HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Առաջին տեղում Աշոցքի տարածաշրջանն է

Եթե Հայաստանի գյուղական համայնքները եւս հնարավորություն ունենային «քույրանալու» կամ «եղբայրանալու» , ապա Շիրակի մարզի Ազատան գյուղի համար Յակուտիայի երկրամասն հենց այդ բաղձալի «քույրն» էր լինելու: Դեռ 90-ականներից «խոպան» գնացող ազատանցիները նախընտրում են հենց այս երկրամասը։ Վերջին տարիներին «խոպանչիների» կանանց բջջայիններում ավելացել են նաեւ Մոսկվայի ու Սախալինի երկրամասի հեռախոսահամարները: Ազատանի համայանքապետ Վարդան Իկիլիկյանի հավաստմամբ, ամեն տարի սեզոնին գյուղից 400- 500 տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի: 5700 բնակչություն ունեցող համայնքի համար նման ցուցանիշն աղետալի չի համարվում, մանավանդ, որ գնացողները Նոր տարուց առաջ վերադառնում են: «Գյուղից ընտանիքներով հեռացողներ վերջին տարիներին չունենք,-ասում է համայնքի ղեկավարը,-մերոնք շատ աշխատասեր են ու կարողանում են իրենց ապրուստը տեղում էլ ստեղծել: Ազատանցիները դրսում հիմնականում շինարարությամբ են զբաղվում, տեղում`բուսաբուծությամբ»: «Միգրացիայի եւ ապաստանի ոլորտում երրորդ երկրների հետ համագործակցութուն» թեմատիկ ծրագրի «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագծի շրջանակներում կազմակերպված պրոմուտուրի ընթացքում լրագրողների խումբը Ազատանում էր: Ծրագրի համակարգող Գալուստ Նանյանը խոստովանեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքներով միգրացիոն հոսքերի առումով մարզում առաջին տեղը գրավում է Աշոցքի տարածաշրջանը եւ սահմանամերձ համայնքները: Այստեղից, եթե հեռանում են, ապա ընտանիքներով: Իսկ Ազատանը հետաքրքրել էր որպես «խոպանչիների» մեծ բանակ ունեցող համայնք: Ինչպես տեղում արդեն հստակեցվեց, գնացողներն այս գյուղից անպայման հետ են վերադառնում: Շիրակի մարզպետարանի սոցապ բաժնի պետ Ռաֆիկ Փոթինյանը մարզի միգրացիոն հոսքերի վերաբերյալ իր վերլուծությունները սկսեց անցյալի հիշողություններով` պնդելով, թե դեռ խորհրդային տարիներից «խոպան» գնալը հայերի հին ու բարի ավանդույթներից է եղել: Սոցիալական վիճակը կապ չունի: Գնում են, որովհետեւ ուզում են գնալ, Ռուսաստանը ձգում է, և գնալը վերածվել է սովորույթի: «Երկու հիմնախնդիր այս 20 տարիների ընթացքում ոչ մի կերպ չի լուծվում Գյումրիում. երկրաշարժի հետեւանքով առաջացած անօթեւանության խնդրի լիակատար վերացումն է դա եւ աշխատատեղերի ստեղծումը, չնայած էսօր պետությունն ամեն ինչ անում է, որ բնակարաններով ապահովի բոլոր անօթեւաններին: Այս առումով առաջընթաց կա: Մեծագույն խնդիրն էլի մնում է աշխատատեղերը,-պարզաբանում է Ռաֆիկ Փոթինյանը,- Տեսեք, 30-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ Գյումրիում երկրաշարժից հետո դադարեցին գոյություն ունենալուց: Վերականգնել դրանք, բերել նախկին մակարդակին, բնականաբար, անհնարին էր: Հիմա մասնավոր սեկտորն է զարգանում: Մեր միակ հույսն էլի շաքարի գործարանն է, որ միանգամից 1000 աշխատատեղ է ապահովելու»: Ըստ Ռ. Փոթինյանի, նպաստի համակարգը, վարձատրվող հասարակական աշխատանքը, մասնավորի ստեղծած թեկուզ փոքրաթիվ աշխատատեղերը լարվածությունը թուլացնելու համար են: «Այս տարի մեր մարզում 71 ծրագիր է իրականցվել, եւ 1000-ից ավելի մարդիկ ժամանակավոր աշխատատեղով են ապահովվել՝ մեկ-երկու ամսով եւ օրական ստացել են 2400 դրամ,-ասում է Ռաֆիկ Փոթինյանը,-քայլեր են ձեռնարկվել, որպեսզի նպաստի չափն ավելացվի եւ հիմա նպաստառու ընտանիքը միջինը 26 հազար դրամ է ստանում»: Մարզում գործազրկությունը 14-16 % է կազմում: Միայն Գյումրի քաղաքում այն կազմում է 17,1 % է ու սա բավական բարձր ցուցանիշ է համարվում: Գյումրիի զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը պրոմուտուրի մասնակից լրագրողներին ներկայացրեց այն ծրագրերը, որոնք իրականացնում է կենտրոնը եւ որոնք միտված են սոցիալական լարվածության թուլացմանը: Կենտրոնը կազմակերպում է վերապրոֆիլավորման դասընթացներ՝ կապված աշխատաշուկայի պահանջարկի հետ: Հիմա պահանջված են սպասարկման ոլորտի, սննդի արդյունաբերության մասնագետներ, հաշվապահներ, վարսահարդարներ եւ այլն: Ներկայում ունեն հաշվառված 10 հազար աշխատանք փնտրող քաղաքացիներ, նրանցից 3864-ն ունեն գործազուրկի կարգավիճակ: Այս տարվա 10 ամիսների վիճակագրական տվյալներով «Շիրակ» օդանավակայանից անվերադարձ մեկնողների թիվը հասել է 20 հազարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter