HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ալավերդիում հրազենի գործադրմամբ կատարված սպանությունները «խիստ անհանգստացնում են» դատախազին

Հարցազրույց Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հետ Քանի՞ սպանություն է գրանցվել Լոռու մարզում 2010 թ.: Լոռու մարզում 2010-ի անցած ժամանակաշրջանում արձանագրվել է սպանության 4 դեպք, որոնցից մեկը կատարվել է Վանաձորում,  1-ը` Գուգարքի վարչական տարածքում, 2 սպանություն  էլ գրանցվել է Ալավերդիում: Մարզում 2009 թ. գրանցվել է սպանության 6 դեպք եւ 5 փորձ: Ալավերդիում 2009-ին գրանցվել է սպանության 1 դեպք: Ուղղակի Ալավերդու հետ կապված ինձ անհանգստացնողն այն է, որ 3 սպանություններն էլ կատարվել են հրազենի օգտագործմամբ: Ի՞նչ կարող եք հայտնել Ալավերդիում  կատարված վերջին սպանության մասին: Հոկտեմբերի 16-ին, ժամը 20-ի  սահմաններում, Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Շահվերդյանին պատկանող քարի վերամշակման արտադրամասի տարածքում մի խումբ անձանց վիճաբանության ընթացքում արձակված կրակոցներից հրազենային վնասվածքներով Ալավերդու հիվանդանոց է տեղափոխվել եւ կարճ ժամանակ անց մահացել Ռոբերտ Մոսինյանը: Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների առաջին մասերով հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում հայտնաբերվել է հրազեն` 2 հրացան, պարկուճներ, նաեւ` ինքնաձիգից արձակված պարկուճներ, որը հիմք է տալիս եզրակացնելու, որ նաեւ ինքնաձիգից են այնտեղ կրակոցներ արձակվել: Այս պահի դրությամբ ձեռք բերված ապացույցներով` Ռոբերտ Մոսինյանին դիտավորությամբ սպանելու համար որոշում է կայացվել Կամո Շահվերդյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ հայտարարվել է հետախուզում: Ձերբակալվածներ չկան, եւ դա նախաքննության հետ կապված դժվարություն ստեղծող հանգամանք է: Եվ տուժողի կողմնակիցները, եւ այս պահին արդեն մեղադրվող անձի կողմնակիցները` բոլորը բացակայում են իրենց բնակության վայրից: Ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ բոլորին հայտնաբերելու համար: Չե՞ք կարծում, որ դա Ալավերդու իրավապահների վատ աշխատանքի արդյունք է: Ճիշտ է, ես գտնում եմ, որ այս սպանությունները նաեւ տարածքի ոստիկանության բացթողումների արդյունք են, որովհետեւ կանխարգելիչ միջոցառումները պատշաճ չեն կազմակերպվել: Այժմ սպանության դեպքով Ալավերդիում օպերատիվ աշխատանքները ղեկավարում է անձամբ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը: Այն տպավորությունն է, որ Ալավերդիում «պոտենցիալ վտանգավոր» երիտասարդների մոտ զենք կա, մի՞թե հնարավոր չէ դրանք հայտնաբերել: Չի կարելի ասել, թե Ալավերդիում օպերատիվ վիճակը չի վերահսկվում: Սակայն, նորից եմ կրկնում` համեմատելով մարզի մյուս տարածքներում կատարված սպանությունների հետ` Ալավերդիում հրազենի գործադրմամբ  կատարված սպանությունները  ինձ խիստ անհանգստացնում են: Միշտ էլ անօրինական զենքի հայտնաբերումը իմ հսկողության տակ է գտնվել: Տարբեր միջոցառումների ընթացքում էլ առիթը բաց չի թողնվում հանցավոր հեղինակությունների կամ հանցավորության մեջ եղանակ ստեղծող անձանց բնակարաններում խուզարկություն կատարելու: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ ոչ մի ապօրինի զենք ունեցող անձ իր տանը զենք չի պահում: Դա, իհարկե, որեւէ կերպ չի արդարացնում այն հանգամանքը, որ սպանություն կատարած անձանց մոտ մեր կողմից չի հայտնաբերվել ապօրինի զենքը: Տեղյա՞կ եք, որ Ալավերդու Սանահին գյուղական, Ս. Սարահարթ, Հայպետշին, Էնգելս թաղամասերում առանձին քրեական խմբեր կան, որոնք վերջին շրջանում  ակտիվորեն  «մարտնչում» են  քաղաքի քրեական աշխարհի թելադրողը դառնալու համար: Իմ ուսումնասիրություններով` հանցավոր խմբեր Ալավերդիում չեն գործում, Ալավերդիում կան թաղային առանձնահատկություններ, բայց դրանք կլանային հանցավոր խմբեր չեն: Չէ: Իրար մեջ ունեն իրենց տարաձայնությունները: Մեր կողմից դա վեր է լուծվում: Այս օրերին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում  ընթանում է 2009 թ. հուլիսին Ալավերդիում Կարեն Սոխակյանին հրազենով սպանած Սպարտակ Մանուչարյանի դատաքննությունը: Կարեն Սոխակյանի իրավահաջորդը` Սոնա Սոխակյանը, ասաց, որ քրգործի նախաքննությունը  ձգձգվել է, ձգձգվում է նաեւ դատաքննությունը: Ո՞րն է պատճառը: Սպարտակ Մանուչարյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունը, ճիշտ է, մի քանի անգամ օրենքով նախատեսված երկամսյա ժամկետը երկարացվել է: Մամուլի հրապարակումները եւ տուժող կողմի դիմումներն ու ցուցմունքները հիմք հանդիսացան, որպեսզի առանձին քննչական հանձնարարություն ուղարկվի Ռուսաստանի Դաշնություն` կապված այն վարկածի հետ, որ Կարեն Սոխակյանի սպանությունը պատվիրված է եղել: Ցանկանում եմ նշել, որ այդ վարկածով Սպարտակ Մանուչարյանի քրեական գործից անջատվել է մաս, կատարվում է նախաքննություն: Ճիշտ է, 1 ամսից ավելի դատաքննությունը նույնպես հետաձգվում է այն պատճառով, որ Սպարտակ Մանուչարյանը, օգտվելով իր իրավունքներից,  պաշտպաններ է փոխում, եւ դատարանը պարտավոր է ապահովել ամբաստանյալի  իրավունքների իրականացումը: Ասեմ, որ քրգործի մեղադրանքը պաշտպանում եմ ես եւ ավագ դատախազ Մհեր Դավթյանը: Դատաքննությանը իմ մասնակցությունը կապված է այս դեպքի ստացած մեծ հնչեղության հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter