HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Թե ինչու է տնօրենն ուզում ավել «ուտել»

«Թե ես ուրիշ մարդ եմ ընդունել որպես հավաքարար, բռնեք, ես էդ մարդու ավելն ուտեմ»: Նմանօրինակ «երդման տեքստը» «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տեխնոլոգիական եւ կոմունալ նշանակության ձեռնարկության Գյումրու թիվ 2 տեղամասի պետ Արթուր Թովմասյանի հուսահատ փորձն էր` համոզելու հավաքված լրագրողներին, որ ինքն անտեղի կրճատումներ չի կատարել, նոր աշխատակից չի ընդունել, հրահանգ ունեցել է «վերեւից»: Ընկերության աշխատակիցներին դեռեւս հունիսի 1-ին ծանուցագրեր էին բաժանվել, որոնցով տնօրինությունը զգուշացրել էր առաջիկա կրճատումների եւ աշխատանքային պայմանագրերի` ժամկետից շուտ լուծարման մասին: Ընկերության Գյումրու տեղամասի արդեն նախկին աշխատակիցներ, հավաքարարներ Կատյա Եղիազարյանը, Անժիկ Հակոբյանն ու Արեւհատ Ավետիսյանը 6 կրճատվածների թվում են եւ պատրաստվում են, իրենց որակմամբ, անօրինական կրճատման եւ աշխատանքում վերականգնվելու հայցով մտնել դատարան: Նրանց համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է 6-ից 8 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցին կրճատել, իսկ 1 տարվա աշխատողին` պահել: Գյումրու թիվ 2 տեղամասի պետ Արթուր Թովմասյանը կրճատվողների ընտրության հարցում իր դիրքորոշումն ուներ: «Աշխատել են վատ, կարելի է ասել` ընդհանրապես չէին աշխատի, դրա համար էլ ազատել եմ,- բացատրեց Արթուր Թովմասյանը:- Ես իրանց կըսեմ` գնացեք զուգարանները մաքրեք, իրանք ընձի կպատասխանեն, թե շատ գուզես` դու մաքրե: Ըբը ըդիկ պատասխա՞ն է, որ կուտա աշխատողը տնօրենին»: «Ասպարեզ» լրագրողների ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում զուգարանների մաքրման խնդրին նախկին հավաքարարներն անդրադարձան: Պարզվում է` այդ աշխատանքը կատարելու համար Արթուր Թովմասյանն առաջարկել է ամսական աշխատավարձին որպես հավելավճար ընդամենը 750 դրամ: Այնինչ պարզվել է, որ 32 հազար դրամ աշխատավարձին պիտի ավելանար 3000 դրամ: Այս փաստն էլ արձանագրվեց Արթուր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ: Իսկ երբ տնօրենին հայտնեցինք, որ նախկին աշխատակիցները որպես հավելավճար շեշտում են 750 դրամը, վերջինս բողոքող կանանց ստախոսներ անվանեց, ասածներն էլ` հերյուրանք: «Համաձայն 109 հոդվածի` իրանք ծանուցումը ստացել են հունիսի 1-ին, աշխատանքից ազատվել են սեպտեմբերի 10-ին: Իրանք ստացել են իրանց հասանելիք գումարը, վերջնահաշիվն էլ հետը,- պարզաբանեց Արթուր Թովմասյանը:- Մնացածն ինչ կըսեն, սուտ է, զրպարտանք: Թե իբր ես կաշառք կվերցնեմ, թե իբր տուն փոշի, ավել-բան կտանիմ: Ամոթ էլ չեն էնէ: Եթե լավ աշխատող էղնեին, կպահեի»: Մեկ տարվա տնօրեն Արթուր Թովմասյանը որոշել էր ազատվել 8 տարվա «անբարեխիղճ» աշխատողներից, ովքեր չէին ենթարկվել իր սահմանած կարգ ու կանոնին: Իսկ աշխատանքից ազատվածները բոլորովին այլ փաստարկներ ներկայացրին ազատման դրդապատճառների հետ կապված: «Ինքն ընձի կառաջարկեր, որ ես իրան տեղեկություններ բերեի մյուս աշխատողներից,- տնօրենի հետ հարաբերությունների լարվածության վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց Անժիկ Հակոբյանը:- Ես 60 տարեկան եմ, այ ֆողն իմ գլխիս, ես հմի նոր պիտի ծախո՞ղ դառնայի, հա՞: Ջահել վախտս ծախող չեմ եղել, հմի նոր բդի խոսք տանեի-բերեի: Հետո ճիշտն էն է, որ ես իրա գողցած բաները կպարտկեի, հա, ճիշտ կըսեմ, ինչ որ կստանար` ավել է, մաքրելու հեղուկներ էին, փոշի էր, մե մասը տուն կտաներ: Ես էս իմ ձեռովս կտանեի, կդնեի ավտոյի բագաժնիկը: Ըդուր համար էլ առաջնահերթ ուզեց ընձնից ազատվել, արդեն շատ բան գիտեի»: «Ուղղակի շատ կհասկնայինք, ըդուր համար էլ ազատեց»,- հավելեց Կատյա Եղիազարյանը: Արդեն նախկին հավաքարարները երդվեցին, որ իրենց ասածների մեջ ոչ մի զրպարտություն չի հնչել նախկին տնօրենի հասցեին` վկայակոչելով երկնային տիրոջն ու «թե սուտ կխոսիմ, գետինը մտնիմ», «երեխեքիս խերը չտեսնիմ» Գյումրիում տարածված ու հարգի, հավատ ներշնչող երդման տարբերակները: «Ես իմացել եմ, որ Երեւան էլ են կրճատել, դե քուրս ընտեղ կաշխատի, բայց էդ մարդիկ գնացել Շայդուլինին բողոքել են, իրանց սաղին նորից ընդունել են աշխատանքի,- պատմեց Կատյա Եղիազարյանը,- մենք էլ ենք մտադիր բողոքելու, վերջը տուն կպահենք: Եթե էդ մարդը պիտի նոր աշխատող ընդուներ, մեզի ինչի՞ կազատեր` ըսելով, թե կարիք չկա ըդքան հավաքարարի»: Կատյա Եղիազարյանը նաեւ ասաց, որ իրենց պարտադրել են ստորագրել ազատման հրամանագրերը. «Ինքն ըսավ` եթե չստորագրես քու կամքովդ, քեզի զեկուցագրով կազատեմ, համ էլ վերջնահաշվիցդ կզրկվիս: Ես էլ մտածեցի` եթե զեկուցագրով կրճատե, եսիմ ինչեր գրե, թե ինչ պատճառով կազատե, ստիպված ստորագրեցինք»: Ի սկզբանե «Ասպարեզ» ակումբում նախատեսված էր կլոր սեղան քննարկում: Պիտի ներկա լիներ ոչ միայն բողոքող կողմը, այլեւ` տնօրենը: Սակայն վերջինս զանգել եւ հրաժարվել էր քննարկման գալուց` պատճառաբանելով, որ իր անձի անվտանգությունը երաշխավորված չէ, եւ ինքը «հավես չունի էդ թեմայով խոսելու ու պարզաբանումներ տալու»: Լրագրողական խումբը ստիպված էր մեկնել Արթուր Թովմասյանի աշխատավայր, որտեղից նա բացակայում էր, զանգահարել, բանակցություններ վարել եւ 15 րոպե սպասելուց հետո, ի վերջո, հանդիպել կանանցից ահ ու սարսափ ապրող տնօրենի հետ: Թիվ 2 տեղամասի պետը սկզբից եւեթ զգուշացրեց, որ հարցազրույց չի տալու, բայց քանի որ «եկել է մեզի հարգելով», կզրուցի: Եթե շատ ուզենանք պաշտոնական պարզաբանում ստանալ, ապա պիտի դիմենք երեւանյան գլխամասային կառույցի լրատվական ծառայություն: Հարցազրույցից հրաժարվող տնօրենը բավական զրուցասեր դուրս եկավ` նշելով, որ իր նախկին աշխատողներն ընդունակ են ամեն ինչի, եւ ինչ ասել են, սուտ է: Արթուր Թովմասյանն ասաց, որ ինքն անհանգստանալու բան չունի: «Ես էնքան ճիշտ աշխատող մարդ եմ, ընձի պաշտպանելու համար իմ աշխատողներս ստորագրահավաք են էրել, տարել «Գալա», թե ինչ որ ձեզի էդ մարդիկ բողոքել են, սաղ զրպարտություն է: Ես որ ըդքան վատ ղեկավար էղնեի, իմ աշխատողներս ըդպես բան չէին էնե»,- հայտնեց Արթուր Թովմասյանը: Աշխատանքից ազատման որոշումը նախկին հավաքարարները պատրաստվում են վիճարկել դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter