Կարևոր լրացումներ «Հրամանատարների լռության հետևանքը» հոդվածի վերաբերյալ
Հարություն - Գարեգին աբղ. Հարությունյան, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի նախկին միաբան
Հարգելի խմբագրություն և ընթերցողներ,
Ս. թ. հոկտեմբերի 23-ին «Հետք»-ում և մի քանի այլ լրատվական կայքերում առանց իմ գիտության հրապարակվել է «Հրամանատարների լռության հետևանքը. Ցավալի դրվագ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի նորագույն պատմությունից» հոդվածը, որն իմ կողմից նախապես պատրաստված է եղել գրեթե հինգ տարի առաջ:
Անշուշտ շնորհակալ եմ նման ուշադրության համար, որ անգամ այսքան երկարատև ընդմիջումից հետո նշված գրությունս վերստին տպագրության է արժանանանում:
Այնուամենայնիվ ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայիս հրապարակումը կատարվել է առանց ինձ նախապես զգուշացնելու, հետևաբար նաև առանց իմ կողմից համապատասխան վերանայման: Իբրև լրացուցիչ ճշտում, հարկ եմ համարում Ձեզ փոխանցել հետևյալ կարևոր տեղեկությունները:
Այդ գրությունն առաջին անգամ իմ կողմից իբրև բաց նամակ ուղարկվել էր 2006 թ. փետրվարի 19-ին շուրջ 500 հոգևորականների և միևնույն ժամանակ հանձնվել տարբեր հայկական կազմակերպությունների և լրատվամիջոցների ուշադրությանը: Դրանից հետո ես բազմաթիվ շնորհակալական ուղերձներ եմ ստացել էլ-փոստով և չդադարող հեռախոսազանգերով:
Ինձ եկել էր ընդամենը մեկ քննադատող գրավոր դիտողություն` վեհափառի շատ մտերիմ մարդկանցից մեկի կողմից:
Սակայն այն ժամանակ միայն «Առավոտ» թերթը ստանձնեց գրությանս տպագրումը:
Դա կատարվեց կրճատումներով և մեղմացուցիչ փոփոխություններով, որոնց մասին ես միայն հոդվածիս հրապարակումից հետո իմացա: Ամեն դեպքում, 2006-ի գարնանը գրեթե բոլոր առաջնորդ եպիսկոպոսները ստացել էին տվյալ գրությանս բնօրինակը:
Դրանից քիչ առաջ, կաթողիկոսի կողմից իր միապետության չարաշահման և շատ ուրիշ կարևոր խնդիրների մասին ես երկու ծավալուն նամակներ էի ուղարկել Գարեգին Բ-ին 2005 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամսիներին, երբ դեռ մայրավանքի գործող միաբան էի և դոկտորական թեզիս պատրաստման համար գտնվում էի Մյունսթերի համալսարանում:
Բացի դրանից Մայր Աթոռն ու Գերագույն Հոգևոր Խորհուրդը այդ ժամանակաշրջանում ստացել էին գերմանահայ մի քանի եկեղեցական համայնքների և մեր թեմի սարկավագաց ամբողջական դասի գրավոր դիմումները, որպեսզի ներկայիս վեհափառն ու իր խորհրդականները մեկնաբանեն, թե ինչպես կարելի է «հայրապետական տնօրինությամբ» կարգալույծ հռչակել ծառայասեր և ուսյալ հոգևորականներին:
Գերմանիո հայոց առաջնորդը նույնպես բազմիցս ջանացել էր այս մասին խոսել կաթողիկոսի հետ և բացատրություն ստանալ կատարվող անօրենության վերաբերյալ: Ցավոք, չորս տարի առաջ, Սբ. Էջմիածինն արհամարեց մեր այդ բոլոր հարցումները:
Այստեղ հարկ եմ համարում նշել, որ նաև շատ ուրիշ հոգևորականների և ճեմարանական ուսանողների անհիմն վտարումներից հետո, բազմաթիվ նման դիմումներ ու բողոքներ են հղվել Գարեգին Բ-ին:
Նրան այսպիսի խնդիրների մասին գրել են թե տեղական և թե սփյուռքի տարբեր համայնքերից, թեմական վարչություններից, անհատ բարերարներից ու հավատացյալներից շատերը, սակայն բոլորն էլ առ այսօր անպատասխան են մնացել:
Փաստորեն մեր ազգային արժեքների ու հավատքի պահպանիչ կենտրոն համարվող Մայր Աթոռը նման կարևոր հարցում պարզապես անարգում է իր ժողովրդին:
Հակառակ դրան պետք է սակայն խոստովանել, որ մեր ներկայիս եպիսկոպոսների մեծամասնությունը միշտ էլ համաձայն է եղել այն մտքի հետ, որ հոգևորականներին ու ճեմարանների սաներին պատժելու խնդիրը անհրաժեշտ է բոլորովին այլ, այսինքն` մարդկային ու քրիստոնեավայել ձևով լուծել:
Բայց միևնույն է, մեր առաջնորդներից ոչ մեկը մինչ այժմ չի համարձակվում այս հարցի մասին հրապարակայնորեն որևէ բան ասել կամ ինչ որ մի գործնական քայլ կատարել:
Ուստի չորս տարի ուշացումով Ձեր լուրերում տվյալ հիմնախնդրի վերահրատարակությունն, անձամբ ես ժամանակավրեպ ու անիմաստ եմ համարում, քանի որ մեր եկեղեցու հրամանատարները միևնույն է շարունակելու են լռել:
Նրանցից ոմանք վախենում են վեհափառի հալածանքից, իսկ մյուսներն էլ կարծում են, թե, անկախ տվյալ գահակալի թերի հատկանիշներից և կոպիտ սխալներից, ամենքս պարտավոր ենք հարգել նրա քահանայապետական Սբ. Օծումն ու կուրորեն հնազանդվել իր բոլոր անհասկանալի որոշումներին:
Այսպիսով մենք ինքներս հայ եկեղեցում շարունակում են կենդանի պահել ստալինյան դարաշրջանին բնորոշ «վերամբարձ անձի պաշտամունքը», կամ ավելի ճիշտ կլիներ ասել` կարևոր աթոռ ունեցող մահկանացու մարդուն իբրև կուռք պաշտելու մոլուցքը:
Դժբախտաբար այս շողոքորթ տիպի բարձրաստճան հոգևորականները պարզապես մոռանում են, որ ազգի նվիրատվություններով կրթված և հետո ինչ-ինչ պատճառներով եկեղեցուց վտարվող քահանաները նույնպես մյուռոնով օծված Աստծո սպասավորներ են:
Մենք շարունակում են այդ սրբազան խորհուրդը կրել մեր ճակատներին` հակառակ մի պարզ թղթի կտորի վրա գրված «հայրապետական բարձր տնօրինությամբ» կարգալույծ հռչակվելու հրահանգին, որով մեզ կարծես թե փորձում են ինչ որ մի հետամնաց կոմունիստական հիմնարկից ընդմիշտ հեռացնել:
Շատ մեծ ցավով ու դժվարությամբ կարելի է հաշտվել այն փաստի հետ, որ դեռ ողջ մնացած ազնիվ ու հարգարժան առաջնորդ հայրերը ներկայումս զրկված են իրենց առաքելական հիմք ունեցող իշխանությունից:
Եթե կաթողիկոսի կողմից նրանց արգելվել է անգամ իրենց իսկ թեմերում սեփական նախաձեռնությամբ քահանայական օծում կատարելն, ապա էլ ինչպես կարող են այդ խեղճ մարդիկ իրենց իրավունք վերապահել պաշտպանելու կարգալույծ հռչակվող աքսորյալներիս:
Սա նշանակում է, որ իզուր ենք մենք նրանցից որևէ օգնություն կամ հովանավորություն սպասում, քանի որ իրենք էլ մեր պես կամ մեզանից շատ ավելի տխուր վիճակի մեջ գտնվող թշվառներ են:
Ուրեմն այնպես է ստացվում, որ մեր միակ բժիշկը կարող է ժամանակը լինել: Հավանաբար բոլոր նմանատիպ հարցերը կլուծվեն միայն այն դեպքում, եթե հաջորդ կաթողիկոսական ընտրությունների ժամանակ Հայաստանի կառավարությունը կրկին չմեղանչի Աստծո դեմ, միջամտելով եկեղեցու գործերին, և ամեն գնով նորից չփորձի առաջ մղել իր նախասիրած թեկնածուին:
Հույսով եմ, այդ պարագայում մեր եպիսկոպոս հայրերն ու իրենց թեմական պատգամավորները կկարողանան ազատ խղճով ընտրել իսկապես արժանի և ամենակարևորը` հավատացյալ մի անձնավորության, որը կդառնա մեր տառապյալ ազգի 133-րդ հայրապետն ու պատվով կհովվի իրեն վստահված հոտը:
29 հոկտեմբերի 2010 թ.
ք. Մյունսթեր, Գերմանիա
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել