Անցկացվում է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողով
Հոկտեմբերի 25-29-ը Երևանում անցկացվում է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով:
Համաժողովի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում` 22 երկրից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Վրաստան, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա, Ֆրանսիա) ժամանած 130 պատվիակի մասնակցությամբ:
Համաժողովի աշխատանքներին կմասնակցի ԱՊՀ և Բալթյան երկրների հեղինակավոր ԶԼՄ-ների շուրջ 40 ներկայացուցիչ, որոնք այդ օրերին ոչ միայն կլուսաբանեն երևանյան համաժողովը, այլև կմասնակցեն «Արարատի փեշերին» խորագրով լրատվամիջոցների աշնանային դպրոցին:
Հոկտեմբերի 27-28-ին կկազմակերպվեն երկօրյա կլոր սեղաններ, որոնց շրջանակներում կքննարկվեն «Միջազգային թարգմանական նախագծերի ֆինանսավորման համակարգի ստեղծումը», «Թարգմանիչների (www.twunion.org) կայքը որպես գրական վիրտուալ գործակալ և հեղինակային իրավունքի խնդիրները համացանցում», «Գովազդի զարգացման ուղիներն ու թարգմանական գրականության տարածումը ԶԼՄ-ներով», «Գրքի աջակցության մասին դեկլարացիա» թեմաները:
Հոկտեմբերի 29-ին ՀՀ մշակույթի նախարարությունում նախարար Հասմիկ Պողոսյանին կհանձնվեն Հայաստանի, հայ մշակույթի ու արվեստի գործիչների մասին նկարահանված ֆիլմերը, որոնք նկարահանել է «Կուլտուրա» հեռուստաընկերությունը:
Համաժողովի շրջանակներում ՀՀ բուհերի ուսանողների համար կկազմակերպվեն հանդիպումներ գրողների, թարգմանիչների, լրագրողների, առաջատար հեռուստաընկերությունների և հաղորդաշարերի հեղինակների հետ, կանցկացվեն վարպետության դասեր:
Երևանյան համաժողովի օրերին արտերկրից ժամանած պատվիրակությունները կայցելեն նաև ՀՀ մարզեր, կծանոթանան Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, հայկական մշակույթին, ազգային երաժշտարվեստի լավագույն նմուշներին ու կատարողական արվեստին:
Համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 25-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում բացվեց գրքի միջազգային ցուցահանդես, որին ներկայացված էին շուրջ 50 հրատարակչություն ու պարբերական հրատարակություն: «Գրքի ցուցահանդեսն իբրև տեղեկատվական տարածք` ի նպաստ թարգմանական գրականության զարգացման» խորագրի ներքո անցկացվեց գրքերի շուրջ 30 շնորհանդես, ներկայացվեցին գրահրատարակչական նորություններ, իրենց գրքերը համատեղ ներկայացրին հեղինակներն ու թարգմանիչները:
Համաժողովն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո և ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի աջակցությամբ: Համաժողովի ծրագիրն իրականացնում են «ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչներ» ՀԿ-ն և Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը: Համաժողովին աջակցում է նաև «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել