HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տնօրենի կանխատեսումն իրականացավ. նրա գործը մտավ դատարան

Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ֆրունզիկ Գեւորգյանը 3 տարի առաջ «Հետքի» հետ զրույցում մտավախություն էր հայտնել, որ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից վերցրած վարկը չի կարողանա մարել եւ կկանգնի դատարանի առջեւ:

Նույն մտավախությունն ուներ Շատվանի վարկառուների մեծ մասը: 3 տարի անց, երբ «Հետքը» հետաքրքրվեց, թե ինչ փոփոխություն կա շատվանցիների կյանքում՝ արդյոք կարողացե՞լ են ոտքի կանգնել, պարզվեց, որ հոռետեսական կանխատեսումներն իրականություն են դարձել:

Ֆրունզիկ Գեւորգյանը 2009 թ. «ԱԿԲԱ»-ից 3200 դոլար վարկ էր վերցրել, որից մոտ 2000 դոլարն արդեն փակել է՝ չհաշված տոկոսները: Բնակլիմայական վատ պայմանների պատճառով նա չի կարողացել ժամանակին մարել վարկը, եւ 2010 թ. մարտին գործը մտել է դատարան: Տնօրենի տան վրա արգելանք է դրվել, եւ ուշացրած յուրաքանչյուր օրվա համար բանկը հաշվարկում է տույժ՝ 0,1 տոկոսի չափով:

Ֆրունզիկ Գեւորգյանի պատմելով՝ մոտ մեկ տարի է՝ ինքը աշխատավարձի կեսն է տուն տանում, քանի որ ԴԱՀԿ-ի պարտադրմամբ նա եւ վարկի երաշխավորը հարկադրված կարգով ամեն ամիս վճարում են 125.000 դրամ: Ֆրունզիկ Գեւորգյանը զղջում է, որ երբեւէ վարկ է վերցրել, ասում է, որ այլեւս չի վերցնի, քանի որ «ճաշակել է վարկի դառնությունը»:

Ըստ նրա՝ գյուղացին այսօր  պարտադրված է մշակում հողը, քանի որ բերքի, եկամտի ակնկալիք չունի: «Գյուղատնտեսությունն այն բիզնեսը չէ, որ անպայման շահավետ է: Կոնկրետ մեր գյուղում 1 հա հող մշակելու համար գյուղացին մոտ 120.000 դրամ գումար է ներդնում, ու եթե հանկարծ 1 հեկտարից ցորենի մեկ տոննա բերքատվություն ստանա, ահավոր կտուժի: Ես էլ եմ հենց այդ պատճառով տուժել, որ մինչ օրս չեմ կարողանում ոտքի կանգնել: 2 տարի առաջ 30 տոննա կարտոֆիլի արժեքը 1000 դոլար էր, բանկին դա հետաքրքիր չէր, որ գյուղացին ահավոր վնասներ է կրել: Կոնկրետ ես այդքան կարտոֆիլ ունեցել եմ ու վաճառել եմ ընդամենը 1000 դոլարով, այն դեպքում, երբ 30 տոննա կարտոֆիլ ստանալու համար ես 10.000 դոլար գումար էի ծախսել: Գնի իջեցումը բանկի համար երաշխիք չի, իսկ գյուղատնտեսական ապրանքի համար հաստատագրված գին գոյություն չունի»,- ասում է դպրոցի տնօրենը:

Ֆրունզիկ Գեւորգյանն այս տարի մի քանի անգամ կրճատել է նաեւ մշակվող ցանքատարածությունները, ասում է՝ այլեւս սերմացու գնելու հնարավորություն չունի: Իսկ վարկ վերցնելու ռիսկին նորից չի գնա, քանի որ չգիտի՝ իր արտադրանքը կկարողանա՞ այն գնով վաճառել, որ եւ ընտանիքը պահի եւ վարկը փակի:

«1 մլն դրամ վարկ վերցնող գյուղացին տարեկան 240 հազար դրամ տոկոս է տալիս, ինչը չեմ կարող արդարացնել, ինչու՞ պիտի արդարացված լինի: Իմ կարծիքով՝ պետք է միանշանակ սահմանափակում մտցվի: Շուկա է, բանկին գործելու հնարավորություն են տվել, նա էլ իր տոկոսադրույքն է սահմանում: Օրենքի սահմանափակում չկա, սա է խնդիրը, որը պիտի Կառավարությունը անի:

Օրենսդրական դաշտ չկա, դրա անհրաժեշտությունը կա, որ Կառավարությունը միջամտի»,- ավելացրեց Ֆրունզիկ Գեւորգյանը:

Դպրոցի տնօրենի հավաստմամբ՝ այս տարիների ընթացքում իր սոցիալական վիճակը վատացել է: Չնայած դրան՝ նա  խուսափում էր խիստ քննադատել բանկերի վարկային քաղաքականությունը՝ նշելով, որ մեկ է՝ իր ասածի արդյունքում ոչինչ չի փոխվելու: Բայց եւ այնպես, վստահ է, որ 24 տոկոս տոկոսադրույքով վարկերի պարագայում գյուղատնտեսությունը ոչ կդառնա գերակա ճյուղ, ոչ էլ գյուղացին կկարողանա դուրս գալ չքավորությունից:                  

 

  

Մեկնաբանություններ (1)

Անանուն
Հարգելի խմբագրություն խնդրում եմ իմ էլեկտրոնային փոստի հասցեն տվեք Գրիշա Բալասանյանին, ու թող ինքը ինձ այնտեղ գրի իր հեռախոսի համարը, ես իր հետ խոսելու բան ունեմ, որպես տղամարդը տղամարդու հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter