Հայաստանում բացվեց առաջին սահմանային անասնաբուժական անցակետը
Երեկ Մեղրիում բացվեց սննդամթերքի և կենդանի անասունների ներկրման սահմանային անցակետը: Մեղրու մաքսակետից մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող անցակետը Հայաստանում բացված առաջին սահմանային անասնաբուժական անցակետն է: Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանի և Իրանի միջև կենսանվտանգության մակարդակի բարձրացմանը:
Սահմանային անասնաբուժական անցակետում կիրականացվեն սննդամթերքի, բույսերի, ինչպես նաև անասնաբուժական կարանտինային սահմանային շուրջօրյա ծառայություններ: Ծառայությունները կմատուցի մոտ 26 աշխատող` 3 հերթափոխով: Կառույցը կսկսի գործել անհրաժեշտ սարքավորումներով հագենալուց հետո:
Նախագիծն իրականացվել է «Թռչնագրիպի հակազդման ծրագրի» շրջանակներում է: Մասնաշենքի շինարարական աշխատանքները սկսվել էին դեռևս 2007-ի վերջին և ավարտվեցին այս տարվա կեսերին: Այդ աշխատանքների համար Համաշխարհային բանկը հատկացրել էր 844.500 ԱՄՆ դոլար:
Անցակետի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, այլ պաշտոնյաներ:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել