Մեսրոպ քահանա Արամյան
(մտածելու հրավեր)
Ընդդե՞մ, թե՞ հանուն
Երբ պայքարում ես ինչ-որ բանի դեմ, առնվազն պետք է հասկանաս, թե ինչն ես պաշտպանում: Եթե ջատագովում ես հանուն սրբության, գոնե այդ սրբության հետ կապ ունեցող կամ դա փնտրող մարդ պետք է լինես:
Այլապես քո ջատագովությունից ոչ սրբությունը կշահի, ոչ էլ` դու: Աղանդավորության հիմքը ամբողջական պատկերի տեսողության բացակայությունն է: Իսկ աղանդավորությունը սոսկ կրոնական երեւույթ չէ եւ բնորոշ է մարդկային կյանքի բոլոր կողմերին:
Այս չարորակ երեւույթի ամենածանր դրսեւորումներից մեկը կրթական աղանդավորությունն է, որի մեջ խորասուզված ենք ազգովին` «մերն ուրիշ է» նշանաբանով: Եթե «մերն ուրիշ է», հոգ չէ, թե ուրիշն ինչ է անում, եւ ամենեւին կարիք չկա տեսնելու, թե ինչ է կատարվում աշխարհում:
Ինչպես միշտ, այնպես էլ այժմ մենք արթնանում եւ միավորվում ենք արտաքին վտանգների պարագայում: Այս վերջին ժամանակաշրջանում մի ամբողջ շարժում ձեւավորվեց, եւ մեծ ընդվզման ալիք բարձրացավ ընդդեմ օտարալեզու դպրոցների, բավականին լուրջ մարդիկ յուրահատուկ կերպով սկսեցին ջատագովել հայկական կրթությունը` մահացու վտանգ տեսնելով օտարալեզու կրթության մեջ:
Սակայն ո՞րն է հայկական կրթությունը կամ ընդհանրապես հայկականությունը, եւ հանուն ինչի՞ է այդ պայքարը: Այս հարցերը բաց մնացին:
Ազգայինը` Սրբոց Թարգմանչաց խորհուրդով
Նախ` երբ խոսում ենք ազգային դպրոցի մասին, չորս բան պետք է նկատի ունենանք. ա) լեզուն, բ) բարոյական-արժեքային համակարգը, գ) գիտելիքի բովանդակությունը, դ) աշխարհայացքային առանցքը:
Բաց թողնելով վերջին երեք կետերը, որոնց հետ առնչված կա՛մ ոչինչ չենք արել, կա՛մ ուղղակի փչացրել ենք եղածը` խոսենք հայոց լեզվի դասավանդման մասին:
«Այբ» կրթական հիմնադրամի անցկացրած մրցույթները ցույց են տալիս, որ մեր երեխաների ամենավատ արդյունքները հայոց լեզու առարկայից են: Նրանք չունեն գրելու, խոսելու, զրոյից տարբեր մտքեր արտահայտելու տարրական հմտություններ:
Հայկական կրթություն նախեւառաջ նշանակում է հայերեն լեզվամտածողության ձեւավորում:
Լեզուն հզորագույն հոգեւոր-փիլիսոփայական, մտածելակերպային-ճանաչողական եւ ստեղծագործական-վերլուծական գործիք է եւ ոչ թե քերականական կանոններից ու դասականներից անվերապահորեն կառչելու կամ պարզունակ հաղորդակցության միջոց:
Անգլերենի (ՄԲ-ական AS/A մակարդակ կամ Միջազգային բակալավրիատ համակարգեր) եւ հայերենի դասավանդումների պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ դրանք, ըստ էության, տարբեր բաներ են:
Անգլերենի` բարձրորակ եւ գեղեցիկ ձեւավորմամբ դասագրքերի նպատակն է երեխաներին սովորեցնել քննական մտածողություն, բնագրային վերլուծություն, տրամախոսություն, գրելու արվեստ եւն:
Նայում ես այս տարիների մեր ստեղծած անհրապույր եւ համաշխարհային զարգացումներից դուրս ընկած դասագրքերին, փակվում ես մտածելու եւ սովորելու նկատմամբ:
Խոսում ենք հայկական դպրոցի մասին, ուր ոչնչացվում է հայկականությունը: Ասվածը մի քանի բացառություններով հավասարապես վերաբերում է նաեւ այլ առարկաների դասագրքերին, որ անկախության այս տարիների ընթացքում ստեղծվել են Հայաստանում:
Զարմանում ես` մի՞թե այսպես կարելի է վերաբերվել սեփական սերնդի հետ: Ահա թե ինչի կարող է հանգեցնել համաշխարհային կրթական դաշտից կտրվելը, մեծ պատկերը տեսնելու անկարողությունը եւ ինքնափակ վերարտադրությունը:
Մենք թերեւս միակ ժողովուրդն ենք, որ նվիրականացրել է թարգմանության գաղափարը եւ ունի Սրբոց Թարգմանչաց տոն: Իսկապես, սուրբ Սահակի, սուրբ Մեսրոպի եւ նրանց աշակերտների հոգեւոր սխրանքը մեզ համար դարձավ ինքնության առանցք եւ նոր աշխարհընկալման հիմք:
Ո՞րն է դրա էությունը: Նախ` թագմանությունը համարվել է արվեստների արվեստ եւ աստվածային անեղ իմաստները մարդկանց մեկնելու մեծագույն շնորհ:
Երկրորդ` թարգմանությունը աշխարհի հետ հաղորդ լինելու եւ համաշխարհայինը յուրացնելու ճանապարհ է: Եվ կարեւոր է, որ այս շնչով է ստեղծվել մեր ազգային դպրոցը: Մեր հայրերը խուսափել են կղզիացումից եւ լավագույնին հաղորդ լինելը դարձրել են ազգային գիտակցության հիմք:
«Այբ» հայկական դպրոց
Մենք այսօր կանգնած ենք արդի կյանքին եւ մարտահրավերներին համապատասխան կրթական նոր մշակույթ ստեղծելու հրամայականի առջեւ: «Այբ» հիմնադրամի կողմից 21-րդ դարի հայկական դպրոցի մոդելի մշակումն այդ ուղղությամբ կատարվող բեկումնային քայլերից է:
Ուսումնասիրելով համաշխարհային փորձը` Հայաստան ենք բերել լավագույն կրթական տեխնոլոգիաները (լաբորատորիաներ, մեթոդոլոգիաներ, մշակումներ, մրցույթներ, դասագրքեր)` համադրելով մեկ միասնական պատկերի մեջ:
Մենք շարժվում ենք ոչ թե այս կամ այն համակարգի պատճենահանման ճանապարհով, այլ յուրաքանչյուր համակարգից լավագույնն ընտրելով:
Աշխատելով աշխարհի առաջատար գիտնականների հետ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից, Հարվարդի համալսարանից եւն` մշակել ենք կրթության բովանդակության եզակի նախագիծ:
Այսօր ընթացքի մեջ է աշխարհի լավագույն դասագրքերի հայերեն թարգմանությունը, եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ մշակվել է անգլերենի ուսուցման աննախադեպ ծրագիր, ինչը մեզ հնարավորություն կտա ինտեգրվելու համաշխարհային կրթական դաշտ:
Ընթացքի մեջ է ամենադժվար խնդիրը` հայերենի եւ հայագիտական առարկաների` նոր սերնդի դասագրքերի ստեղծումը:
Հայկական միջազգային դպրոց սփյուռքում
Մեր ժողովրդի երկու երրորդը ապրում է Հայաստանից դուրս, եւ մենք պետք է միասնական կրթական գաղափարախոսություն մշակենք` մեր երիտասարդությանը հայկական դաշտում պահելու համար:
Այսօր հայության ուծացման եւ տարրալուծման տեմպերը հասել են ահռելի մասշտաբի, որովհետեւ մեր սփյուռքահայ դպրոցները փակվում են, իսկ եղածների որակն էլ բարձր չէ:
Եթե անցյալ դարասկզբին հայկական կրթություն ունենալը համարվել է բարձր դասակարգի պատկանելության ցուցանիշ, ապա այսօր այն չունի այդպիսի որակ եւ ձգողականություն: Եվ հայ երիտասարդներն ունեն ավելի լավ հնարավորություն` իրագործվելու օտար բարձրորակ միջավայրերում:
Արդյունքում մենք դիտվում ենք որպես ասելիք չունեցող ժողովուրդ եւ վերածվում պատմական անճարակ հիշողության` բարոյալքելով մեր երիտասարդությանը:
Առանց մրցունակ հայկական դպրոցի` սփյուռքի կյանքի տեւողությունը կարող է լինել շատ կարճ: Բնականաբար, սփյուռքյան իրականության համար պետք է մշակվի համապատասխան հայեցակարգ` ըստ տվյալ երկրի պահանջների եւ միջազգային չափորոշիչների:
Մելգոնյան կրթական հաստատությունը լավագույն օրինակներից է: Լինելով հայկական թեքումով անգլալեզու դպրոց (բացի հայագիտական առարկաներից, բոլոր առարկաները դասավանդվել են անգլերեն)` Մելգոնյանը կարողացել է ապահովել հայերենի ուսուցման այնպիսի որակ, որ Հայաստանի շատ դպրոցներ կնախանձեին ունենալ:
«Այբ» կրթական հիմնադրամը մշակել է Հայաստանում 2011 թ. բացվող «Այբ» հայկական դպրոցի միջազգային մոդելը, որն օրերս քննարկվել է Կիպրոսի կառավարության հետ եւ հավանության արժանացել: Ծրագրվում է «Այբ» դպրոցի` աշխարհով մեկ տարածումը սկսել Կիպրոսից, եւ դրա համար կան կարեւոր նախադրյալներ:
Միջազգային համահայկական դպրոց Հայաստանում
Բնականաբար, մենք չենք կարող սահմանափակվել միայն սփյուռքում հայկական դպրոցներ հիմնելով: Սփյուռքահայ երիտասարդն իր տեղը պետք է ունենա նաեւ Հայաստանում:
Մենք չենք կարող միայն այդ երիտասարդներին կանչել զբոսնելու, ուտել-խմելու, զվարճանալու եւն: Մենք պետք է նրանց առաջարկենք այնպիսի կրթություն, որը կունենա բարձրագույն միջազգային մակարդակ եւ կապահովի հայերենի, հայ գրականության եւ հայոց պատմության որակյալ ուսուցում:
Այստեղ չկա որեւէ վտանգ: Օրինակ` Դիլիջանի միջազգային դպրոցն իր առջեւ դրել է հենց այդպիսի նպատակ` սփյուռքահայ երիտասարդին հայրենիք բերել, հայերեն սովորեցնել եւ հայրենիքի հետ կապել:
Կարծում եմ, որ դա միանգամայն ազնիվ նպատակ է եւ արժանի է աջակցության: Բացի դրանից, մենք չենք կարող պարփակվել ինքներս մեր մեջ, եւ պետք է գիտակցենք, որ աշխարհի մեկ մասն ենք:
Մենք պարտավոր ենք մեր լեզուն ու մշակույթը տարածել օտարների մեջ` մեր բարեկամների ցանց ստեղծելով աշխարհով մեկ: Թե՛ սփյուռքում ստեղծվող «Այբ» միջազգային դպրոցի եւ թե՛ Դիլիջանի միջազգային դպրոցի գաղափարախոսության կարեւոր ուղղություններից մեկն է` օտարներին բերել բարձրակարգ հայկական կրթական միջավայր, նրանց հաղորդակից դարձնել հայկականությանը եւ դրանով հզորացնել մեր ազգի դերն ու ներկայությունը աշխարհում:
Սակայն միշտ պետք է հիշել, որ կրթական միջավայրի նախագծումը նրբագույն խնդիր է: Շատ կարեւոր է, թե ինչ հոգի ու շունչ ես դնում դրա մեջ, ինչ աշխարհայացքային առանցքի շուրջ ես հավաքում քո կրթությունը:
Կարող է բոլոր բաղադրիչները լավ մտադրությամբ համադրես, բայց դրանք միասին չաշխատեն: Կրթությանը մոտենալ որպես բիզնեսի անընդունելի է: Կրթությունը առաքելություն է եւ առաքինություն:
Դպրոցը հասարակական կյանքի ամենահիմնարար հասկացությունն է. դպրոցում է ձեւավորվում մարդը` որպես հասարակության անդամ եւ որպես որոշակի ընդհանրական գիտակցության կրիչ, դպրոցը տվյալ ժողովրդի ժառանգության եւ համամարդկային ձեռքբերումների փոխանցման հանգույցն է, հասարակության պատասխանատվության եւ նվաճումների ներդրման առաջնահերթ օղակը:
Ուստի դպրոցաշինության մեջ հասարակության ներգրավվածության ապահովումը գերխնդիր է: Այլապես ամենալավ դպրոցն անգամ կվերածվի կարկատանի եւ երբեք այդ հասարակությանը չի ծառայի:
Կարծում եմ, որ Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը կարիք ունի լայն հանրային քննարկման: Մինչ այժմ բովանդակային որեւէ քննարկում չի կատարվել:
Անշուշտ, երբ մարդիկ մտածում են միջազգային դպրոց հիմնել Հայաստանում սփյուռքահայ երեխաների համար, վատ չէր լինի, որ նրանք նույնքան հոգածություն ցուցաբերեին Հայաստանի երեխաների նկատմամբ եւ բարձրացնեին հայկական դպրոցի մրցունակությունն ու որակը:
Խոսքս հայկական կրթության մեջ ուղղակի ներդրումների մասին է: Սրանով կստեղծվի առողջ մրցակցային դաշտ, կփարատվեն հայկական կրթությանը սպառնացող կասկածները, եւ հասարակությունը չի պառակտվի էլիտարի եւ ոչ էլիտարի:
Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, ապա դրանց անհրաժեշտությունը չկա, եւ չեմ կարծում, որ Դիլիջանի միջազգային դպրոցի նախաձեռնության հեղինակներն այդպիսի նպատակ են հետապնդել:
Միշտ էլ կարելի է ստեղծել միջազգային հաստատություններ համապատասխան միջպետական պայմանագրերով, առանց դուռ բացելու անկառավարելի եւ անկանխատեսելի երեւույթների ներթափանցման համար:
Պետք է հասկանալ, որ օրենսդրական փոփոխություններ կատարելու եւ դռներ բացելու արդյունքում հնարավորություն է ընձեռվում «լավ տղերքինե կամ աղանդավորներին` «գործ կպցնելե, կրթական դուքան բացել, բազմաթիվ երեխաների խեղել ու կործանել:
Նրանցից շատերի համար խանութ բացելը եւ դպրոցի «գործ դնելը» հավասարազոր բիզնեսներ են:
Ամփոփում
Մենք աշխարհով մեկ սփռված մեկ ժողովուրդ ենք: Ազգային տեսանկյունից չկան սոսկ հայաստանյան եւ սոսկ սփյուռքյան խնդիրներ: Կրթությունն ազգային գոյության առանցքն է:
Բայց երբեք մենք այն չենք քննարկել առավել լայն համազգային համատեքստում: Երբեք չենք փորձել մշակել մեր սփռվածությանը համապատասխան կրթական գաղափարախոսություն եւ իրագործման ծրագիր:
Մենք կարիք ունենք ստեղծելու մեր ազգային կրթության բաձրորակ բրենդը եւ այն տարածելու աշխարհով մեկ: Կրթությունն այն ասպարեզն է, ուր մենք պետք է կենտրոնացնենք մեր ներուժը` մրցունակ սերունդ ապահովելու եւ մեր երեխաներին ուծացումից փրկելու համար:
Ժամանակն է հասկանալու պարզագույն իրողություններ. ազգային, քաղաքական, տնտեսական որեւէ խնդիր լուծում չունի առանց կրթության: Ամեն ինչ սկսվում է կրթությունից եւ վերջանում կրթությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել