«Հանրապետության նախագահի մրցանակ»-ին արժանացել է 161 անհատ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ «Հանրապետության նախագահի մրցանակ»-ի հիմնման 10-ամյակի կապակցությամբ բացվել է ցուցահանդես: Ներկայացվել են կերպարվեստի բնագավառում անցած տասը տարիներին նախագահի մրցանակին արժանացած աշխատանքները:
«Հանրապետության նախագահի մրցանակ»-ն ամենամյա է և նպատակ ունի արժանիորեն գնահատելու և խրախուսելու մշակույթի, գիտության ոլորտի երիտասարդ ու ավագ սերնդի հայ գործիչներին, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել այդ ոլորտներում: Ցուցահանդեսի շրջանակներում մրցանակակիրները նաև հնարավորություն կունենան վաճառել ներկայացված աշխատանքները:
Մինչ օրս «Հանրապետության նախագահի մրցանակ»-ի է արժանացել ամենատարբեր մասնագիտությունների տեր 161 անհատ` բնական, հումանիտար, տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ֆիզիկայի, բժշկագիտության, արվեստի, գրականության, դասական երաժշտության և այլ ոլորտներում: Մրցանակի հիմնումից ի վեր, ոլորտների թիվն աճել է` հինգից հասնելով տասներկուսի: ՀՀ նախագահի հրամանագրով հիմնված մրցանակների մաս կազմող դրամական պարգևները հատկացնում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամը` հանձին Ժան և Ալբերտ Պողոսյանների:
Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, Հայաստանի նկարիչների միությունում վերոնշյալ միջոցառումը նախաձեռնել է մրցանակաբաշխության կազմակերպման գործընթացն իրականացնող «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել