HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավիճակը ճգնաժամային է, սակայն անհույս չէ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունը Ոչ պաշտոնական տվյալներով` Հայաստանից Անկախության ժամանակահատվածում, ելնելով բնակչության սոցիալական ծանր վիճակից, երկրում առկա ծայրահեղ բևեռվածության և գործազրկության աճից և բարոյահոգեբանական ծանր իրավիճակից, արտագաղթել է շուրջ մեկ և կես միլիոն  բնակիչ: Եթե մինչև 1994թ. մայիսն արտագաղթը պայմանավորված էր նաև Արցախյան պատերազմով, շրջափակումով և միութենական շուկայի կորստով, որն ինքնին պահանջում եր հստակ պետական մտածված քաղաքականություն, ապա և այդժամ, և դրանից հետո չիրականացվեց նպատակային համալիր քաղաքականություն, որպեսզի կանխվեր մասսայական արտագաղթը: Հակառակը, ստեղծվեց մի հակաժողովրդական համակարգ, որն իր գոյությամբ խթանում է Հայաստանի հայաթափումը: Մեր գնահատականներով` արտագաղթի հիմնական պատճառներից են.
  • սոցիալ-տնտեսկան բարեփոխումների սխալները և հետագա դադարեցումը,
  • տնտեսական կյանքում պետության ինքնաբացարկը,
  • սոցիալական ոլորտի և հասարակական հարաբերությունների թերագնահատումը,
  • կառավարման անարդյունավետությունը, երկրում խանական կառավարման համակարգի հաստատումը,
  • ՀՀ քաղաքացու, Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների սահմանափակումը կամ արգելումը, ազատ ձեռներեցության, մրցակցության խոչընդոտումը, աշխատողների սոցիալական իրավունքների և պաշտպանվածության ոտնահարումը,
  • ներդրումային միջավայր ստեղծելու անընդունակությունը, մենաշնորհային տնտեսության ստեղծումը, մանր և միջին բիզնեսի ոչնչացմանն ուղղված ռեժիմի կողմից տարվող հստակ քաղաքականությունը,
  • քաղաքացու, մարդու համար ապագայի նկատմամբ հույսի, հավատի ոչնչացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը,
  • բարոյական արժեհամակարգի խեղումը և վերացումը,
  • իշխող ռեժիմների կողմից ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի ստեղծումը, և վերջիններիս կողմից ստեղծված օլիգարխների միջոցով հայ մարդու` աշխատավորի, գյուղացու անմարդկային շահագործումը և իրավական անպաշտպանվածությունը։
Իշխող ռեժիմի կողմից մարդկանց արտագաղթի համար նպաստավոր պայմանների ստեղծումը ժողովրդագրական խնդիրներ ունեցող երկրներին` Ռուսաստանի Դաշնությանը և Եվրամիությանը հուշում են, որպեսզի վերջիններս անցնեն  գործնական քայլերի: Աննախադեպ է Ռուսաստանի Դաշնության կողմից «հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում վերջին մի քանի ամսում իրականացվող միգրացիոն քաղաքականությունը հետխորհրդային պետությունների տարածքներում: Նոր միգրացիոն քաղաքականություն իրականացնող երկրներում հեշտությամբ ինտեգրվող, երկրի պետական լեզվին քիչ թե շատ տիրապետող, քրիստոնեա, գործունյա և ձեռներեց հայերը տվյալ երկրների համար իսկական պարգև են: Առանց մեծ աղմուկի, սակայն նպատակային սեմինարների միջոցով, Հայաստանի քաղաքացիներին ծանոթացնելով իրենց երկրում բնակվելու, աշխատելու աննախադեպ լավ պայմանների հետ, Ռուսաստանի Դաշնության  միգրացիոն ծառայությունը իրականացնում է քայլեր, որոնց հետևանքները մոտ ապագայում Հայաստանի համար ճակատագրական կարող են լինել: ՀՀ-ից բնակչության նոր արտագաղթ կազմակերպելուն է միտված նաև հոկտեմբերի 13-ին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ Էրեբունի-Նուբարաշեն համայնքի զբաղվածության կենտրոնում հիմնած Միգրացիոն ռեսուրսի կենտրոնը: Ընդ որում` Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ նախատեսվում է նման կենտրոններ հիմնել նաև Հայաստանի այլ շրջաններում: Նոյեմբերի 1-ից ՀՀ-ից Ֆրանսիա մեկնողների համար հեշտացվել է Ֆրանսիա մուտքի արտոնագիր ստանալու կարգը: Հայաստանում և արտերկրում բնակվող հայությունը, նվիրյալ և կարող ուժերը ի լուր ամենքի, նախ պետք է բարձրաձայնեն սպասվելիք համազգային ժողովրդագրական մեծ աղետի մասին, համատեղ ելքեր փնտրեն և կիրառեն գործնական քայլեր արտագաղթի բուն պատճառները վերացնելու նպատակով և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Հայաստանում ստեղծեն ներգաղթի համար անհրաժեշտ պայմաններ: Իրավիճակը ճգնաժամային է, սակայն անհույս չէ։ Ելքեր միշտ կարելի է գտնել։ Մեր հայրենակիցներին հորդորում և հուսադրում ենք, որ մենք վճռական ենք տրամադրված և կասկած չունենք, որ  համատեղ, համաժողովրդական պայքարի արդյունքում, գործադրելով կամք և նվիրում հնարավոր է շտկել իրավիճակը և վերացնել արտագաղթին նպաստող հանցավոր համակարգը և կերտել Հայաստան, որտեղ կուզենան ապրեն բոլոր հայերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter