Ո՞ւր ես, պետություն
Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը
Հայաստանում ամիսներ ի վեր մոլեգնում է գների համատարած աճը, որի դեմն առնելուն ուղղված «հակաճգնաժամային ծրագրերը» փաստացի ծիսական բնույթ ունեն: Մեր կուսակցության ախտորոշած, հիվանդության պատճառներն ու տնտեսության առողջացումը մատնանշող քայլերը ՀՀ կառավարությունը չդարձրեց արդյունավետ գործողությունների իրականացում:
Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ներմուծված և հարկադիր որդեգրված նեոլիբերալիզմի սնանկ գաղափարախոսությունն ու պրակտիկան արգելակում են երկրում համակարգային փոփոխությունների իրագործումը: Դրան ավելանում են նաև նեղ կլանային շահերը, որոնք ազատ շուկայական հայաստանյան «դրախտը» մեր ժողովրդի մեծամասնության համար դժոխք դարձրին:
Հաշվի առնելով, որ երկրում կուտակված հիմնահարցերի շարքում առավել կենսական նշանակություն ունեն տնտեսական ու սոցիալական ոլորտների վերակառուցման խնդիրները` տվյալ դեպքում մեր անդրադարձը վերաբերելու է նշված համակարգերին:
Այսպես, այն պատճառով, որ նվազագույնի է հասցված պետության կարգավորիչ դերը, իշխանություններն իրականում անզոր են պայքարել օլիգոպոլիաների, մենաշնորհների, ստվերայնության և կոռուպցիայի դեմ:
Իշխանությունների սնամեջ խոստումները` խղճուկ հավելավճարների տեսքով, ժողովրդի վիճակին դարման չեն: Հակառակը, ճգնաժամի պայմաններում, որքան էլ զավեշտական է, գերհարուստն ավելի է հարստանում, ընչազուրկն` ավելի աղքատանում:
Այս պայմաններում Երևանի կենտրոնում կառուցված «պոտյոմկինյան գյուղը», պերճաշուք առանձնատներն ու զվարճավայրերը, «հրթիռային» ամենօրյա հրավառություններով համեմված «զանգվածային» խրախճանքներն ընդամենը թաքցնում են իրական Հայաստանը` աղքատ, սոցիալական անարդարության ու իրավական ամենաթողության տակ կքած ժողովրդի դեռևս լուռ մեծամասնությանը:
Ժողովրդին պետք չէ մեծահարուստների «բարերարությունը», որի ֆինանսական աղբյուրը ներդրածին ոչ համարժեք գերշահույթն է, վարձու աշխատողին չնչին աշխատավարձ վճարելն է, չհարկված ապրանքների վաճառքն է, պահանջվող մաքսային վճարումներից խուսափելն է, և այլն, և այլն… Այսպիսի «բարեգործության» արդյունքում օր օրի բարձրանում են առաջին անհրաժեշտութան ապրանքների գները: Գողը, ով էլ որ լինի, ինչ «քաղաքակիրթ» ճանապարհով էլ գրպանի ժողովրդին հասանելիքը, պետք է նստի ճաղերի ետևում: Սա է իրավական պետության գործառույթներից կարևորագույնը, որի իրականացման պահանջը մշտապես ներկայացնում է հասարակությունը:
Եւս մեկ անգամ զգուշացնում ենք իշխանություններին` իրավիճակը պահանջում է համակարգային փոփոխությունների ծրագրերի իրականացում: Առաջին հերթին, ինչպես աշխարհում արդեն իրողություն է դարձել` բարձրացնելով պետության կարգավորող և վերահսկող դերը, արդյունավետ օգտագործելով պետական գործառույթները, գոնե գների աճի դեմ, իրականացվեին հետևյալ գործողությունները`
-Ձևավորել պետական պահուստային համապատասխան պաշարներ, ինչի հաշվին, անհրաժեշտության դեպքում (ինչպիսին այսօրվա իրավիճակն է) ապրանքների ինտերվենցիա կատարել շուկայում,
-Երկրի պարենային անվտանգությունն ապահովելու համար գյուղատնտեսությունում կտրուկ շրջադարձ կատարել` ընտրելով տնտեսությունների խոշորացման ճանապարհը: Պետությունը պարտավոր է պայմաններ ստեղծել` խրախուսելով մենատնտեսին ընդգրկվելու կոոպերատիվ միավորումներում` ժամանակակից, բարձր արտադրողականություն ապահովող գյուղատնտեսական համալիրներ ստեղծելու համար:
-Խստագույնս պատժել «ստվերում» գործող, հատկապես խոշոր ձեռնարկատեր-սեփականատերերին, ինչը կլցնի բյուջեն, էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, կխթանի սոցիալական ծրագրերի իրագործումը,
-Օլիգոպոլիաների դեմ պայքարի արդյունավետութան համար ներդնել պրոգրեսիվ հարկի համակարգը` Հայաստանի նման աղքատ երկրում թույլ չտալով որևէ մեկ անձին ստանալու միլիոնավոր դոլարների անվաստակ գերշահույթ:
Դա է սոցիալական արդարության սկզբունքի կիրառման տարրական պահանջը:
Այս և ազգային-պետական անվտանգության եզրեր ունեցող առաջարկներն անտեսելու դեպքում երկրին սպառնում է սոցիալական լարվածություն, որի դրսևորումներն արտահայտվելու են անկանխատեսելի տարբեր ձևերով, ընդհուպ ժողովրդական ընդվզման ալիքի բարձրացում:
Այնպես չլինի, որ ներկա իշխանությունները մեկ անգամ ևս «անսպասելի» ոտքը դնեն նույն փոցխի վրա:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհրդի նախագահ Ա.Սարգսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել