
Թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 4-ին հրաժարականի դիմում ներկայացրած Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Պողոսյանն իրականում պաշտոնանկ է արվել՝ հարբած վիճակում ոստիկանների հետ վիճելու համար։
Ըստ լավատեղյակ աղբյուրների, 2008-ին դատավոր դարձած 35-ամյա Պողոսյանը հրաժարականից մի քանի օր առաջ ընկերոջ հետ Մարզահամերգային համալիրի դիմաց պպզած «ծխելիս» է եղել, և ոստիկանները, կասկածելով, որ երիտասարդների ծխածը սովորական ծխախոտ չէ, ցանկացել են նրանց տանել ոստիկանություն։
Պողոսյանի մոտ դատավորի վկայական չի եղել, նա սկսել է վիճել ոստիկանների հետ, ինչը շարունակվել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնում։ Երբ հաստատվել է նրա ով լինելը, դեպքի մասին անմիջապես զեկուցվել է Սերժ Սարգսյանին։ Սարգսյանը հրահանգել է Պողոսյանին պաշտոնանկ անել, սակայն դատավորն ինքն է ազատման դիմում ներկայացրել, և հարցը համարվել է փակված։ Մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ վճռաբեկ դատարանից հրաժարվել են այս պատմությունը պաշտոնապես մեկնաբանել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել