Ըստ Կիրո Մանոյանի` Բայդենը կոռեկտ չի վարվել
Ըստ «Հետքի» աղբյուրների` երեկ youtube.com կայքում տեղադրված տեսանյութի երիտասարդը, ով խոսում է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, դաշնակցական է: ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Հետքին» ասաց, որ ինքը չի ճանաչել այդ երիտասարդին և որևէ տեղեկություն չունի այն մասին, թե ով է այդ երիտասարդը:
«Armenian Weekly» թերթի խմբագիր Խաչիկ Մուրդայանը «Հետքին» ասաց, որ ամերիկահայ մի երիտասարդ իրենց տեղեկացրել է, որ պատրաստվում է youtube-ում տեղադրել այդ տեսահոլովակը: «Այդ պատճառով մենք առաջինն էինք, որ հրապարակեցինք այն»,- ասաց «Armenian Weekly» թերթի խմբագիր Խաչիկ Մուրադյանը:
Հիշեցնենք, որ տեսանյութում Ջո Բայդենը զրուցում է մի հայազգի երիտասարդի հետ, որին ասում է, որ Սերժ Սարգսյանն ինքն է իրեն` Բայդենին զանգահարել ու խնդրել չնպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, քանի որ հիմա հայ-թուրքական բանակցություններ են ընթանում:
Երեկ նախագահականը պաշտոնապես հերքեց Ջո Բայդենի խոսքերը: «Հայաստանի Հանրապետության նախագահը երբևէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին»,- ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:
Կիրո Մանոյանը վստահ չէ, որ Բայդենը տեղյակ է եղել, որ իր զրույցը նկարահանվում է: «Եթե նույնիսկ իր ասածը ճիշտ էր, իր այդպես ասելը պատահական, անծանոթ մեկին, որ ներկայանում է իբրև հայ, կարծում եմ` կոռեկտ չէր»,- ասաց Կիրո Մանոյանը:
«Հատկապես երեկ` նախագահականի հերքումից և բացատրություններից հետո, կարծում եմ` ավելի շուտ փոխնախագահ Բայդենը ուզեցել է հասկանալ այնպես, ինչպես իրեն ձեռնտու է և ոչ անպայման ճիշտ այնպես, ինչպես արտահայտվել է` չնայած մինչև արձանագրությունների ստորագրունը Հայաստանի իշխանությունները, ներառյալ նախագահ, Ազգային ժողովի նախագահ, արտգործնախարար, այնքան հստակ, ինչքան երեկ նախագահականը ասում էր, որ Ցեղասպանության ճանաչումը չի խոչընդոտի Հայաստան-Թուրքիա բանակցությունները, այդքան հստակ չէին ասել: Ինչ-որ մեկնաբանությունների տեղիք տվող մոտեցունմներով հանդես եկել էին, ինչը կարծես ձեռնտու է եղել Բայդենին, որ հասկանա այնպես, ինչպես ինքը ուզեցել է հասկանալ»,- «Հետքին» ասաց Կիրո Մանոյանը:
Նրա խոսքերով` այժմ` նախագահականի այն հստակ կեցվածքից հետո, որ Ցեղասպանության ճանաչումը պետք չէ պատանդ դարձնել Թուրքիայի հետ բանակցություններին, ժամանակն է, որ Սպիտակ տունը սրբագրի իր սխալը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել