HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղապետի միակ ելքը. «Վերցնել գյուղատնտեսական գործիքները, գնալ դրանց բոլորին սատկացնել ու պրծնել»

Գրիշա Բալասանյան,
Քրիստինե Աղալարյան 

Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակչուհի Լյուդմիլա Բունիաթյանը, չկարողանալով մարել վարկի գումարը, ամուսնու եւ երեխաների հետ մի քանի ամիս է՝ «փախել» է գյուղից: Այժմ նա ապրում է Հրազդանի գյուղերից մեկում: 3 երեխաների մայրը ծայրահեղ քայլի է գնացել, երբ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը նրա գործն ուղարկել է դատարան:

«Հետքը» 3 տարի առաջ նույնպես Շատվանում էր եւ զրուցել էր Լյուդմիլայի հետ: Այն ժամանակ նա որոշել էր զավակ ունենալ, որ պետությունից 4-րդ երեխայի համար ստացած միանվագ 430.000 դրամով փակեր վարկի գումարը: Սակայն պտուղը վիժել էր եւ «սգում» էր ոչ թե այդպես էլ լույս աշխարհ չեկած երեխայի, այլ՝ վարկի գումարը չմարելու համար: Լյուդմիլա Բունիաթյանի ընտանիքը մեկն է այն 8 ընտանիքներից, որոնց վարկերը ժամկետանց են, եւ բանկը դատարանի միջոցով հարկադրում է մարել գումարները:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Շատվանի միավորման նախագահ Արմիկ Մարտիրոսյանը, ով նաեւ գյուղապետի տեղակալն է, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս ամիսներին վարկ փակելու ժամանակն է, եւ եթե այս տարվա կարտոֆիլի բերքը քիչ լինի, ապա այդ 8 ընտանիքների թվին կավելանա եւս 4-ը: Արմիկ Մարտիրոսյանը նույնպես վարկառու է: 6 տարի է՝ վարկ է վերցնում ու չգիտի, թե երբ կազատվի այդ բեռից: Ըստ նրա՝ սկզբնական շրջանում գյուղացիները շատ թե քիչ օգտվել են, բայց վերջին 3 տարում բոլորը «սկել» են:

2 տարի առաջ կարտոֆիլը չէր վաճառվում, իսկ շատվանցիների միակ եկամուտը կարտոֆիլն է: Բացի այդ, դոլարով վերցրած վարկերը մարելու ժամանակ արտարժույթի կուրսը միանգամից բարձրացել է, եւ գյուղացին հայտնվել է բանկի «սեւ ցուցակում»:

Արմիկ Մարտիրոսյանն էլ դատարանի դռները չընկնելու համար խնդրել է 10 համագյուղացու, որպեսզի իրենց գույքը գրավ դնեն ու իր համար վարկ վերցնեն, քանի որ ինքն այլեւս գրավ դնելու բան չի ունեցել: Ներկա պահին 3 հոգու վարկ է մնացել՝ մոտ 6000 դոլար: Նրա բախտը անցյալ տարի բերել է. կարտոֆիլը թանկ է վաճառել եւ կարողացել է վարկերի կեսը մարել: Սակայն արդեն կրճատել է մշակվող հողատարածությունների թիվը: Եթե 2008 թ. 10 հա կարտոֆիլ էր մշակում, ապա 2009-ին՝ 7 հա, իսկ այս տարի՝ 6 հա: «Քիչ-քիչ հողերս կրճատել եմ, որովհետեւ ռիսկի չէի կարող գնալ»,- նշում է գյուղապետի տեղակալը: Այնուամենայնիվ, Արմիկ Մարտիրոսյանը որոշել է այս տարի նորից ռիսկի դիմել եւ վարկով տրակտոր գնել:

Նա սկզբում դիմել է արտոնյալ վարկի համար, սակայն ուշացրել ու չեն տվել: «ԱԿԲԱ» բանկի Վարդենիսի մասնաճյուղից ասել են, թե Կառավարությունը 14 տոկոսանոց վարկերի համար դեռ սուբսիդիա չի տրամադրել: Եթե արտոնյալ վարկը չտան, Ա. Մարտիրոսյանը հերթական անգամ իր բախտը փորձելու է 24 տոկոսանոց վարկերով: Շատվանցիները լսեն են, որ իրենք էլ բարձր լեռնային գյուղ են համարվում, ու վարկերը տրամադրվում են ոչ թե 14, այլ 8 տոկոսով, սակայն գյուղում ոչ ոք մինչ օրս Կառավարության սուբսիդավորմամբ արտոնյալ վարկ չի ստացել: «Ես նման բան չգիտեմ, բանկի գյուղական միավորման նախագահ եմ, բայց ինձ էլ նման բան չեն ասել: Եթե 8 տոկոսի անուն տանք, ընդհանրապես վարկ չեն տա: Հիմա ո՞վ ա 8 տոկոսով վարկ տալիս: Մեզ ասեցին 14 տոկոս, այն էլ՝ սահմանափակ: Մեր գյուղում միայն 24 տոկոսով ենք վարկ ստացել: Նույնիսկ ինձ մեկ տոկոսի արտոնություն չեն տալիս, մինչդեռ իրենց որոշումներով պարտավոր էին դա անել»,- ավելացրեց Ա. Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ քանի որ գյուղացիները «վարկերի տակ են», չեն կարողանում բարելավել իրենց սոցիալ-կենցաղային պայմանները: Գյուղում շատերը նույնիսկ բաղնիք չունեն: Լողանում են խորդանոցներում կամ թոնրատանը՝ տաշտի մեջ նստած:

Տեղակալի խոսքը լրացրեց նաեւ Շատվանի 23 տարվա գյուղապետ Լյովա Աբրահամյանը: Ըստ համայնքապետի՝ ոչ մի փոփոխություն չկա գյուղում, ոչ մեկից ոչ մի օգնություն չեն ստացել, միայն «Վորլդ Վիժընն» է երբեմն «ձեռք պարզում» տարբեր ծրագրերով: «Բանկերը թալանել են մեր ժողովրդին: Գյուղում բոլորն էլ խաբվել են, վերցրել են վարկեր, հիմա էլ տակից դուրս գալ չեն կարողանում: Մարդը կարիքի մեջ է, ուզում է ցանք անի, վերցնում է, բայց որտե՞ղ եք տեսել, որ գյուղատնտեսական վարկը 1 տարով կամ 24 տոկոսով տան: Իրականում հայտարարում են 24 տոկոս, ծառայության վճար են վերցնում, չգիտեմ ինչ բաներ են անում: Էն անգամ փոխվարչապետն էր եկել, հաշվարկն արեցի, դոլարի լողացող կուրսը որ մեյդան գցեցին, 63 տոկոսով վարկ են տվել գյուղացուն»,- ասում է Լ. Աբրահամյանը:

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը գյուղապետին ասել է, որ բանկերը մասնավոր են, իրենք իրավունք չունեն խառնվելու նրանց գործերին: «Ոնց որ փոքր երեխուն խաբեր: Բանկերը մասնավոր են, բայց բոլորը ենթարկվում են ԿԲ-ին: Ընչի՞, կարո՞ղ է Աբրահամյանը չգիտի, որ ՀԲ-ից իրենք 0,3 տոկոսով են գումար բերում, 24 տոկոսով տալիս են գյուղացուն, չեն հանգստանում, ծառայության վճար են ուզում, չգիտես ինչ ղալաթ են անում, 1000 դոլար ստացողից 36 հազար դրամ փող են պահում: Իսկ ո՞վ է ասում, որ էդ տոկոսի մեջ չի մտցված էդ ամեն ինչը»,- հավելեց գյուղապետը:

Լյովա Աբրահամյանի ասելով՝ վարկերից բացի, 2007-ին էլ գյուղացիները տուժել են երկու «սիրունիկ» աղջիկների պատճառով, որոնք եկել են գյուղ եւ իբր ապահովագրել գյուղացիներին: «Խաբել են, գումարներն առել, գնացել են: Դրանից հետո երկրաշարժ է եղել, հեղեղներ, սողանք, գումարն առել ու կորել են»,- ավելացրեց համայնքապետը:

Լ. Աբրահամյանն էլ է վարկ վերցրել` 1 մլն դրամ: 1 մլն դրամի համար 1 մլն 700 հազար փող է վճարել բանկին: Ասում է, որ զղջում է  բանկից վարկ վերցնելու համար, պիտի մասնավորից 5 տոկոսով վերցներ:

Հայաստանի բոլոր սահմանամերձ եւ բարձրլեռնային գյուղերում նույն խնդիրներն են, որոնց մասին գյուղապետերն ու գյուղացիներն արդեն տասնյակ տարիներ բարձրաձայնում են: «Ձայն բարբառո հանապատի. մեզ լսող չկա»,- ասում է Լյովա Աբրահամյանը:

Վերջին տարիներին մի շարք ծրագրեր են իրականացվել գյուղում, սակայն պետությունը չի  մասնակցել այդ ծրագրերին: «Սենց չի լինի, հերիք է»,- ասում է  գյուղապետը եւ ծայրահեղ լուծում առաջարկում` «վերցնել գյուղատնտեսական գործիքները, գնալ դրանց բոլորին սատկացնել ու պրծնել»:

Լյովա Աբրահամյանը մտահոգված է նաեւ արտագաղթով: Ասում է՝ գյուղեր կան՝ ամբողջությամբ դատարկվել են, ինչպես Վերին եւ Ներքին Շորժաները, Ջաղացաձորը, Գեղամաբակը, իսկ Շատվանում 306 ընտանիք է եղել փախստականների գալուց հետո, հիմա մնացել է 258 ընտանիք: Այս գյուղից  արտագաղթի հիմնական հոսքը եղել է 1990-ականների սկզբներին:

Շատվանում ծնելիություն էլ չկա: Եթե անցյալ տարի 105 աշակերտ էր սովորում դպրոցում, ապա այս տարի 95 երեխա է մնացել, իսկ առաջին դասարան հաճախում է 8 հոգի:

Արմիկ Մարտիրոսյանն էլ ավելացրեց, որ գյուղի հիմնական խնդիրը ոռոգման ջուրն է: Գյուղն ընդամենը 3 արտեզյան հոր ունի, եթե պոմպերը փչանում են, իսկ գետի ջուրը՝ նվազում, գյուղացիները մնում են առանց ոռոգման ջրի: Գյուղապետարանը նույնիսկ հաշվարկ չի արել, թե նոր ջրատար անցկացնելու համար որքան գումար է անհրաժեշտ: Արմիկ Մարտիրոսյանն ասում է, որ ծախսերը շատ են, եւ համայնքապետարանն ի վիճակի չէ դրանք հոգալ:

«Մետրը 150 դրամ է էքսկավատորը քանդում, 77 կմ տարածք է, ժողովուրդն էլ ի վիճակի չէ այդքան ջրատար քանդի: Բանկերից չեն կարողանում ազատվեն, որ կարողանան իրենց կարիքները հոգան»,- հավելեց գյուղապետի տեղակալը:

Շատվանում լուրջ խնդիր է նաեւ խմելաջուրը: Ջուր ունի միայն գյուղի մի հատվածը, իսկ 70 տոկոսը զրկված է սեփական տան բակից ջուր խմելու հաճույքից: Ստիպված՝ դույլերով ու ավտոմեքենաներով են ջուր բերում:

Դժվարություններ ունեն նաեւ գյուղի անասնատերերը: Արոտավայրերը քիչ են, գյուղապետը պայմանավորվում է հարեւան Գեղամաբակի իր գործնկերոջ հետ, որպեսզի իրենց արոտավայրերը վարձակալությամբ տան շատվանցիներին, որ կարողանան գոնե անասուն պահել: «Մեկ էլ ժողովուրդը չգիտես որտեղից լսում է, թե վարչապետն ասել է, որ արոտի վարձ չպիտի տան ու ասում են, թե վարձ չենք տալու:

Գեղամաբակի գյուղապետն էլ ասում է, թե պիտի վարձավճարը տաք, մենք էլ ի վիճակի չենք լինում վարձը տանք, անասուններին դաշտից քշում են տուն: 2-3 օր անասունները մնում են գոմում, ընկնում տներից մի քիչ փող ենք հավաքում, վարձը տալիս ենք, նորից դաշտ ենք թողնում անասուններին: Պաշտոնյաներն ավելի լավ է չխոսեն, քան եթերից ինչ-որ բաներ ասեն ու ժողովրդին հուսախաբ անեն»,- եզրափակում է Արմիկ Մարտիրոսյանը եւ հույս հայտնում, որ մյուս անգամ, երբ «Հետքն» այցելի Շատվան, գյուղն ամբողջությամբ ազատված կլինի վարկային բեռից:                           

Մեկնաբանություններ (1)

Արմիկ Մարտիրոսյան
Ընթերցելով Ձեր հրապարակած նյութը, մեծ հիասթափություն եմ ապրում, որովհետև իմ կողմից տրված հարցազրույցը չի համապատասխանում Ձեր հրապարակմանը, առանձնապես ԱԿԲԱ -ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ բանկի մասին գրված տողերը, ես ոչ թե քննադատել եմ բանկին, ինչպես նշված է Ձեր հրապարակման մեջ, այլ իմ շնորհակալությունն եմ հայտնել տվյալ բանկին, որ ընդառաջել է ընդարձակելու իմ գյուղատնտեսական աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter