HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կանցկացվի «Շոպենի տարին» մրցույթ-փառատոնը

Նոյեմբերի 1-11-ը Երևանում կանցկացվի «Շոպենի տարի» երիտասարդ դաշնակահարների Շոպենի անվան հանրապետական մրցույթը, որը նվիրված է լեհ հանճարեղ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ծննդյան 200-ամյակին: Մրցույթը կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Նոյեմբերի 1-ին տասնօրյակում «Շոպենի տարի» խորագրի ներքո Արամ Խաչատրյան համերգասրահում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում համերգային ծրագրերով հանդես կգան հանրապետությունում մեծ ճանաչում վայելող երաժիշտ կատարողները և Հայաստանի պետական երիտասարդական (դիրիժոր` Ռուբեն Ասատրյան) ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) նվագախմբերը: «Շոպենի տարվա» մրցութային մասը կանցկացվի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում 2 փուլով: Մրցույթին կմասնակցի 12 երիտասարդ դաշնակահար Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայից և Ալ.Սպենդիարյանի անվան դպրոցից: Հայաստանում երիտասարդ դաշնակահարների Շոպենի անվան հանրապետական մրցույթի փակումը, մրցանակաբաշխությունն ու դափնեկիրների համերգը տեղի կունենան Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 9-ին: Այդ օրը կցուցադրվի նաև լեհ ռեժիսոր Եժի Անչակի «Շոպեն` սիրո տենչանք» ֆիլմը: Նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա գալա համերգ, որին կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբը և Գդանսկի երաժշտական ակադեմիայի դաշնամուրի ամբիոնի դասախոս, միջազգային մրցույթների բազմակի դափնեկիր Սլավոմիր Վիլկին: Երիտասարդ դաշնակահարների Շոպենի անվան հանրապետական մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 900.0 հազար դրամ. 1-ին տեղ` 400.0, 2-րդ տեղ` 300.0, 3-րդ տեղ` 200.0 դրամ: Ֆրեդերիկ Շոպենի ծննդյան 200-ամյակը նշվում է շատ երկրներում: Իսկ հայրենիքում` Լեհաստանում, խորհրդարանի որոշմամբ 2010 թվականը հայտարարվել է Շոպենի տարի: Մարտին Վարշավայում բացվել է Եվրոպայի ժամանակակից հանրահայտ տուն-թանգարաններից մեկը` Շոպենի տուն-թանգարանը: Անցկացվել են մեծ արվեստագետին ու նրա երաժշտությանը նվիրված բազմաթիվ ցուցահանդեսներ ու համերգներ: Ստեղծվել է www.chopin2010.pl կայքը, Վարշավայում անցկացվել է Շոպենի անվան դաշնակահարների միջազգային 16-րդ մրցույթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter