Սյունիքի ամենաակտիվ ՀԿ-ն ինչ-որ մեկի քմահաճույքով զրկված է շենքային պայմաններից
Սախարովի մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Սյունիքի մասնաճյուղը, որ 1997 թ.-ից գործում է Գորիսում, արդեն երկրորդ տարին է` զրկված է շենքային հարմարություններից: Կենտրոնը 2000 թ.-ից գործում էր Ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղի երկհարկանի շենքի 2-րդ հարկում`զբաղեցնելով 3 սենյակ:
Սախարովի իրավապաշտպան կենտրոնի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հավաստմամբ` ստեղծվել էին բոլոր պայմանները աշխատելու եւ գործունեություն ծավալելու: Մեծ սրահի առկայությունն ապահովում էր սեմինարների, ուսուցողական դասընթացների կազմակերպումը մեծաթիվ շահառուների, դպրոցական խմբերի ու ուսանողների համար: Կարողանում էին ըստ պատշաճի ընդունել օտարերկրյա հյուրերին: Իրավաբանը հնարավորություն ուներ ազատ, հանգիստ աշխատելու դիմումատուների հետ: Պարզապես օրերից մի օր, ավելի ճիշտ` 2008 թ.-ի հունվարին, անակնկալ է մատուցվում Սախարովի կենտրոնի աշխատակիցներին: Համալսարանի տնօրինությունը պահանջ է դնում առանց այլեւայլության ազատել տարածքը:
«Մենք մնացինք այդ շենքում մինչեւ 2008 թ.-ը եւ, կարելի է ասել, համարում էինք արդեն մեր հիմնական նստավայրն, ու մտքերովս չէր անցնում, որ կտեղափոխվենք, կամ կառաջարկեն լքել տարածքը,- պատմում է Անդրանիկ Հարությունյանը,- վարձակալ մեզ համարել չէր կարելի, քանի որ վարձ գումարային տեսքով մենք չէինք տալիս: Էլեկտրաէներգիայի վարձն էինք մուծում, շենքի պահակության խնդիրն էինք լուծում: Այսինքն` փոխհամաձայնությամբ օգտվում էինք համալսարանի շենքի ազատ տարածքից: Կրկնում եմ` ազատ, ոչ մի նպատակի չծառայող տարածքից` դրանով պահպանելով այն, վերանորոգելով եւ այլն»:
Արդեն 2 տարի է` Անդրանիկ Հարությունյանն իր փոքրաթիվ աշխատակիցներով գործունեություն է ծավալում սեփական տան փոքրիկ մի սենյակում: Հենց այստեղ էլ ստիպված են ընդունել շահառուներին: Մյուս մտահոգիչ հանգամանքը սեմինարների կամ դասընթացների կազմակերպումն է, որի համար ստիպված են լինում համապատասխան սրահ փնտրել:
Գործունեության 13 տարիների ընթացքում Սախարովի իրավապաշտպան կենտրոնի Սյունիքի մասնաճյուղը հիմնականում իրականացրել է իրավաբանական խորհրդատվություն փախստականների շրջանում: Սյունիքում փախստականների թիվը հասում է 11 հազարի: Հիմնական մասը բնակվում է Կապանում` 4500 փախստական: Գորիսի տարածաշրջանում նրանց թիվը համեմատաբար փոքր է` 1500 մարդ:
«Հիմնական ծրագիրը, որ տարիներ շարունակ կենտրոնը իրականացրել է, վերաբերել է փախստականների խնդիրներին, նրանց ՀՀ քաղաքացիության ընդունմանը,- պարզաբանում է մասնաճյուղի տնօրենը,- կենտրոնը նաեւ լուսավորչական գործունեություն է տանում` մարդու իրավունքների մասին տեղեկատվության տարածում, որն ավելի շատ ուղղված է դպրոցականներին, նրանց իրազեկության աստիճանի բարձրացմանն այս ոլորտում: Նաեւ իրավաբանական ծառայություն ենք մատուցում բնակչությանը:Եթե նկատվում է մարդու իրավունքների խախտում, մեր միջոցով փորձում ենք վերացնել: Ամեն դեպքում անարձագանք որեւէ դեպք չի մնացել: Եթե դիմել են կենտրոն, մշտապես աջակցությունը եղել է` թե խորհրդատվության ձեւով, թե, ասենք, դատական պրոցեսներին մասնակցելու»:
Դատական գործերը, որոնց մասնակցել է կենտրոնը,
հիմնականում վերաբերել են փախստականների իրավունքների պաշտպանությանը: Այդ առումով բազմաթիվ գործեր են եղել հատկապես 2000-2004 թթ.-ին: «Ասենք` սեփականության իրավունքի ոտնահարման փաստ ենք արձանագրել: Հետո շատ էր խնդիրներ ծագում սեփականաշնորհման ժամանակ: Մեր հիմնական գործունեությունը ուղղված է եղել այսպես կոչված նրանց «նատուրալիզացիային», այսինքն` քաղաքացիության ընդունմանը: Մենք օգնել ենք, որ նրանք ընդունեն քաղաքացիությունը եւ հասկանան, թե ինչ տարբերություն կա ՀՀ քաղաքացի լինելու եւ չլինելու միջեւ, կամ ինչ կտա իրենց քաղաքացիության ընդունումը»,-ասում է Անդրանիկ Հարությունյանը:
Հասարակական այս կազմակերպությունը գործունեություն է ծավալում Սյունիքի ողջ տարածքում` մոտ 130 հազարի հասնող բնակչության շրջանում: Սուղ ֆինանսավորման պայմաններում հասնել ծայրամասային համայնքները բավական բարդացել է: Խոսք լինել չի կարող նաեւ նոր, մեծ տարածքի վարձակալման մասին: «Բայց մենք փորձում ենք ամեն դեպքում մեր առջեւ դրած խնդիրն իրականացնել,- տնօրենը ժպտում է,- անգամ ավելին ենք անում: «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություն» եւ «Տարածաշրջանի հասարակական, քաղաքական գործընթացների ժողովրդավարացման տեմպերի արագացման եւ իրավապաշտպան գործունեության ընդլայնման ճանապարհով բնակչության եւ հասարակական, տեղական կազմավորումների քաղաքացիական ակտիվության բարձրացում» ծրագրերն ենք իրականացնում: Հատկապես երկրորդ ծրագիրը ենթադրում է սեմինարների կազմակերպում, ու մենք ամեն անգամ բախվում ենք այդ չարաբաստիկ տարածքի խնդրին: Պարզ է, որ մեծամասշտաբ միջոցառումներ մենք չենք կարող իրականացնել տան պայմաններում, անհնարին է, նաեւ հարմար չէ»:
Ի դեպ, Սախարովի իրավապաշտպան կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի համար խնդիր է ոչ միայն մեծ տարածք ունենալը, այլեւ, որքան էլ տարօրինակ է, լրատվամիջոցների հետ աշխատանքը: «Մենք բաց ենք բոլորի համար,- ասում է մասնաճյուղի տնօրենը,- սակայն տեղական լրատվամիջոցներն այնքան էլ հակված չեն մեզ հետ աշխատելու, լուսաբանումներ անելու: Ցավոք, Սյունիքի ԶԼՄ-ն ունեն որոշակի իշխանամետ ուղղվածություն եւ խուսափոխական դիրքորոշում մեր կենտրոնի նկատմամբ: Հիմա մենք էլ հակված չենք նրանց հրավիրելու, որովհետեւ գիտենք, որ եթե լուսաբանեն էլ, ապա չեն ասելու էն ինչ կա, այսինքն` վախենում ենք, որ փաստերը կխեղեն, դրա համար էլ չենք կանչում: Այս առումով վերջին տարիներին կենտրոն-լրատվամիջոցներ շփումներում մեր պասիվությունն էլ կա: Օրինակ` Գյումրիի մասնաճյուղն այս առումով շատ լավ վիճակում է, որովհետեւ այնտեղի լրատվամիջոցներն էլ ոչ միայն ակտիվ են, այլեւ համարձակ են, կա այլակարծություն ու դա անպայման երեւում է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել