HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արծվաշենցիները 18 տարի է, սպասում են

Այս պահին նախագահական նստավայրի դիմացի մայթին տեղի է ունենում արծվաշենցիների բողոքի ակցիան: 1992 թ. օգոստոսի 8-ին հայրենի գյուղից բռնագաղթած արծվաշենցիները մինչ այժմ բնակարանային շատ վատ պայմաններում են ապրում և պահանջում են բարելավել իրենց վիճակը: Ակցիային մասնակցում է մի քանի տասնյակ արծվաշենցի: Նրանց հսկում է մոտ 20 ոստիկան:

1992 թ. Արծվաշենից գաղթել է 2537 մարդ: Համաձայն «Ռազմական գործողությունների հետևանքով 1992 թ. օգոստոսի 8-ին Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ» տեղեկանքի` 679 արծվաշենցի ընտանիք կա, իսկ նրանց բնակարանային խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցները կազմում են 5926.8 մլն դրամ: Բողոքողի ակցիայի մասնակիցները հավաստիացնում են, որ պետությունն իրենց բնակարանային խնդիրները պետք է սկսեր բարելավել այս տարվա հունվարից, սակայն գործընթացն ամեն ամիս հետաձգվում է, և իրենք այլևս ի վիճակի չեն ապրել նման պայմաններում: Արծվաշենցիներից շատերն այսօր ապրում են Ճամբարակ քաղաքում և Դրախտիկ գյուղում` փայտե կամ կիսաքանդ տներում: Արծվաշենցի Ռուզաննա Մխիթարյանը 92 թ.-ից ապրում է Ճամբարակում` փայտե վթարային տանը: Տանը 5 հոգի է ապրում, այդ թվում` 2 անչափահաս երեխա: Ռուզաննան ասում է, որ տան հատակը փլվել է, և երեխաները կարող են նկուղ ընկնել: «Երբ 92 թվին Արծվաշենը հանձնեցին ադրբեջանիներին, մենք էլ բռնագաղթել ենք, եկել: Ճամբարակի մոլոկանները տեղափոխվեցին իրենց Ռուսաստան, իրենց տներն էլ մենք իրենցից գնեցինք ու մեջը ապրում ենք»,- ասաց Ռուզաննա Մխիթարյանը: Արծվաշենցի Վրեժ Սարգսյանը ևս իր ընտանիքով Ճամբարակում է ապրում: Նրա տունը ևս փայտից է և կիսաքանդ, փլվում է: Վրեժին խոստացել են, որ այդ տունը կվերանորոգեն, բայց այդպես էլ չեն վերանորոգել: Այս ընթացքում ցուցարարների մոտով պատահաբար անցավ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով լսեց նրանց բողոքը և խոստացավ բյուջետային քննարկումների ժամանակ պարզել, թե ինչ պատճառով նախատեսված գումարի մասին որոշումը դեռ չի ընդունվել: Լարիսա Ալավերդյանը «Հետքին» ասաց, որ տարիներ շարունակ չի անդրադարձել արծվաշենցիների բնակարանային խնդիրներին, քանի որ իրեն լուր է հասել, թե այդ խնդիրը պետությունը լուծում է: «Դա առանձնահատուկ խնդիր է: Երևի թե Արծվաշենին նման տեսակով տուժած գյուղ մենք այլևս չունենք, որովհետև Արշվաշենը, լինելով, Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում որպես արեալ, պատկանում էր Խորհրդային Հայաստանին: Երբ 92 թ. ամռանը Մարտակերտի հայտնի դեպքերն են տեղի ունեցել, նույն այդ ժամանակ տեղի է ունեցել Արծվաշենի բռնի տեղահանումը: Քաղաքացիների խնդրի առանձնահատկությունն այն է, որ նրանք փախստական չեն, որովհետև ՀՀ քաղաքացի են ավտոմատ դառնում: Դա նշանակում է, որ այն բոլոր ծրագրերը, որոնք վերաբերվում էին փախստականի կարգավիճակ ունեցողներին, իրենց վրա չեն տարածվում: Այսինքն` դա պետք է պետությունը լուծի իր պետական միջոցներով»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: Ակցիայի մասնակիցներից մի քանիսը մտան նախագահական նստավայր, որտեղ հանդիպեցին նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին, սակայն շատ դժգոհ մնացին հանդիպման արդյունքներից: Արծվաշենցիները շատ էին ցանկանում հանդիպել անձամբ նախագահի հետ, սակայն նախագահականում նրանց դա թույլ չէին տվել: «Ասում է` ձեզ ոչ մի հարցում չենք ընդառաջելու, ձեզ գումար չենք տալու, ձեր տներն էլ սարքելու ենք 2011 թ.-ից հետո: 11 թվին մենք ի վիճակի չենք հասնել, կոտորվում ենք»,- Հովհաննես Հովսեփյանի հետ հանդիպումը ներկայացրեց Դրախտիկ գյուղի բնակիչ Էլմիրա Մելքումյանը: Նա ասաց, որ քանի որ հայաստանցի պաշտոնյաներն իրենց խաբում են, ապա պատրաստ են դիմել Ռուսաստանի դեսպանատանը, որ դեսպանը միջամտի, և իրենք գյուղով անցնեն Ռուսաստան: «Բա կեսս էստեղ ենք մնում, կեսս գնո՞ւմ ենք: Բոլորս գնում ենք Ռուսաստան: Բա եթե մեր հարցը մեր հանրապետություն չի լուծում, մենք ինչի՞ համար ենք էստեղ ապրում»: Արծվաշենցի կինը դիտարկեց նաև թշնամի Ադրբեջան գաղթելու տարբերակը: «Ադրբեջանը դեսպանատուն չունի, թե չէ սպիտակ դրոշը վերցնենք, անցնենք Ադրբեջան»,- ասաց Էլմիրա Մելքումյանը Ադրբեջանի մասին, որի նախագահը գրեթե ամեն օր սպառնում է հարձակվել Հայաստանի և վրա և ոչնչացնել հայերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter