HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է պատասխանատու օդանավային ուղևորների կյանքի անվտանգության համար

Հոկտեմբերի 23-ին` ժամը 05:15 րոպեին, Czech Airlines CSA–OK 931 երթուղով Երևանից Փրահա-Սթոքհոլմ էի թռչում: Թույլատրվող կշիռով ճամպրուկս հանձնելուց հետո նշված օդանավային ընկերության հերթապահ պարոն Արսեն Սարգսյանը դիմեց ինձ՝ ասելով. «Դուք ձեռքի երկու պայուսակներով օդանավ չեք բարձրանալու (մեկը իմ աշխատանքային համակարգիչն էր, իսկ մյուսի պարունակությունը հիգիենայի անհրաժեշտ իրեր էին, դեղորայք ու փաստաթղթեր)»: Իմ այն բացատրություններից հետո, որ համակարգիչը հատուկ ստուգման ու զննման է ենթարկվում և հանձնելու ենթակա չէ, իսկ երկրորդ փոքր պայուսակը անհրաժեշտ միջոցներ են, նա կրկնեց իր ասածը. «Դուք օդանավ չեք բարձրանա, այդ օրենք է»: Երբ պահանջեցի օրենքը հաստատող փաստաթուղթ, զայրացած ասաց. «Դուք այդ պետք է իմանայիք»: Պրն. Սարգսյանը, հանդիպելով իմ համառությանը, գնաց ու վերադարձավ անգլերեն լեզվով մի գրությամբ, որը հարցի հետ բոլորովին կապ չուներ: Ես պահանջեցի հայոց լեզվով այս հարցին վերաբերվող գրություն, քանզի Հայաստանի պետական լեզուն հայերեն է: Նա ափերից դուրս եկավ` պատասխանելով. «Մենք պարտավոր չենք ձեզ համար թարգմանելու: Հայերենը միջազգային լեզու չէ»: Մեր վեճն ավարտվեց այն բանով, որ «Զվարթնոց» օդանավակայանի առաջին բուժօգնության երկու բուժաշխատողներ չափումներից հետո հաստատեցին, որ իմ արյան ճնշումը հասել է 200-ի անթույլատրելի սահմանին: Այդ պահին անհետացավ պրն. Արսեն Սարգսյանը: Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետ իմ երկու պայուսակներով ուղեկցեցին ինձ օդանավ: Օդանավում տեղս գրավելուց ու մի բաժակ ջուր խմելուց հետո դեռ շնչառությունս չէր կարգավորվել, սկսվեցին չեխերեն, ապա անգլերեն ու ռուսերեն լեզուներով անվտանգության ու թռիչքային ապահովության կանոններն ու միջոցառումները: Սպասարկող անձնակազմը ձեռքերի ու մարմնի շարժումներով մեկնաբանում է անհասկանալի լեզվով կատարվող հույժ կարևոր ապահովության կանոնները: Օդանավը թռչում է Հայաստանից, ուղևորների ճնշող մեծամասնությունը հայեր են, որոնց մեծ մասը օտար լեզուների, հատկապես չեխերենի չի տիրապետում, ուստի հարց է առաջանում. ու՞մ համար են կատարվում այդ ձևական բնույթ կրող անիմաստ ցուցադրումները: Ուղևորներից շատ քչերն են հասկանում, թե որտեղ են գտնվում թթվածին մատակարարող դնչկալները և փրկության ժիլեթները: Չեխական օդանավային ընկերությունը` Czech Airline-ը, և աշխատակիցներն, անվտանգության կանոնները չմեկնաբանելով ուղևորներին հասկանալի լեզվով, կոպտորեն խախտում են միջազգային օդանավային երթևեկության օրենքները և դրանով իսկ վտանգի են ենթարկում ուղևորների կյանքը: Ուստի, դիմում եմ Հայաստանի Հանրապետության համապատասխան իշխանություններին և պահանջում եմ. 1. Հարգելով Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը, որում հաստատված է հայոց լեզուն` որպես պետական լեզու` կարգադրեն, որ Հայաստանից ու դեպի Հայաստան կատարվող բոլոր թռիչքների ընթացքում ներկա լինի հայոց լեզվին կատարյալ տիրապետող սպասարկող անձնակազմի անդամ: 2. Անվտանգության կանոնները անպայման բացատրվեն հայոց լեզվով: Աշխատակիցը պետք է արհեստավարժ լինի և հայոց լեզվով պատասխանի ուղևորների հարցերին: Օդանավի մեջ գտնվող տեղեկատու բրոշյուրները պետք է լինեն հայոց լեզվով: 3. Օտարերկրյա օդանավային ընկերությունների արհամարհանքը հայոց լեզվի և ուղևորների անվտանգության նկատմամբ այն աստիճանի է հասել, որ հայոց լեզուն չօգտագործելու համար անգամ ներողամտություն էլ չեն հայցում, մի բան, որը պահանջում է տարրական էթիկան:
Որպես բողոք` այսուհետև ես և իմ ընտանիքի անդամները չեխական օդային ընկերություններով չենք երթևեկելու, և խորհուրդ եմ տալիս իմ ընկերներին, բարեկամներին ու հայաստանցի իմ հայրենակիցներին, որ իրենց կյանքը վտանգի չենթարկեն և չօգտվեն նշված օդանավային ընկերությունից այնքան ժամանակ, քանի դեռ չեխական և ընդհանրապես օտար օդանավային ընկերությունները չեն ապահովի ուղևորների կյանքի անվտանգությունը:
Եվրամիության հայազգի քաղաքացի Արամայիս Միրզախանյան [email protected]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter