HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գ.Ղարիբջանյան. «Ապակու վրա մի քանի գլազոկ կդնենք, որ այնտեղից տեսնեք պատգամավորներին»

Վերաբացված դահլիճում ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու համար արվել է ամեն ինչ ԱԺ այսօրվա նիստն իրադարձային էր նաև լրագրողների համար: Նրանք առաջին անգամ ԱԺ նիստը լուսաբանում էին օթյակից, որն առջևից ապակեպատ է: ԱԺ դահլիճի վերանորոգման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար ստեղծել աշխատանքային նորմալ պայմաններ, սակայն ինչպես այսօր պարզեցին լրագրողները, իրենց համար ոչ միայն չկան աշխատանքային պայմաններ, այլև հակառակը` ամեն ինչ արվել է, որպեսզի խոչընդոտվի նրանց աշխատանքը: Լրագրողների համար նախատեսված է մի քանի փոքր օթյակ, որոնց երկու ծայրերում դրված է մեկական բարձրախոս: Օթյակում չէր գործում օդափոխության համակարգը, ինչի հետևանքով օդը չէր բավականացնում, և լրագրողները շնչահեղձ էին լինում։ Լրագրողները պատգամավորների խոսակցությունները ձայնագրելու համար խմբվում էին բարձրախոսների մոտ: Այսպիսով, ԱԺ նիստերը լուսաբանելու համար նրանք ստիպված են առավոտից երեկո կանգնած մնալ բարձրախոսների առջև, հակառակ դեպքում բաց կթողնեն պատգամավորների խոսքը: Իսկ եթե լրագրողը ձայնագրում է, ապա չի կարող վերևից տեսնել, թե ներքևում ինչով են զբաղված պատգամավորները: Նույնիսկ օթյակում նստելն է լրագրողներին «հակացուցված», քանի որ այդ դեպքում նրանք տեսնելու են միայն Աժ նախագահին ու նրա երկու տեղակալին: Լրագրողները պետք է հպվեն ապակուն, որ տեսադաշտում երևան բոլոր պատգամավորները: Իսկ օթյակից միայն երևում են պատգամավորների գլուխներն ու «չռված» ոտքերը: Օթյակում լսվում է միայն նիստը նախագահողի և հարց ուղղող պատգամավորի ձայնը, դահլիճի ընդհանուր խոսակցությունը լրագրողներին հասանելի չէ: Հեռուստաօպերատորներին և ֆոտոլրագրողներին թույլատրվում է դահլիճ մտնել նիստի առաջին 30 րոպեին: Հենց այդ 30 րոպեի ընթացքում մի քանի պատգամավորների պահվածքն արդեն լրագրողներին ստիպում էր մտածել, որ դահլիճի խոսակցությունը «համր» տարբերակով ներկայացնելը դիտավորյալ է արվել: Առաջին 30 րոպեից հետո ավելի անհարմար վիճակում հայտնվում են օպերատորները` նրանց հրամցնում են ԱԺ օպերատորների նկարած կադրերը, որոնք որակյալ չեն: Իսկ այսօր աշխատում էր ընդամենը մեկ ԱԺ օպերատոր, որի ուշադրության կենտրոնում միայն նիստը նախագահող եռյակն էր: Այս պայմաններում աշխատելը լրագրողները համարեցին նվաստացուցիչ և հրաժարվեցին խորհրդարանի աշխատանքները լուսաբանելուց: Լրագրողները պատրաստվում էին գրավոր բողոք ներկայացնել ԱԺ ղեկավարությանը, և հենց այդ պահին ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը հանդիպում կազմակերպեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի հետ: Լրագրողները հերթով ներկայացրին իրենց դժգոհությունը Գ. Ղարիբջանյանին, ով երբեմն փորձում էր ծաղրել լրագրողներին: Ասենք` երբ լրագրողները պահանջեցին պայմաններ ապահովել դահլիճում նստած պատգամավորներին տեսնելու համար, Գեղամ Ղարիբջանյանն ասաց. «Ապակու վրա մի քանի գլազոկ կդնենք, որ այնտեղից տեսնեք պատգամավորներին»: Ապա ավելացրեց. «Այդ ապակե պատը ճարտարապետական լուծում է, չենք կարող փոխել: Բա, որ ապակին հանենք ու այդտեղից կախվեք ներքև ու ընկնեք, ձեզ մի բան լինի, այդ դեպքում ի՞նչ անենք»: Քանի որ լրագրողների օթյակը երրորդ հարկում է, իսկ պատգամավորները երկրորդ հարկից են դահլիճ մտնում, նրանցից հարցազրույցներ վերցնելը ևս դառնում է անհնարին, քանի որ լրագրողը ստիպված պետք է մեծ արագությամբ վազի երկրորդ հարկ, որ պատգամավորը չհասցնի հեռանալ: «Որ օթյակի ապակին հանենք, կարո՞ղ է վերևից կախվեք ու բղավեք. «Այսինչ պատգամավոր, չհեռանաս, ես գալիս եմ»»,- մտահոգվեց աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Նա նաև նկատողություն արեց լրագրողուհիներին, որ նրանց «հագ ու կապը» երբեմն պատշաճ չէ և հնարավոր է, որ ներքևից օթյակին նայող պատգամավորների ուշադրությունը գրավի: Գեղամ Ղարիբջանյանը խոստացավ լրագրողների դժգոհությունը փոխանցել ԱԺ նախագահին և ընթացքի մասին տեղյակ պահել լրագրողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter