ՀՀ ԱԱԾ-ն ժխտում է «Հզոր Թուրքիա»-ի` հայ-թուրքական սահմանը հատելու հանգամանքը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչի և փոխնախագահ Բայբարս Օրսեկի կողմից ս.թ. հոկտեմբերի 11-ից տարբեր, այդ թվում էլեկտրոնային լրատվամիջոցներով, հայտարարություններ էին տարածվում, որ իրենք ոտքով անօրինական հատել են ՀՀ պետական սահմանը` նպատակ ունենալով իշխանությունների ուշադրությունը հրավիրել հայ-թուրքական սահմանի բացման խնդրին:
ՀՀ ԱԱԾ և Հայաստանում ՌԴ ԴԱԾ ՍՎ հետ համատեղ ձեռնարկվել էին համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում օտարերկրացիների հայտարարությունները` հայ-թուրքական սահմանը անօրինական հատելու վերաբերյալ չեն հաստատվել:
Ս.թ. հոկտեմբերի 28-ին Թունա Բեքլևիչը և Բայբարս Օրսեկը օրինական ճանապարհով, Բագրատաշենի անցակետով, ժամանել են Հայաստան և հաջորդ օրը «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, Բեքլևիչը վերահաստատել է, որ իրենք հոկտեմբերի 11-ին ոտքով հատել են հայ-թուրքական սահմանը:
Վերոնշված հայտարարությունների առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար ս.թ. հոկտեմբերի 29-ին Թ. Բեքլևիչը և Բ. Օրսեկը հրավիրվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք, ուր հայ- թուրքական սահմանը հատելու վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չկարողացան ներկայացնել:
Թ. Բեքլևիչը և Բ. Օրսեկը նախազգուշացվել են, որ նման վարքագիծը և անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են և նրանց առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել