HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի գյուղերում հողի հարկը դժվար է հավաքագրվում

Մերի Սողոմոնյան Սյունիքի մարզի գյուղերում հողի հարկը մեծ դժվարությամբ է հավաքագրվում: Շատ գյուղական համայնքներում նախորդ տարիներից չհավաքագրված հողի հարկերի պատճառով պարտքեր են գոյացել: Համայնքապետերը բազմիցս բարձրաձայնել են, որ հողի հարկը չեն կարողանում հավաքել: Գորիսի տարածաշրջանի` մոտ 3000 բնակիչ ունեցող Շինուհայր գյուղը բացառություն չէ: Գյուղի 743 տնտեսությունից 200-ի բնակիչները արդեն երկար տարիներ երկրից դուրս են գտնվում եւ անմշակ  թողնված հողերի համար հարկ չեն վճարում, որի պատճառով տարիների ընթացքում բավականին մեծ պարտքեր են առաջացել: «15-20 տարի է, ինչ էդ մարդիկ գյուղից բացակայում են, նրանց հողերի վրա ապառքներ են ավելանում, 20-25 մլն դրամի պարտք է գոյացել արդեն: Հողի հարկի հավաքագրման դժվարությունը դրանով է պայմանավորված, իսկ գյուղաբնակներից, թեեւ մեծ դժվարությամբ, բայց կարողանում ենք հավաքագրել»,- ասում է Շինուհայրի համայնքապետ Սմբատ Երեմյանը: Հողի հարկի հավաքագրման արդյունքները գոհացուցիչ չեն նաեւ Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղում: Այստեղ, սակայն, պատճառն այլ է: 110 տնտեսություն ունեցող գյուղի հողատարածքները որպես վարելահողեր չեն ծառայում, դրանց գերակշռող մասն օգտագործվում է անջրդի հացահատիկային մշակաբույսերի ցանքսի համար, իսկ այս տարվա եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բերք չի եղել: «Գյուղացին, երբ որ ցածր եկամուտ է ստանում, դժվարությամբ է կարողանում հողի հարկը վճարել: Այս տարի բերքի վիճակը շատ վատ էր: Եկող տարի պատկերն ավելի վատ կարող է լինել, քանի որ շատ վատ վիճակում է աշնանացանը: Մինչեւ էսօր մեզ մոտ մի կաթիլ անգամ անձրեւ չի եկել, մեծ վտանգ է սպառնում ցանքսերին, եթե այսպես շարունակվի, միանշանակ ծլաչոր կլինեն, եւ բերքի մասին որեւ խոսք չի կարող  լինել»,- նշեց Ույծի համայնքապետ Արտակ Ավետյանը: 80 տնտեսությունից բաղկացած Եղվարդ գյուղում հողի հարկի հավաքագրումը 50%-ը չի գերազանցում: Համայնքապետ Սպարտակ Զաքարյանի փոխանցմամբ` ոռոգման համակարգի բացակայության պատճառով գյուղի հողատարածքների մի մասը չի մշակվում, որոշ հողակտորներում էլ անջրդի ցորեն են ցանում, հողատարածքների մի մասն էլ մահացած մարդկանց է պատկանում, ժառանգորդ եւ տիրություն անող չկա, ուստի եւ հարկ վճարող էլ չկա: Ժամանակին Եղվարդը տարածաշրջանում հայտնի էր իր բանջարաբոստանային կուլտուրաներով, եւ Կապան քաղաքի բնակչությանը բանջարեղենով հիմնականում այս գյուղն էր  ապահովում: «Այստեղ բնակիչները հիմնականում կով, հավ են պահում, հո չե՞նք ասելու` կովդ կամ հավդ մորթի, բեր հողի հարկը վճարի: Գյուղացու հույսը ցորենն էր, որն էլ երկու անգամ կարկտահարվեց, ու մարդիկ եկամուտ համարյա չստացան: Մի կողմից էլ`  տիրազուրկ, անտեր, անմշակ մնացած հողերն են ազդում հարկի ցածր հավաքագրման վրա: Ես 2005-ից պարտքերով եմ ընդունել համակարգը, 4 մլն դրամից մի կերպ պարտքը հասցրել եմ մոտ 1 մլն դրամի: Բացի հողի հարկից` գույքահարկի հավաքագրման հետ կապված էլ հարցեր կան: Կարծում եմ` հարկային դաշտում փոփոխությունների անհրաժեշտություն կա»,- ասում է համայնքապետը: Սյունիքի մարզպետարանից պարբերաբար համայնքապետերին հորդորում են հետեւողական լինել ու հավաքագրման անհրաժեշտ ցուցանիշ ապահովել: Ավելին, այս անգամ մարզպետարանում չբավարարվեցին հորդորներով. անվստահություն հայտնվեց այն համայնքներին, որտեղ եկամտի հավաքագրման ցուցանիշը չի գերազանցում 50%-ը: Ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրություն իրականացնի համայնքներում: Հողի հարկի հավաքագրման առավել ցածր ցուցանիշներ են գրանցվել Սյունիքի մարզի Շիկահող, Վարդանավանք, Բարձրավան, Նժդեհ գյուղական համայնքներում: Նշված համայնքներում հավաքագրման ցուցանիշը չի գերազանցում նախատեսվածի 50%-ը, իսկ Գեղանուշ, Եղվարդ, Ծավ, Հալիձոր, Շինուհայր, Բնունիս, Գորհայք, Սպանդարյան, Վաղատին, Կարճեւան, Շվանիձոր, Տաշտուն համայնքների հողի հարկի հավաքագրման ցուցանիշները չեն գերազանցում 70%-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter