«Նախագահ Սարգսյանը չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի դիտարկումը»
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հաղորդագրություն` մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այն խոսքերը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է իրեն խնդրել չնպաստել Ցեղասպանության ճանաչմանը: Ստորև ներկայացվում է հաղորդագրությունը:
«Փոխնախագահը և նախագահ Սարգսյանը 2009 թ. ապրիլին երկու անգամ խոսել են: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահը ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար, և հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար:
Փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին:
Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլ 24-յան ուղերձի բովանդակության մասին և չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի դիտարկումը:
Ընդհակառակը, փոխնախագահ Բայդենի և նախագահ Սարգսյանի միջև խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել