HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գնահատողներն իրականում հրաժարվում են

«Ֆիրդուսի» տոնավաճառն ու հարակից տարածքները ճանաչվել են իրացման գոտի: Տոնավաճառի հարեւանությամբ ապրող Վարյա Սաֆարյանն այստեղ ունի սեփական տուն եւ հողամաս: Հողամասում Վ.Սաֆարյանը կառուցել է 230 քմ շվաքարան, որն էլ օգտագործում է առեւտրային նպատակով: Տարիներ շարունակ Վ. Սաֆարյանը դիմել է տարբեր գերատեսչություններին, որպեսզի շվաքարանը սեփականաշնորհվի, սակայն միշտ մերժել են: Դատարանները նույնպես չեն ճանաչել շվաքարանի նկատմամբ սեփականության իրավունքը: Գործը հասել է Եվրադատարան: Շինությունը եւ դրանով զբաղեցված հողամասը, առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունը հաշվի առնելով, գնահատելու խնդրանքով Վարյա Սաֆարյանի դուստրը` Անահիտ Սաֆարյանը, դիմել է գույքի գնահատման լիցենզիա ունեցող 7 գործակալությունների`«Դեմարկո», «Օրրան», «Մ եւ Մ», «Արթին էնթրփրայս», «Կալորիա», «Էքսպերտ ՍՎՍ» եւ «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ներին: Թվարկված ընկերություններից ոչ մեկը չի համաձայնվել գնահատում կատարել իրացման գոտում: «Հետքը» նույնպես փորձեց հիշյալ ՍՊԸ-ներից պարզաբանումներ ստանալ: Սակայն 7 ընկերություններից ընդամենը երկուսը պատասխանեցին մեր հեռախոսազանգերին: «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ի գույքի գնահատման մասնագետ Վիգեն Ղարիբյանը «Հետքի» հետ զրույցում նախ ասաց, որ այդ տարածքում իրենք չեն գնահատում, իսկ երբ հարցրինք, թե ինչու, խոսքը խմբագրեց. «Չենք գնահատել»: Նա ասաց, որ եթե քաղաքացին դիմի իրենց, ապա այդ տարածքի գույքի գնահատում կանեն: Երբ ներկայացրինք Անահիտ Սաֆարյանի խոսքը, թե ինքն անձամբ է զանգահարել ընկերություն եւ խնդրել, որպեսզի իր գույքը գնահատվի, սակայն մերժում է ստացել, Վ.Ղարիբյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ եւ այդ հարցով դիմենք տնօրենին: Սակայն «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Արա Ադուրյանը զբաղված էր` մեր հեռախոսազանգին պատասխանելու համար: «Իսկ, եթե քաղաքացին մոտենա ձեզ, դուք կգնա՞ք գնահատելու քաղաքացու գույքը»,- հարցին ի պատասխան էլ Վ.Ղազարյանն ասաց, թե «անձամբ ես չեմ անում, իմ տնօրենի կարգադրություններն եմ անում»: Անահիտ Սաֆարյանը մեզ ներկայացրել է ձայնագրություն, որտեղ պարզ լսվում է, թե ինչպես է «Դեմարկո» ՍՊԸ-ի մասնագետը խուսափում իրացման գոտում գտնվող գույքի գնահատման առաջարկից: «Մենք իրացման գոտու գնահատելու փորձ չունենք: Դե, իրացման գոտու գույքը տարբերվում է այլ գույքերից»,- ասում է մասնագետը: Ա.Սաֆարյանն առաջարկել է, որ իր գույքը գնահատվի սովորական չափորոշիչներով, սակայն աշխատակիցը դարձյալ պնդել է, որ իրացման գույքը տարբերվում է: «Հետքը» նույնպես զանգահարեց «Դեմարկո» ՍՊԸ: Գնահատող մասնագետ Անդրանիկ Գյոզալյանն ասաց, որ իրացման գոտում գույքի գնահատում չեն արել եւ իրացման գոտու գնահատման փորձ չունեն: Ա.Գյոզալյանը նշեց, որ այդ տարածքում գնահատման առիթ էլ չի եղել: Ըստ նրա, եթե քաղաքացին իրենց դիմի, կարիքի դեպքում գնահատում կանեն: Ինչ վերաբերում է Անահիտ Սաֆարյանի գույքի գնահատումից հրաժարվելուն, Անդրանիկ Գյոզալյանը զարմացավ, որ նման բան եղել է: «Մեր գործունեության բնույթը դա է, կոպիտ ասած` բիզնես է, այդ գործով ենք զբաղվում: Դժվար թե որեւէ մեկը մեզ դիմեր ու մենք հրաժարվեինք գումար վաստակելուց ու պարապ նստեինք այստեղ: Ինչ-որ մի բան ճիշտ չի հասկացել ինքը, մեր կողմից նման մեկնաբանություն չէր կարող լիներ»,- ավելացրեց Ա.Գյոզալյանը: Մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում  «Էսպերտ ՍՎՍ» ՍՊԸ-ից: Անահիտ Սաֆարյանի ներկայացրած ձայնագրության մեջ դարձյալ լսվում է, որ մասնագետը հրաժարվում է գնահատում իրականացնել` հատուկ նշելով, որ իրացման գոտին «խնդիրներ առաջացնող տեղ է»: «Ճիշտ գրենք, սխալ գրենք, ոնց անենք` ինչքան էլ իրականությունից չխուսափենք, գնահատողը, փորձագետը խնդիրներ է ունենալու դատախազության հետ, նրա հետ, մյուսի հետ: Դուք տեղում ձեր հարցերը կարգավորեք` ճիշտը դա է»,- պարզաբանում է ընկերության աշխատակիցը: «Այսինքն` Դուք խուսափում ե՞ք»,- հարցնում է Ա.Սաֆարյանը: «Հա, հա»,- պատասխանում է ընկերության աշխատակիցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter