
«Ես մտադիր եմ ամեն գնով հասնել արդարության»,- ասում է Արա Շիրոյանը
«Թաիս» կահույքի սրահն արդեն մեկ տարի է՝ չի գործում: Գյումրեցի գործարար Արա Շիրոյանն իր բիզնեսի ձախողման ու սնանկացման մեջ մեղադրում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին:
«Ա.Շիրոյան» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» վնասի փոխհատուցման պահանջի մասին դատական գործը 2010 թ. հոկտեմբերից գտնվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում: Մինչ օրս եղել է 6 դատական լսում, որից, ըստ հայցվորի, միայն երկուսն են եղել արդյունավետ: Բավական մեծ ընդմիջումից հետո վնասի փոխհատուցման պահանջի մասին քաղաքացիական գործի դատական նոր լսումը նշանակվել է հոկտեմբերի 3-ին:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի որոշումով 2010 թ. դեկտեմբերի 28-ին գործում տեղ գտած նյութերն ուղարկվել էին դատահաշվապահական ու տնտեսագիտական համալիր փորձաքննության: Այն իրականացնելու էր Փորձաքննությունների ազգային բյուրոն: 2011 թ. հունվարի 17-ին գործը մուտքագրվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյում, սկսվել են ուսումնասիրությունները, սակայն կատարման ժամկետը անհասկանալի պատճառներով, որից տեղյակ չէ գործարարը, կասեցվել է 2011 թ. ապրիլի 11-ից մինչեւ հունիսի 7-ը: Փորձաքննությունն ավարտվել է 2011 թ. օգոստոսի 29-ին: Փորձագետի եզրակացությունը բաղկացած է 22 թերթից, սակայն Արա Շիրոյանի հավաստմամբ՝ 22 թերթից 20-ը պարզապես արտագրություն է գործի նյութերից, իսկ հիմնական եզրակացությունն ամփոփված է 2 թերթում, եւ դրա վրա 8 ամիս ծախսելը պարզապես անհեթեթություն է:
«Դատարանն իմ առաջարկած 10 հարցից փորձագետի եզրակացություն տալու համար առանձնացրել էր 3-ը: Մյուսները իրավաբանական բնույթի հարցեր են, որոնց պատասխաններն ակնկալվում են դատական լսումների ժամանակ, այսինքն՝ դրանց պատասխանը կտրվի դատարանում,- պարզաբանում է Արա Շիրոյանը,- նշված 3 հարցերից առաջին հարցը, որ ամենակարեւոր հարցն է, արդյո՞ք բանկն ինձ օբյեկտիվ է ճանաչել անհուսալի վարկառու, թե՞ ոչ: Այդ հարցին պիտի պատասխաներ փորձագետը: Որովհետեւ ֆինանսական հաշտարարը հաստատել էր, որ բանկը խախտումներ է արել ու իրավունք չուներ ինձ անհուսալի վարկառու ճանաչել»:
Գործարարն, ով արդեն հասցրել է ուսումնասիրել փորձագետի տրամադրած եզրակացության օրինակը, համոզված է՝ ամենակարեւոր հարցին հստակ պատասխանն էլի չի տրվել, եւ ինքն անպայման պահանջելու է, որպեսզի փորձագետը ցուցմունք տա դատարանում: «Մոնիտորինգի արդյունքները լրիվ հերքվել են, սուտ է, էդպիսի բան չի եղել: Ֆինանսական հաշտարարը հաստատել է, որ բանկը որեւէ հայեցակարգ չունի, չգիտի՝ ինչ ձեւով մոնիտորինգ անցկացնի, չունի էդպիսի բան, ֆինանսների նախարարությունից նույնն են ասել, գլխավոր դատախազի պատասխանը նույնն է,- գործարարը թվարկում է այն ատյանները, որոնց ինքը դիմել է խնդրի առնչությամբ,- ես էլ պրն Գիշյանից, էլ Ոսկան Զաքարյանից ուզել եմ մոնիտորինգի արդյունքները, կըսեմ՝ ընձի տվեք էդ ձեր ստացած արդյունքներն օր ես տեսնիմ, կարող է ես սխալ եմ, ձեռներս վեր բարձրցնեմ, ըսեմ՝ սխալ եմ, էլ չխոսամ: Մինչեւ էսօր մոնիտորինգի արդյուքներն ես չեմ տեսել»:
2009 թ. բանկի գործունեությունից տուժած գործարարը դիմել է ֆինանսական հաշտարարին, վերջինս խնդրի հետ կապված նշանակել է բանավոր լսումներ եւ բանկից պահանջել գործին առնչվող փաստաթղթեր: Փաստաթղթերի ցանկում եղել է նաեւ մոնիտորինգի արդյունքի տրամադրումը:
«Որովհետեւ Կենտրոնական բանկին ԱԿԲԱ-ն տվյալներ է տվել, որ մոնիտորինգի արդյունքների հիման վրա են ընձի ճանաչել անհուսալի վարկառու: Ես Երեւանում ֆինանսական հաշտարարի մոտ նստած եմ եղել, երբ որ պիտի բանկից ուղարկեին հարցման պատասխանները,- պատմում է Արա Շիրոյանը,- գալիս է պատասխանը, բայց առանց մոնիտորինգի արդյունքների, 14-րդ օրը, ժամը 17-ն անց 50 րոպեին, երբ 10 րոպեից պիտի աշխատանքային ժամն ավարտվի, գալիս են պահանջված թղթերը բանկից, բայց թերի: Աղայան Հրանուշը իմ ներկայությամբ զանգահարում է բանկ, թե ինչի մոնիտորինգի արդյունքները չեք ուղարկել, էնտեղից պատասխանում են, թե՝ վա~յ, գիտեք, մոռացել ենք, չենք նկատել, մնացել է սեղանի վրա: Մի հատ գրություն ուղարկեք, որ էդ թուղթն էլ ուղարկենք: Գրությունը որ գնաց, կնշանակի էլի պիտի 14 օր սպասենք: Արհեստական ձգձգումով, 14-րդ օրը ստացել ենք մոնիտորինգ կոչվածը՝ մատիտով գրված մի թուղթ, որ իբր վարկային գործակալը այցելություն է կատարել իմ խանութ, որը փակ է եղել, եկել է տուն, ընձի տունը չի գտել, իբր քաղաքում չեմ, հարեւաններին հարցրել է, պարզել է, որ ես փախած եմ, չկամ, գործերս վատ է ու էսպիսի վարկաբեկող բաներ»:
Ֆինանսական հաշտարար Փիրուզա Սարգսյանը խնդրել է Արա Շիրոյանից ներկայացնել ապացույցներ, այսպես կոչված հակափաստարկներ բանկի ներկայացրած տեղեկատվության դեմ: Շիրոյանը ներկայացրել է ՙԻնեկոբանկում՚ օգոստոսի 6-ին կատարած մոտ 1մլն դրամի գործարքի ապացույցը, վիճելի շաբաթվա ընթացքում մի քանի պատվիրատուների հետ կնքած 2-3 մլն դրամի գործարքի անդորրագրերը: «Դրան գումարած՝ հարկայինի կվարտալային հաշվետվությունը, սոցի մուծումները, պարզեցված հարկի մուծումները, չեկերը բանկերի, որոնք ապացուցում են, որ ես աշխատել եմ: Դրանք բոլորը ներկայացրել եմ ֆինանսական հաշտարարին,- պատմում է Ա. Շիրոյանը,- Փիրուզա Սարգսյանն էլ, որ էդ ժամանակ հրավիրել էր նաեւ բանկի ներկայացուցչին, իրա խոսքերը կկրկնեմ բառացի, ասեց՝ տղա ջան, մյուս անգամ որ քեզ հարց տամ, ես հնարավորություն կուտամ, ելի դուրս, մի 10 րոպե ծխե, մտածե, նոր արի պատասխանե: Դուք էս ի՞նչ աբսուրդ թղթեր եք ներկայացրել»:
Ի դեպ, 2009 թ. նոյեմբերի 17-ին «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանից Արա Շիրոյանի հարցմանն ի պատասխան, թե ինչու է ինքը ճանաչվել անհուսալի վարկառու, ստացվել է հետեւյալ գրությունը, որ գործարարը 2006 թ. բանկից վերցրած 346 հազար 500 դրամ վարկը մարելիս թույլ է տվել մի շարք խախտումներ: Պրն Գիշյանն իր պատասխանում նշել է, որ պայմանագրային պարտավորությունները չկատարելու փաստի առնչությամբ վարկային գործակալն այցելել է սրահ եւ պարզել, որ «Ա. Շիրոյան» ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցված է: Ստեփան Գիշյանը գրել է նաեւ, որ գործարարին բազմիցս արվել են բանավոր զգուշացումներ, որոնք մնացել են անպատասխան եւ որեւէ արդյունքի չեն հանգեցրել: «Ելնելով վարկային գործակալի կողմից հավաքագրված տեղեկատվությունից եւ հիմք ընդունելով վարկի պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման փաստը` 14.08.2007 թ. ձեր վարկային պարտավորությունները դասակարգվել են որպես անհուսալի»,-նշված է բանկից ստացված պատասխան գրությունում:
17.08.2007 թ. բանկը հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան ընդդեմ «Ա. Շիրոյան» ՍՊԸ-ի` վարկի մարման պահանջով, սակայն դատական նիստը հետաձգվել է, քանի որ Արա Շիրոյանը պարտավորվել է բանկի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարել 5 օրվա ընթացքում: Ըստ այս գրության՝ Արա Շիրոյանը վարկը մարել է 25.09.2007 թ.: Այնինչ գործարարը պնդում է, որ ինքը երբեւէ ժամկետանց վարկ չի ունեցել: Իսկ ինչ վերաբերում է վարկային զեկույցում առկա մարումների վերաբերյալ տեղեկատվության անհամաձայնությանը, ապա Ստեփան Գիշյանից ստացված գրության մեջ նշված է, որ 29.06.2009 թ. գործարարին տրամադրած երկու փաստաթղթերում որեւէ անհամապատասխանություն չկա: «Հիմք ընդունելով վերոշարադրյալը` հարկ ենք համարում նշել, Ձեզ տրամադրված ապառիկ վարկի դասակարգումը որպես անհուսալի ամբողջովին հիմնավորված է, իսկ վարկային զեկույցում եւ Ձեզ 29.06.2009 թ. տրամադրած հաշվից քաղվածքում ներառված տեղեկատվության միջեւ որեւէ հակասություն առկա չէ»,- նշված է պատասխան գրությունում:
«Բանկի բռնած դիրքով կնշանակե, որ ընձի դատել են, ու վճիռս եղել է 5 տարի անընդմեջ գնդակահարություն»
«Ֆինանսական հաշտարար Փիրուզա Սարգսյանն էն ժամանակ, ծանոթանալով բանկից ուղարկված գրություններին, ընձի հարցրեց, թե՝ Արա, ես կուզեմ հասկանամ՝ քու նպատակը ո՞րն է, ես էլ ասի՝ տիկին Սարգսյան, իմ նպատակն էն է, որ ես մաքրվիմ, ես քանի որ ռեգիստրի մեջ մտած եմ որպես անհուսալի վարկառու, ըդիկ հավասար է, օր ես հանցագործ եմ, 12 ամսից 7-ը ամիս ես մուծում չեմ էրել, պետությանը խաբել եմ, ընձի դատ կհասնի: Իսկ բանկի էս բռնած դիրքով կնշանակե, որ ընձի դատել են, ու վճիռս էղել է 5 տարի անընդմեջ գնդակահարություն: Փաստորեն, ես 5 տարի բանկերին մոտենալու իրավունք չունիմ, ուր էրթամ, ընձի դուրս կենեն որպես խալտուրչիկ, խաբեբա»,- ձեռքերն է տարածում գործարարը:
Արա Շիրոյանը բացատրում է, որ նման պիտակավորմամբ ինքն անգամ ապառիկ մեկ հատ աթոռ գնելու հնարավորություն չունի, քանի որ բանկային կառույցների համար անհուսալի վարկառուի համբավ ունի: «Միակ նպատակս է՝ վերականգնել իմ անունը, իրանց հետ բացարձակ այլեւս ցանկություն չունեմ աշխատելու, բայց գոնե հնարավորություն ունենամ այլ բանկերի դիմելու, որ կարողանամ բիզնեսս վերաբացել»,- շեշտում է Ա. Շիրոյանը:
Ֆինանսական հաշտարարը վճիռը կայացնելուց առաջ փորձել է երկու կողմերի համար էլ ձեռնտու մի առաջարկի շուրջ համաձայնություն ստանալ: Որպեսզի Ա. Շիրոյանը հետ վերցնի 364 հազար դրամի գույքային պահանջը, ֆինանսական հաշտարարը բանկի ներկայացուցչին առաջարկել է վերջինիս վարկ տրամադրել, որի կարիքն այդ պահին ունեցել է գործարարը: Եռակողմ բանակցությունը` բանկ, գործարար, ֆինանսական հաշտարար, ընթացել է 2009 թ. նոյեմբերի 28-ին: Բանկից խոստացել են դեկտեմբերի 7-ին պատասխանել ֆինանսական հաշտարարի առաջարկին: Նշված օրը Արա Շիրոյանին հրավիրել են բանկի Գյումրիի մասնաճյուղ եւ հայտնել, որ կարող են տրամադրել 1 մլն դրամ վարկ: Գործարարը համաձայնվել է թե առաջարկվող գումարին, թե տոկոսադրույքներին: Դրանից հետո մասնաճյուղի տնօրեն Ոսկան Զաքարյանն առաջարկել է գնալ Երեւան, ստորագրել հաշտության համաձայնագիրը:
«Հաշտության համաձայնագիրը երեք կետից էր բաղկացած. Բանկն ընդունում է իրա սխալները եւ պարտավորվում է համ Կենտրոնական բանկում, համ «Աքռա Քրեդիտ Ռեփորթինգ»-ում ուղղել իրա տված տվյալները, ընձի վերադասակարգել, այսինքն՝ հանել անհուսալիների ցուցակից: Ես էլ պարտավորվում էի էդ պայմանագրի դիմաց հետ վերցնել հայցս ֆինանսական հաշտարարի մոտից»,- պարզաբանում է Արա Շիրոյանը: Համաձայնագիրը կողմերը ստորագրել են, եւ գործարարը վստահ, որ 2010 թ. հունվարի 18-ից արդեն հնարավորություն ունի վարկավորվելու համար դիմել նաեւ այլ բանկերի, որոշում է չսպասել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» խնդրած ժամկետի լրանալուն: Դեկտեմբերի 9-ին, հիմք ունենալով ֆինանսական հաշտարարի որոշումը, Արա Շիրոյանը վարկավորման համար դիմում է «Կոնվերս» բանկի Գյումրիի մասնաճյուղ: Այնտեղ, ծանոթանալով որոշմանը, սկզբում համաձայնվում են վարկավորել Շիրոյանին, սակայն մի քանի օր անց՝ դեկտեմբերի 11-ին, մերժում են` պատճառաբանելով, թե Կենտրոնական բանկում վերջինս 25 հազար դրամի պարտք ունի, որը մարված չէ:
«ԱԿԲԱ-ի տված տվյալներով՝ ես 25 հազար դրամ վարկային գիծ եմ բացել, դիմացը 1500 դոլարի գրավ եմ դրել ու...չեմ փակել: Դուք էս տիպի աբսուրդ որեւէ տեղ հանդիպած կա՞ք,- հարցնում է Ա. Շիրոյանը,- էդ 25 հազարը ժամանակին, իրոք, բացվել է, «ԱրմենՏելի» հեռախոսահամար եմ վերցրել ու 2 ամիս շուտ էլ փակել եմ, բայց Կենտրոնական բանկին լրիվ ուրիշ տվյալներ են տված: Ինձ «Կոնվերս» բանկից ասին, թե՝ Արա ջան, սա ուղղի, հարց չկա, մենք քեզի վարկ կուտանք: Գիտե՞ք ամենավիրավորականը որն է էս պատմության մեջ, որ ես դեկտեմբերի 7-ին ստորագրել եմ հաշտության համաձայնագիրը, որով ԱԿԲԱ-ն պիտի իրա տված սխալ տվյալները ուղղի, դրա փոխարեն դեկտեմբերի 9-ին իրանք էս աբսուրդ տվյալն են ուղարկել Կենտրոնական բանկ»:
Հաշտության համաձայնագիրը ստորագրելուց հետո Շիրոյանը հայցը հետ է վերցրել, իսկ վեճի մյուս կողմը ոչ միայն չի կատարել ստանձնած պարտավորությունը, այլեւ վարկաբեկող նոր տվյալներ է ուղարկել Կենտրոնական բանկ: 2010 թ. հունվարի 28-ին Շիրոյանը դիմել է «Աքռա Քրեդիտ Ռեփորթինգ»-ին եւ ստացել զեկույց, որի համաձայն՝ ինքը անհուսալիից վերածվել է հսկվող վարկառուի: Արա Շիրոյանը պնդում է, որ նման ձեւակերպում` հսկվող վարկառու, գոյություն չունի:
«Կենտրոնական բանկի որոշումով վարկերը սահմանվում են ստանդարտ, ոչ ստանդարտ, կասկածելի եւ անհուսալի, հսկվող գոյություն չունի,- ասում է Արա Շիրոյանը,- վարկը հսկվում է էն դեպքում, երբ, ասենք, որեւէ մեկը վարկ է ստացել, փակելու ընթացքում ունեցել է ուշացումներ, այդ դեպքում հսկողություն է սահմանվում վարկառուի վրա, բայց դա իմ վրա չի տարածվում, էս էն դեպքը չէ»:
«Ինչու՞ բանկը ոչ մի կերպ չի ցանկանում ուղղել թույլ տված սխալը» հարցին Արա Շիրոյանը պատասխանում է. «Արեք մի հատ տրամաբանենք, Ձեր կարծիքով՝ էդպես հե՞շտ բան է փոխել 4 տարի առաջ Կենտրոնական բանկին տված հաշվետվությունը: Ո՞վ կանի, մեկը Դուք լինեիք, կանեի՞ք, չէիք անի: Եթե էդ քայլին գնան, դրանով նախ ԱԿԲԱ-ն կխոստովանի, որ խաբել է Կենտրոնական բանկին, հետո էլ առնվազն 4 հոգի աշխատանքից պիտի ազատվեն: Կանե՞ն, չեն անի, ավելի լավ է ընձի զոհ տան, բայց իրանք էլ իմ հարցում են սխալվել, որովհետեւ ես մտադիր եմ ամեն գնով հասնել արդարության»:
Մեկնաբանել