HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային փորձագետների կարծիքով՝ ՏՄՊՊՀ լիազորությունները պետք է ընդլայնել

Տնտեսական միցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հրավերով Հայաստան են ժամանել միջազգային փորձագետներ` Գերմանիայի դաշնային հանրապետությունից և Լիտվայի հանրապետությունից: 

Այսօր կայացած քննարկման ընթացքում միջազգային փորձագետները Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև պետական գերատեսչությունների ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ քննարկել են տնտեսական մրցակցության խնդիրներին առնչվող հարցեր: 

Միջոցառման ընթացքում ծավալվել է քննարկում՝ ՀՀ ՏՄՊՊՀ լիազորությունների հետ կապված: Տեղեկացնենք, որ ԱԺ ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագծով նախատեսվում էր ընդլայնել Հանձնաժողովի լիազորությունների շրջանակը: Մասնավորապես, Հանձնաժողովի դիտարկմամբ կարևոր է հատկապես տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու լիազորություն ունենալը, որը սակայն չընդունվեց ԱԺ մեծամասնության կողմից այն մեկնաբանությամբ, որ նման ստուգումների լիազորությամբ օժտված է Պետական եկամուտների կոմիտեն և անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն տրամադրել Հանձնաժողովին: 

Խնդրի վերաբերյալ իր տեսակետը և միջազգային փորձն է ներկայացրել միջազգային փորձագետ Կուրտ Շտոքմանը, ով նաև երկար տարիներ զբաղեցրել է Գերմանիայի հակամենաշնորհային գրասենյակի փոխնախագահի պաշտոնը: Նա նշեց, որ ստուգումներ անցկացնելու լիազորությունը տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովներում խիստ կարևոր է: Փորձագետը հատուկ ընդգծել է, որ իրենց ձեռքի տակ ունեցած տեղեկատվությունն իրենք չեն փոխանցում ոչ մի պետական գերատեսչության, այդ թվում նաև հարկային ծառայությանը և այս կամ այն տնտեսվարողի կողմից օրենքի հնարավոր խախտումների դեպքում ստուգումները կատարում է հենց Հանձնաժողովը: 

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ապրանքային շուկաներում նկատվող գնաճի դեպքում Հանձնաժողովի դերին: Կ. Շտոքմանը ընդգծել է, որ Հանձնաժողովը գները կարգավորող մարմին չէ և գների բարձրացման դեպքում կարող է միջամտել միայն այն ժամանակ, եթե կան հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող սուբյեկտի կողմից դիրքի չարաշահման հետ կապված խնդիրներ: 

Անդրադարձ է եղել նաև լրատվամիջոցներում հաճախ լուսաբանվող խնդրին` կապված Հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունների և վարույթների ժամկետների հետ: Խնդրի առնչությամբ Կ. Շտոքմանը նշել է, որ իրենք ժամկետների սահմանափակման խնդիր չունեն, որովհետև լինում են դեպքեր, երբ տվյալ գործի լիարժեք ուսումնասիրության համար բավականին երկար ժամանակ է պահանջվում: Որպես օրինակ նա առանձնացրել է հակամրցակցային համաձայնության մի դեպք՝ ցեմենտի շուկայում, որի ուսումնասիրությունը տևել է մեկուկես տարի:   

Հանձնաժաղովի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ քննարկումը կազմակերպել էր «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ (Twinning) ծրագրի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter