HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյան. «Դուք էլ մի ուզեք էլի աղայավարի ապրել»

Ազգային ժողովում այսօր ուշադրության կենտրոնում դարձյալ լրագրողներն էին: Դահլիճի վերանորոգումից հետո ԶԼՄ-ի աշխատանքը խորհրդարանում դարձել է գրեթե անհնար: Այդ առիթով լրագրողների սենյակ բարձրացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա հավաստիացրեց, որ առաջացած խնդիրները դիտավորյալ չեն արվել, թերությունները կշտկվեն, իսկ հաջորդ քառօրյայում լրագրողները դժգոհելու առիթ չեն ունենա: Լրագրողներին հուզում էր օթյակի ապակիների լինել-չլինելու հարցը, ինչին Հ. Աբրահամյանը պատասխանեց, թե ապակիներով անվտանգության հարց է լուծվում: «Ես ոչ մի նպատակ չունեմ խոչընդոտել ձեր աշխատանքը, հակառակը` պատրաստ եմ ամեն ինչ անել, որ ձեր աշխատանքը լինի արդյունավետ: Ճիշտ է` լրագրողների մի մասը սուբյեկտիվ է գրում, բայց ես նրանց նկատմամբ վատ տրամադրված չեմ»,- ավելացրեց ԱԺ նախագահը: Մինչ դահլիճի վերանորոգումը լրագրողներին թույլատրվում էր մուտք գործել դահլիճ` հետեւելու չորեքշաբթի օրը տեղի ունեցող Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանին: Վերաբացված դահլիճում պարզվեց, որ լրագրողների համար առանձնացված տեղեր չկան, եւ դահլիճ մտնել չեն կարող: Լրագրողներին մտահոգում էր նաեւ պատգամավորներին «բռնացնելու» հարցը, քանի որ օթյակում գտնվող լրագրողներին հարմար չէ անմիջապես հասնել պատգամավորներին: Այս պահանջը Հովիկ Աբրահամյանը համարեց ճոխություն: «Դուք էլ մի ուզեք էլի աղայավարի ապրել: Դուք լրագրող եք, պիտի գնաք, հետեւեք:  Ձեր համար հո չե՞նք կարող միջանցքները կարճացնել»,- ավելացրեց նա: ԱԺ նախագահը ասաց նաեւ, թե լրագրողների համար ԱԺ-ում ստեղծված են առանց խոչընդոտի, աշխատանքային նորմալ պայմաններ: «Հետքը» Հ. Աբրահամյանից հետաքրքրվեց, թե արդյոք լրագրողների աշխատանքները խոչընդոտել չի նշանակում  քառօրյաներից դուրս նրանց ազատ մուտքի արգելքը խորհրդարան: «Խոսում ենք 1999 թ. հոկտեմբերի 27-ի մասին, անվտանգության խնդիրներ գոյութուն ունի: Եթե պատգամավորի հետ հանդիպում է նշանակված, անցաթուղթ է իջեցնում, հանգիստ բարձրանում եք վերեւ, ի՞նչ խնդիր կա»,- պատասխանեց Հ. Աբրահամյանը: ԱԺ նախագահը կարծում է, որ խորհրդարանի անվտանգության կարգը հնարավոր է խախտեն նաեւ լրագրողները: Նշենք, որ վերջերս «Հետքը» պատգամավոր Հեղինե Նաղդալյանի հետ հանդիպում ուներ, սակայն պատգամավորը տեղեկացրել էր, որ չի կարող անցաթուղթ իջեցնել, քանի որ «իր անցաթուղթ իջեցնելու լիմիտը սպառվել է»: «Անցաթուղթ իջեցնելու լիմիտ չկա,- ասաց Հովիկ Աբրահամյանն ու ավելացրեց,- հատուկ ձեզ համար ասում եմ, ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ ձեր աշխատանքը արդյունավետ լինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter