HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանդիպել է Ահմադինեժադին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Իրան կատարած պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, որոնք դեռևս զիջում են բարձր մակարդակով քաղաքական հարաբերություններին։ Տիգրան Սարգսյանը Իրանի նախագահի հետ խոսել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերի մասին։ Մահմուդ Ահմադինեժադն իր հերթին նշել է, որ տնտեսական կապերի որակը քաղաքական հարաբերություններին հասցնելու համար որևէ սահմանափակում չկա, և Իրանը պատրաստ է օժանդակել բոլոր նախաձեռնություններին։ ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Իրանի ղեկավարին` Հայաստան այցելելու վերաբերյալ։ Այցի ժամկետները կհստակեցվեն դիվանագիտական խողովակներով։ Մահմուդ Ահմադինեժադը բարձր է գնահատել Հայաստանի նախագահի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն և խնդրել` ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին փոխանցել իր ամենաջերմ բարեմաղթանքները։ Հայաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրանի ղեկավարությանը հայ համայնքի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի համար։ Զրուցակիցները կարևորել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, բանկային ոլորտում համագործակցությունն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Նշվել է, որ Հայաստանը կարող է կարևոր կամուրջ հանդիսանալ Իրանի և ԱՊՀ երկրների միջև կապերի ամրապնդման համար։ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Իրանի փոխնախագահ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ կայացած հանդիպումները, նշելով, որ համագործակցության բոլոր ոլորտներում կողմերը կարող են հասնել համաձայնության։ Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել երկու կառավարությունների պատասխանատուների անձնական կապերի ամրապնդման համար, որոնք կնպաստեն հայ-իրանական համագործակցության և բարեկամության զարգացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter