HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղավոր պետք է ճանաչվեն բոլորը

Մարիամ Սուխուդյան

Շաբաթ օրը որպես վկա հրավիրվել էինք Գուգարքի ոստիկանություն հարցաքննության: Հիշեցնենք, որ քրեական գործ էր հարուցվել անհայտ անձանց կողմից Եղեգնուտի և Վահագնիի անտառպետություններից ապօրինի անտառահատումներ կատարելու փաստի առթիվ: Առավոտյան 10:30-ին ճանապարհ ընկանք, եկանք տուն 22:30-ին: Հարցաքննությունը սկսեց 15:00-ին, տևեց հինգ ու կես ժամ: Երկու վկա էինք: Մենք տեղում դիմում ներկայացրեցինք, որ ճանապարհածախսը պարտավոր են հոգալ ըստ քր.դատ 167-րդ հոդվածի:

Սակայն հարցաքննության վերջում մեր ժպտերեսիկ քննիչը հաջողություն հայտնեց ու ասաց, որ ճանապարհածախսը կհոգան դատավճիռ կայացնելուց հետո: Փաստորեն, մեղադրյալից տուգանած փողը կհատուցեն մեզ իբրև ճանապարհածախս: Սակայն չի բացառվում նաև, որ գործը կարճվի եւ դատարան չհասնի: Իսկ մինչ այդ մենք` վկաներս, պարտավոր ենք բազմաթիվ անգամ, մեր սեփական գրպանից ծախսեր անելով, հասնել Գուգարքի ոստիկանություն, որտ գտնվում է սարերում, իսկ քննիչը մինչև ուշ երեկո հարցաքննելուց հետո միայն կժպտա ու կասի` «բարի երեկո, իմ գրպանում կոպեկներ են…»: Թե մենք ինչպես կհասնենք տուն` Երևան, այդ ուշ ժամին, երբ չեն աշխատում երթուղայինները, արդեն նրանց հետաքրքրությունների շրջանակում չէ:

Այդ օրը Երևան հասանք տաքսիով, որը մեր վրա նստեց 7000 դրամ: Ինչու, եթե կա օրենք, այն չի գործում: Դիմում եմ պատկան մարմիններին: Իսկ եթե Գուգարքի ոստիկանությունն օրենքից դուրս բան է անում, համապատասխան պատժի ենթարկել: Մենք հայտարարում ենք, որ հրաժարվում ենք ցուցմունքներ տալ, այլեւս  չենք գնալու Գուգարքի ոստիկանություն մինչև չստանանք արդեն իսկ կատարած ճանապարհածախսը: Ու քննիչը հարցաքննելու համար թող գա Երեւան: Իրենց խելքից դուրս, օրենքից դուրս բաներ են անում: Փաստորեն, ամեն կերպ խոչընդոտում են, որ մենք` ապօրինի անտառահատումների վկաներս, պայքարենք,  որ պատժվեն մեղավորները, փրկվի անտառը: Նրանք ցուցմունքներ տալու համար բարենպսատ պայմաններ ստեղծելու փոխարեն ոտնահարում են վկայի իրավունքները: Իրավական մանրամասների և պարզաբանումների համար կարող եք դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  իրավաբանին` Արայիկ Զալյանին (077651647)

Մի քիչ հարցաքննության մասին

Գրվեց բացառապես ամեն ինչ, հիշեցինք, թե' Մարտուն Մաթևոսյանի խելակորույս հայտարարությունները, թե' բնապահպանության նախարարության «թիվ 11-ը», թե' մոնիտորինգի խմբի «լավ էլի` 88-ը հանի»-ն, թե' ոստիկանների բարոյախրատական հոգեվերլուծությունները, ե'ւ «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, մտեք դիմացիններիդ դրության մեջ» և այլն և այլն…. Քանի որ, ըստ մեզ, սա մի մեծ բանդա է` ոստիկանություն, բնապահպանության նախարարություն, պետական անտառային մոնիտորինգի խումբ, «Հայանտառ»…, ուստի ՄԵՂԱՎՈՐ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉՎԵՆ ԲՈԼՈՐԸ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter