HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Առանց հրաժարականի` մանկատունը երեխա չի ընդունում

Նարինե Ջանինյանն իր երեխաների ծննդյան տարեթվերը չի հիշում։ Մոտավորապես է վերականգնում այդ ժամանակագրությունը՝ նրանց կենսաբանական հայրերի հերթափոխով։ Առաջնեկը ծնվեց 2002-ին եւ մեկ ամիս հետո հայտնվեց Վանաձորի մանկատանը։

«Վարձով էի մնըմ, ըստեղ-ընդեղ, չէի կարըմ պահեի։ Մերոնք էլ ինձ չընդունեցին, իմացել էին, որ տենց ա։ Ես ճարահատված, որպեսզի էդ էրեխին ձեռիս մի բան չանեի, ես մի օր ստի տէի մնա, մի օր` ընդի, հնար չունեի պահելու, տվեցի մանկատուն»,- պատմում է Նարինեն։ Առաջնեկից սկսած՝ Նարինեն իր երեխաներին մանկատուն է հանձնել հրաժարականով։ «Աշիկը (Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը) ասավ` նորածիններին ժամանակավոր չեմ ընդունըմ, պըտի հրաժարվես։ Ասավ` ժամանակավոր ընդունվըմ են մեծ էրեխեքը։ Ես էլ ճարահատված հրաժարվեցի, ի՞նչ անեի»,- ասում է Նարինեն։ Նարինեի առաջնեկը մանկատնից որդեգրվեց։ Առաջին փորձից հետո Նարինեի համար արդեն սովորական դարձան պատահական արտամուսնական կապերը։ Հերթական կապից երկու աղջիկ ունեցավ, որոնցից մեկին անձամբ որդեգրության հանձնեց (իր ասելով՝ հեռու բարեկամի է տվել, ճանաչելով), մյուսին էլ հրաժարականով մանկատուն տարավ, որը հետո նույնպես որդեգրվեց մանկատնից։ Ոմն Կամոյից Նարինեն ունեցավ Արմանին ու Անուշին։ Մի որոշ ժամանակ պահեց Արմանին։ Հետո երեխան հիվանդացավ թոքերի բորբոքումով, խնամող չկար, Նարինեն էլ հղի էր Անուշով։ Արմանին մանկատուն տվեց` ժամանակավոր խնամքի։ Բայց շատ չանցած՝ նրա համար էլ հրաժարական ներկայացրեց։ Իր պատմելով՝ ասել էին, թե Արմանը ծանր հիվանդ է: «Մեռած ըրեխին ի՞նչ տես անի: Վախեցա, հրաժարական գրեցի»,- ասում է Նարինեն։ Նորածին Անուշին էլ հրաժարականով տարավ մանկատուն։ Մանկատանն Արմանի համար որդեգիրներ էին հայտնվել։ Բայց մանկատան տնօրենի դեմ հարուցված քրգործի պատճառով որդեգրման գործընթացը միառժամանակ կասեցվեց (խոսքը 2009-ին հանրապետությունում մեծ աղմուկ բարձրացրած մանկավաճառության գործի մասին է, որ հարուցվել էր Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանի դեմ նույն Նարինե Ջանինյանի ցուցմունքով, ըստ որի՝ վերջինս 1000 ԱՄն դոլարի դիմաց մանկատան տնօրենին էր վաճառել իր նորածին աղջկան՝ Անուշ Կամոյի Ջանինյանին եւ հրաժարվելով նրանից՝ հանձնել մանկատուն։ Իսկ տնօրենը խոստացված գումարի փոխարեն վճարել էր ընդամենը 193 հազար դրամ։ Հիշյալ քրգործն ընդունվեց նախաքննական վարույթ, ապա ուղարկվեց ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, որտեղ կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով)։ Այս դեպքերից հետո Նարինեն որոշեց վերադարձնել որդուն։ Գրավոր դիմում ներկայացրեց մարզպետարան երեխային հետ վերցնելու համար եւ նոտարական կարգով հրաժարվեց իր նախորդ հրաժարականից։ Մասնագիտական հանձնաժողովը ուսումնասիրեց Նարինե Ջանինյանի կենսապայմանները եւ մերժեց նրա դիմումը։ Արման եւ Անուշ Ջանինյաններն այնուհետեւ որդեգրվեցին: Բայց Նարինեն ոչ մի կերպ չի համակերպվում դրա հետ։ Դիմում է մանկատան տնօրենին, մարզպետարան, զանգում է, անհանգստացնում, սպառնում։ Պատճառն այն չէ, որ վերջին երկու երեխաների որդեգրմանը որեւէ ձեւով մասնակից չդարձրին Նարինեին, այլ այն, որ իր խոսքով՝ նա իրեն խաբված է զգում մանկատան տնօրենի կողմից, որն ասել է, թե նորածին երեխաները ժամանակավոր չեն ընդունվում մանկատուն, եւ որ ծնողը պարտադիր պետք է հրաժարվի նորածնից (երեխայից հրաժարվելու դեպքում ծնողը զրկվում է նրա հանդեպ իր ծնողական իրավունքից, երեխան հաշվառվում է որդեգրման հերթացուցակում, եւ այդ պահից նա կարող է որդեգրվել - հեղ.)։ «Հետքի» հետ զրույցում մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը հաստատեց Նարինե Ջանինյանի խոսքերը. «Եթե հրաժարական չի լինում, մենք մանկատուն երեխա չենք ընդունում»։ Այնինչ երեխային մանկատուն ընդունելու՝ Կառավարության սահմանած կարգի մեջ հրաժարականը չի նշվում որպես պարտադիր փաստաթուղթ։ Եթե երեխան չունի ԱԾԽՄ (առանց ծնողական խնամքի մնացած) կարգավիճակ, կարող է մանկատուն ընդունվել նաեւ ժամանակավոր խնամքի՝ առանց ծնողի կողմից հրաժարական ներկայացվելու։ Ընդ որում՝ ժամանակավոր խնամքի կարող են ընդունվել նաեւ նորածինները, քանի որ Վանաձորում գործողը ընդհանուր տիպի մանկատուն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter