Հայ-ղազախական առեւտրաշրջանառությունը բավարար չէ
Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:
Նախարարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է ենթակառուցվածքների, մասնավորապես, տրանսպորտային ոլորտում իրականացվող կարեւոր ծրագրերի մասին: Մ. Վարդանյանը դեսպանին տեղեկացրել է, որ ներկայումս ընթացքի մեջ են «Հյուսիս-հարավ» երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրման համար նախապատրաստական աշխատանքները, որոնք հայկական կողմի առաջարկով իրականացնում է ռուսական ընկերությունը: Զուգահեռ հաջորդ տարի կսկսվեն Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի կառուցման աշխատանքները: Ըստ նախարարի` «Հյուսիս-հարավ» երկաթուղին ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է:
Մ. Վարդանյանը հայտնել է նաեւ, որ շարունակվում են «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շահագրգիռ երկրների եւ ընկերությունների հետ:
Նախարարը տեղեկացրել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրի ընթացքի մասին եւ նշել, որ այն կառուցվելու է փուլերով: Հայտարարված միջազգային բաց մրցույթին հայտեր են ներկայացրել երեք ընկերություններ եւ ներկայումս դրանց փաստաթղթերի գնահատման փուլն է ընթանում:
Այիմդոս Բոզժիգիտովը նշել է, որ տրանսպորտային միջանցքների բացակայության պատճառով երկկողմ առեւտրաշրջանառությունը բավարար չէ: Դեսպանը տեղեկացրել է, որ դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել հայ-ղազախական բիզնես ֆորում, որի ընթացքում կքննարկվեն առեւտրաշրջանառության ծավալների բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել