
Հոկտեմբերի 10-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած Թաթա Սիմոնյանի համերգի կազմակերպիչներից մեկը եղել է ԱՄՆ իրավապահների կողմից բացահայտված եւ հոկտեմբերի 13-ին ձերբակալված հայկական հանցավոր խմբի անդամ 32-ամյա Պողոս Սաթամյանը: Երգչի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը, միեւնույն ժամանակ հերքելով օրերս մամուլում հրապարակված լուրը, թե Թաթա Սիմոնյանը ԱՄՆ-ում հայ հանցավոր խմբի գործով հարցաքննվել է: «Թաթան այդ ամենի հետ կապ չունի»,- ասել է Նազարյանը: Վերջինս հերքել է նաեւ մեր այն տեղեկությունը, որ հոկտմբերի 10-ի համերգի հասույթը Թաթան եւ իր թիմը այդպես էլ չի ստացել, քանի որ համերգից երեք օր անց Սաթամյանը եւ նրա մյուս գործընկերները ձերբակալվել են: «Նման բան չկա, հիմար սուտ է»,- ասել է Նազարյանը: Նշենք, որ Պողոս Սաթամյանը մեղադրվում է դրամաշորթության, փողերի լվացում եւ խարդախություն կատարելու մեջ: Մեր ունեցած տեղեկություններով` Պողոս Սաթամյանը Ազատության հրապարակին կից գործող «Աստրալ» ակումբի համասեփականատերն է` Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի հետ միասին: Ի պատասխան մեր թղթակցի այն հարցին, թե արդյոք Արմեն Ղազարյանը` Պզոն, ներկա գտնվե՞լ է Թաթա Սիմոնյանի լոսանջելեսյան վերջին համերգին, երգչի պրոդյուսերն ասել է. «Աղջիկ ջան, հերիք ա ինձ տենց ապուշ հարցերով անհանգստացնեք»,- ու անջատել է հեռախոսը: Նշենք, որ Թաթան միայն երեկ է ԱՄՆ-ից վերադարձել Երեւան: Իսկ օդանավակայանից դուրս գալուց րոպեներ անց երգչի մեքենան վթարի է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել 15:30-ի սահմաններում, Իսակովի պողոտայում, որտեղ միմյանց են բախվել 5 ավտոմեքենա, այդ թվում` Թաթայի «Մերսեդես» մակնիշի 88 ՏՏ 080 համարանիշով մեքենան: Վթարի հետեանքով բարեբախտաբար որեւէ մեկը, այդ թվում եւ երգիչը մարմնական վնասվածք չի ստացել:
Հ.Գ. մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ձերբակալված 31-ամյա Արթուր Եպիսկոպոսյանը` ոստիկանության գնդապետ, ոստիկանության արտագերատեսչական պահպանության վարչության պետի տեղակալ Զարմիկ Եպիսկոպոսյանի որդին, երեկ Լոս Անջելեսի բանտից գրավի դիմաց ազատ է արձակվել: Նրա փաստաբանները վճարել են 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար, ինչից հետո խափանման միջոց կալանքը փոխվել է: Այժմ Եպիսկոպոսյանը տնային կալանքի տակ է: Նրա ոտիքն ամրացվել է էլեկտրոնային ոտնաշղթա, որն ազդանշան է ուղարկում ոստիկանություն եւ մշտապես հուշում, թե որտեղ է գտնվում տվյալ մեղադրյալը:
Սաշիկաբարո
Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը երեկ հերթական սաշիկությունն է արել ԱԺ-ում: Երբ մեր թղթակիցը ցանկացել է նրան հարցնել` ճանաչու՞մ է Պզոյին, նա կատաղած շարժումով բացել է մոտակա զուգարանի դուռն ու ասել` զուգարան եմ գնում:
Իսկ երբ թղթակիցը նկատել է, որ հենց նոր դուրս եկավ զուգարանից, Սաշիկը հիստերիկ տոնով ասել է. «Գնում եմ զուգարան, գալիս ե՞ս», ապա քթի տակ հայհոյելով` ընդհանրապես հեռացել է Ազգային ժողովից: Փաստորեն, ՀՀԿ-ականների մոտ նոր կուլտուրա է ձեւավորվում` իրենց տհաճ հարցեր ուղղող լրագրողներին հրավիրել զուգարան, որտեղ ՀՀԿ-ականներն անցկացնում են օրվա զգալի մասը: Նախորդ քառօրյայի ժամանակ էլ ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանն էր «Հրապարակի» թղթակցին զուգարան հրավիրել: Երեկվա միջադեպի ականատեսները ապշահար կանգնել-մնացել են: «Չի լինում էլի, ինչքան ուզում է վրան աշխատեն, էլի նույն ՊԱԶ-ի շոֆերն է»,- եզրակացրել են նրանք: Նշենք, որ Սաշիկ Սարգսյանը սկսել է օրը 3-4 ժամ անգլերեն պարապել: Ըստ երեւույթին նա սպասում է, որ ԱՄՆ-ում նույն Պզոյի գործով կարող է իրեն էլ հարցաքննության կանչեն, ու սկսել է պատրաստվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել