HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Մահացել է կալանավայրում

Վանաձոր քաղաքի բնակիչներ Սվետլանա Կազազյանի և Աստղիկ Աղաբեկյանի նկատմամբ կատարած հանցագործությունների մեղայականով ներկայանալով իրավապահներին` նույն քաղաքի բնակիչ Սլավիկ Ոսկանյանը հոկտեմբերի 7-ին ձերբակալվել էր և դատարանի որոշմամբ տեղափոխվել կալանավայր: Հոկտեմբերի 24-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նրան մահացած են գտել: Ըստ Ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ Վաղինակ Մարտիրոսյանի` մահացածի մարմնի վրա վնասվածքներ, բռնության հետքեր չեն եղել, բանտախցի զննության ժամանակ զենք, որևէ գործիք կամ որևէ կասկածելի առարկա չի հայտնաբերվել: Քննիչը հավատացնում է, որ մեկուսարան տեղափոխվելուց առաջ էլ մեղադրյալը ենթարկվել է արտաքին և դատաբժշկական զննության, և նրա մարմնի վրա նույնիսկ քերծվածք չի եղել: Սլավիկ Ոսկանյանը հիմնական հիվանդություն չի ունեցել: Հոգենյարդաբանական, նարկոլոգիական դիսպանսերներում հաշվառված չի եղել: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Արսեն Բաբայանի` բժշկական նախնական ախտորոշմամբ` Սլավիկ Ոսկանյանը մահացել է թուք ներարկելու հետևանքով առաջացած ձախ ստորին վերջույթի գազային գանգրենայից: Սլավիկ Ոսկանյանին մեղադրանք էր առաջադրվել Սվետլանա Կազազյանի սպանության և Աստղիկ Աղաբեկյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար: Վերջինիս պատճառվել էր միջին ծանրության մարմնական վնասվածք: Քննիչ Վ. Մարտիրոսյանը վերջնականապես հերքեց այն վարկածը, որ Սվետլանա Կազազյանի սպանությունը կապված է նրա որդու` ոստիկանության բաժնի քրեական հետախուզության օպեր-լիազոր Մովսես Իսկանդարյանի անձի և նրա ևործունեության հետ: Քննիչի խոսքով` մեղադրյալը խոստովանել է, որ ինքը չի ճանաչել սպանվածի որդուն, չի իմացել` նա տղա ունի, թե ոչ: Քննիչը Վ. Մարտիրոսյանը նաև նշեց, որ որպես հանցագործության գործիք առգրավվել է մեղադրյալի կողմից մատնանշված դանակը: Վերջինիս ցուցմունքով` և սպանության, և հարձակման ժամանակ ինքն այդ նույն դանակն է գործածել: Բայց քննիչն այն կարծիքին է, որ հանցագործությունները կատարվել են որպես զենք գործածված տարբեր առարկաների գործադրմամբ: Ու դեռ պարզել է պետք` արդյո՞ք սպանությունը հայտնաբերված դանակով է կատարվել, թե ոչ։ Սլավիկ Ոսկանյանը 33 տարեկան էր: Ամուսնացած էր, ուներ չորս երեխա: Նախկինում երեք անգամ դատապարտված է եղել ազատազրկման: Վերջին դատավճիռը` հինգ տարի ժամկետով, նրան տրվել էր 2001թ.-ին. կտրող-ծակող գործիքով բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր պատճառել Վանաձորի անձնագրային բաժնի պետ Լարիսա Քոչարյանին` վերջինիս, սակայն, չզրկելով կյանքից: Սվետլանա Կազազյանի սպանությունը, որ վերագրվում է Սլավիկ Ոսկանյանին, միակ հանցագործությունն է` մահվան ելքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter