել կամ զարգացնել ինչ-որ մի բան՝ մեր դեպքում անհնար է»:
Հրաչյան վարկավորման նպատակով ապրիլ ամսին դիմել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին: 500 հազար դրամ վարկը տրամադրվել է 1,5 տարի ժամանակով: Քանի որ գումարը մեծ չի եղել, գրավի խնդիր եւս չի առաջացել: Վերցրած վարկով 5 հատ հորթ է գնել եւ անասնակեր խոզերի համար: Եթե խնդիրներ չլինեն, տարի ու կես հետո միայն բտած 5 ցուլիկները Հրաչյայի համար 300 հազար դրամի եկամուտ կապահովեն, խոզերի վրա արած ծախսը եւս իրեն կարդարացնի: «Մտածում եմ, որ էս ցածր տոկոսադրույքով վերցրած վարկից ընձի եկամուտ կմնա անպայման, բայց որ տնտեսություն մեծացնելու հնարավորություն տա, էդ արդեն իրատեսական չէ,- ասում է Հրաչյան,- քանի որ մենք արոտավայր չունենք, անասունների համար խոտն առնովի է: Դե պատկերացրեք էն մարդու վիճակը, ով որոշե մտնել մեծ գումարների տակ, վարկ վերցնի ու ամեն ինչն առնովի էղնի: Մեր գյուղում դա մեծ խնդիր է, մանավանդ որ գրավադրելու բան էլ չունենք»:
Հրաչյա Մարտիրոսյանը վերցրած 500 հազար դրամ վարկի համար մուծելու է 545 հազար դրամ, իհարկե եթե այդ 1,5 տարվա ընթացքում որեւէ խախտում իր կողմից բանկը չգրանցի: Այդ պայմանն ամենախնդրահարույցն է, որովհետեւ նույնիսկ աննշան շեղումը ժամանակացույցից կարող է վարկառուի համար ճակատագրական դառնալ եւ ստացվի այնպես, որ նա վարկը փակի ոչ թե 8, այլ 10 տոկոս տոկոսադրույքով: Ջաջուռցի վարկառուն մայր գումարից արդեն 186 հազար դրամ մարում է արել, թեպետ դեռ եկամուտ չունի կատարած ներդրումից:
Ջաջուռավանում եւս առաջ քաշեցին համայնքներին տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարցը: Բերեցին օրինակ: Աղքատ գյուղերի ցանկում հայտնված հարեւան Լեռնուտն ու Կարմրաքարը հսկայական հողատարածքներ ունեն, այդ համայնքներն էլ են աղքատ, բայց համեմատել Ջաջուռավանի հետ հնարավոր չէ: Իրենց բախտակից են Անիի տարածաշրջանի Անի Պեմզայի բնակիչները, որոնք եւս 8 տոկոս տոկոսադրույքով վարկավորման հնարավորություն ունեն եւ կրկին հողազուրկ են: Երկու համայնքների բնակիչներն էլ խորհրդային տարիներին քաղաքաբնակներին համարժեք կենցաղավարություն են ունեցել: Եվ հիմա վերածվելով գյուղացու առանց հողի՝ մի տեսակ մոլորվել են նաեւ Կառավարության արած նվերից:
«Մեր գյուղի կանանց 40 տոկոսը հարեւան գյուղերում սեզոնին վարձով ուրիշների մոտ մշակություն են անում: Ջաջուռավանում անգամ տնամերձեր չկան նորմալ: Մեր համայնքի սեփական եկամուտները 116 հազար դրամը չեն գերազանցում, պետությունն էլ 3,5 մլն դրամ դոտացիա է տալիս, որով գրեթե գլոբալ խնդիր լուծել հնարավոր չէ, գյուղում տեխնիկա չկա, 9 հատ մեքենա ունենք սեփական գործածության: Գերադասելի կլիներ, որպեսզի մեր գյուղում վերականգնեին կրի արտադրությունը: Ջաջուռավանցիները էնպես չէ, որ բանկերի դռները չեն գնում, բայց վերցրածները սպառողական վարկ է բարձր տոկոսադրույքներով: Ոսկեղեն են դնում, մի 100-200 հազար դրամ են վերցնում տան հոգսերը հոգալու համար: Պարզ է, որ դրանով տնտեսություն չես զարգացնի, որովհետեւ հենց միլիոնն անցնում է, գրավ են ուզում` տուն քաղաքում, գյուղտեխնիկա, հող, մեքենա, որը ջաջուռավանցին չունի»,-դժգոհում է համայնքապետը:
Աշոտ Գրեյանն ասում է, որ բազմիցս խաբված գյուղացին արդեն չի ուզում հավատալ, որ Կառավարությունն, իրոք, դեմքով շրջվել է դեպի գյուղը: «Ձեր համար էլ է, չէ՞, տարօրինակ, որ 24-30 տոկոսով վարկ վերցնող մարդկանց 14 տոկոսը չի հրապուրում: Մարդիկ ուղղակի հավատն են կորցրել: Էս էլ որ գյուղատնտեսական վարկ է, մի քիչ էլ դրա պատճառով են տատանվում: Նորից կրկնվեմ` հող չունենք: Մնում է, որ կամ մեր գյուղին հող տան կամ վարկի տեսակը փոխեն կամ պետական աջակցությամբ որեւէ արտադրություն հիմնեն, թե չէ արդեն շնչահեղձ ենք լինում էս աղքատությունից»,- զրույցը եզրափակում է Աշոտ Գրեյանը:
Մեկնաբանել