HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Հերոս գյուղի առօրյան

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի կենտրոնում հառնում է մի կոթող: ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի եւ նրա եղբոր` ռուսաստանաբնակ գործարար Հակոբ Հովսեփյանի` հայրենի գյուղում երկու տարի առաջ կառուցած հուշարձանը խորհրդանշում է Վազաշենի (Լալի գյուղի) 2000-ամյա պատմությունը: Վազաշենը կարելի է հերոս գյուղ կոչել:

Շենի պաշտպանության համար զոհվել է վազաշենցի 6 ազատամարտիկ, ներառյալ խաղաղ բնակիչները` Վազաշենը 13 զոհ է տվել: 1992 թ. դեկտեմբերի 29-ին ազերի հրոսակները վաղ լուսաբացին տանկերով, հետեւակի մարտական մեքենաներով ներխուժել էին գյուղ: Վազաշենցի քաջերը եւ օգնության հասած մարտիկները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են ազերի հրոսակախմբին, վնասազերծվել է ավելի քան վեց տասնյակ ելուզակ: Հարաբերական անդորրի մեր օրերում էլ թեթեւ չի 1073 (փաստացի` 830) բնակիչ ունեցող գյուղի վիճակը: «Առանց հողի գյուղացուն ինչպե՞ս են կոչում»,-հռետորական հարց է տալիս 2008 թ. նոյեմբերից համայնքը ղեկավարող, անկուսակցական Լորիկ Բադիրյանը: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել գյուղի պաշտպանությանը` ղեկավարելով Վազաշենի հրետանին: Խորհրդային տարիներին Իջեւանի շրջանում մթերված 7000 տոննա խաղողից 2100-ը Վազաշենն է հանձնել: Հիմա այդ նվաճման մասին միայն շենի անվանումը եւ երբեմնի 630 հա խաղողի այգուց մնացած 2000 մետրն են հիշեցնում: Վազաշենի հիմնական խնդիրը սահմանամերձ, ականապատված հողերն են: Գյուղի 1550 հա հողերից 68 հեկտարը տնամերձ է, 82 հա-ն` վարելահող, խոտհարք եւ արոտավայր, մնացած 1400 հա-ն սահմանագոտու վտանգավոր հատված լինելու պատճառով չի մշակվում: «Եղած տնամերձը եւ 82 հա-ն էլ հատվածաբար ենք մշակում, անգամ հացահատիկ չենք կարողանում մշակել, որովհետեւ գնդակոծության տակ է»,- ասում է համայնքապետը: Համայնքին տրվող 10 մլն 714 հազար դրամ պետական լրավճարը չմշակվող 1400 հա-ի համար համարժեք փոխհատուցում չի կարելի համարել: Լորիկ Բադիրյանը հույս ունի, որ 2011 թ. լրավճար հատկացնելիս Կառավարությունն իրենց համայնքի նկատմամբ կոնկրետ մոտեցում կցուցաբերի: 10 տարի առաջ Կառավարության որոշմամբ հողի հարկից ազատվել են այն գյուղացիները, որոնց սեփականաշնորհված հողերը գտնվում են սահմանագոտու վտանգավոր հատվածում: Սակայն այդ որոշումը չի վերաբերում Վազաշենի հողատերերի 20 տոկոսին, որոնց հողերն այն ժամանակ սահմանին հարակից չեն եղել: Անցած 10 տարում պաշտպանական դիրքերի ետ քաշվելու, պաշտպանական երկրորդ գծի ամրությունների կառուցման արդյունքում այդ սեփականատերերի հողերը եւս հայտնվել են ռազմականացված գոտում եւ չեն մշակվում: Սակայն նրանք ազատված չեն հողի հարկից: Եվ այսպես` մեկ տասնամյակ 40 հողատերերի համար հողի հարկեր են հաշվարկվում: Համայնքապետ Բադիրյանի վկայությամբ` այդ կերպ շուրջ 7 մլն հողի հարկի ապառք է կուտակվել: Հարցը Կառավարության որոշմամբ պետք է լուծվի: Վազաշենցիների աչքը միշտ երկնքի ծայրին է, փոքր անձրեւի դեպքում խմելու ջուրը պղտորվում է: Անցյալ դարի 60-ական թվականներին կառուցված ջրահավաք ավազանները, ջրագիծը խիստ մաշված են, ջրահավաք ավազաններում ջուրը հավաքում են առուներով: Անմխիթար վիճակում է նաեւ ջրագծի ներքին ցանցը: Այս տարի ԻՖԱԴ կազմակերպությունը գյուղի համար շրջակա անտառներից սկիզբ առնող խմելու ջրագիծ պետք է կառուցեր: Կառուցվելու էին նաեւ ջրահավաք ավազաններ եւ 2 ջրամբարներ` 200 եւ 150 տոննա տարողությամբ, թաղամասերի վերին հատվածում: Ծրագրի նախնական արժեքը կազմել է 148 մլն դրամ: Սակայն, հավանաբար ֆինանսավորման բացակայության պատճառով, այդ ծրագիրը հետաձգվել է: Վազաշենի համայնքապետարանի շենքը հրետակոծված է, վնասված, համայնքի ուժերով այն որոշ չափով նորոգել են, շենքի մի պատը կառուցել: 1988 թ. երկրաշարժից հետո ղրղզ շինարարները գյուղի կենտրոնում մի շենքի առաջին հարկի պատերն են կանգնեցրել: Նախատեսվում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ այդ կիսակառույցի շինարարությունն ավարտել` այն դարձնելով համայնքային կենտրոն: Ծրագրի նախնական արժեքը 111 մլն դրամ է, հաղթող կազմակերպությունը մրցույթը շահել է 95 մլն դրամ առաջարկով: Ծրագրի համար պահանջվող 5 տոկոս ներդրումը համայնքը չի կարողացել ապահովել, այն ապահովել է Սոցներդրումների հիմնադրամը: Նոյեմբերին պետք է սկսվի շինարարությունը: Գյուղի խնդիրներից է նաեւ սողանքը. սողանքային գոտում է գտնվում 8 առանձնատուն, 2 ընտանիք պետությունից դրամական օգնություն է ստացել, երրորդի փաստաթղթերի պատրաստումն ընթացքի մեջ է: Համայնքապետն ասաց, որ վթարայնության երկրորդ կարգ ունեցող մյուս տների սեփականատերերն աջակցություն կստանան հաջորդ փուլում: Վազաշենը հիմնականում գազաֆիկացված է: Այս ընտրատարածքի պատգամավոր Միքայել Վարդանյանը, ի թիվս համայնքին ցուցաբերված այլ աջակցությունների, գազաֆիկացման համար 2 կմ խողովակ է նվիրել: Սակայն այդ խողովակից 500 գծամետրը դեռեւս չի օգտագործվել. գյուղացիները գազն իրենց տուն հասցնելու, խողովակների մոնտաժման համար փող չունեն: Չնայած առկա խնդիրներին, համայնքի ղեկավարը լավատես է: «Տեսա՞ք, ճանապարհի եզրին բազար ունենք: Մարդիկ էս անտառում զկեռ, ընկույզ, մամուխ, սինձ, ինչ կարողացել են` հավաքել, ամեն մեկը մի դույլ առաջը դրած` ծախում են: Սա է իրենց ապրուստի միջոցը»,- համագյուղացիների գոյատեւման միջոցն է բացատրում համայնքի ղեկավարը: Խորհրդային տարիներին Վազաշենում հյութի արտադրության ձեռնարկություն է եղել, ուր միրգ, հատապտուղ են հանձնել ոչ միայն Վազաշենի եւ հարակից գյուղերի, այլեւ Բերդի տարածաշրջանի բնակիչները: Լ. Բադիրյանի խոսքով` նման ձեռնարկության ստեղծումը կարող է սահմանամերձ գյուղի համար զգալի աջակցություն լինել: Մանավանդ, որ առաջիկայում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսվում է Վազաշենում ոռոգման ջրագիծ կառուցել, ինչը կխթանի այգեգործությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter