HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ինքնություն եւ արվեստ

Սամվել Սաղաթելյանը Հայաստանի ժամանակակից արվեստ է մտել 1980-90-ական թվականներին: Կրթությամբ ճարտարապետ է: Նրա գեղանկարչության, կոլաժների, գրաֆիկայի, ինստալացիաների գլխավոր թեման է իրականությունը` զմրսված թե՛ հիշողության շերտերում, թե՛ արտահայտված բրուտալ-գրոտեսկային տեսքով:

Ինքնությանն առնչվող սոցիալ-հոգեբանական խնդիրների քննադատ-վերլուծող արվեստագետ է: Ս. Սաղաթելյանի ստեղծագործական հարուստ կենսագրությունը 2002 թվականից շարունակվում է ԱՄՆ-ում: Վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ արվեստագետն իր հետաքրքիր ստեղծագործական փորձառությամբ կիսվեց Բաց համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի ուսանողների հետ, իսկ մենք առիթ ունեցանք զրուցելու նրա հետ «ազգային ինքնություն եւ արվեստ» թեմայի շուրջ:

-Ինչպիսի՞ն են, Ձեր կարծիքով, ազգային ինքնության դրսեւորումներն արվեստում: Ժամանակի մեջ, ավանդականի եւ արդիականի դիմադրության կոնտեքստում, փոփոխվո՞ւմ են, արդյոք, այդ հարաբերությունները:

-Անհնար է, որ ազգային ինքնությունն արվեստում չարտահայտվի, ինչպես որ անհնար է, որ չարտահայտվի մարդու ինքնությունը կյանքում: Ինքնության դրսեւորման ձեւերն, այո, փոփոխվում են: Նոր եկածը միշտ հակադրվում է մեյնսթրիմին: Մեր մշակույթը եղել է գաղութացված եւ անհատականացված, նրա ձեւավորման համար, պետականության կորստից ի վեր, համապատասխան միջավայր չի եղել: Մեր արվեստում, ինչպես եւ կյանքում, գերիշխել է գոյատեւման մենթալիտետը. մի կողմից` այն կենտրոնացել է ընտանիքի մեջ, դրսեւորվել է տարբերվելու միջոցով: Օրինակ` Ա. Գորկին ասես ժայթքում լիներ, նա հենց իր տեսակով է առանձնանում: Բայց իր հայկականությունն այնքան ակնհայտորեն է շեշտված, եւ, միեւնույն ժամանակ, նա ձուլված է ամերիկյան մշակույթին: Նույնը կարելի է ասել Շառլ Ազնավուրի, Արամ Խաչատուրյանի եւ մյուսների մասին:

-Կա՞ն, արդյոք, Ձեր կարծիքով, տիպական գծեր հայ նկարիչների գործերում:

-Մեր իրականությանը բնորոշ սուր հակասականության դրսեւորումը: Իռացիոնալությունը, որը եւ օգնել է, եւ խանգարել, բայց շատ է նպաստել, օրինակ, դժվար իրադրություններից ելքեր գտնելու իմաստով: Կնշեի «սրբության» եւ «մաքրության» նկատմամբ վերաբերմունքը, սեքսուալության բացակայությունը` կեղծ բարեպաշտությունը: Ժամանակի ընթացքում մեր մենթալիտետը խաթարվել է, ներմուծվել են բաներ, որ խորթ են եղել, արմատախիլ է արվել հեթանոսական մշակույթը, որի հետ եւ` սեռականությունը: Օրինակ` կնոջ սեռական ինքնությունը հակադրված է եղել մայրականին: Սեռականությունը մեկնաբանվել է որպես սատանայականություն, իսկ մայրականը` բացարձականացվել: Որտեղի՞ց է առաջացել անեկդոտը. հարց` ինչո՞վ են հայերը նման Հիսուս Քրիստոսին: Պատասխան. նրանք էլ համոզված են, որ իրենց մայրը կույս է: Էլ չեմ խոսում կրոնական ինստիտուտի մասին, որը բիզնեսի է վերածված: Եկեղեցին երեւի թե ավելի շատ ընկալվում է որպես բացառիկ ճարտարապետություն` Աստծո հետ երկխոսության համար նախատեսված` իր ունիկալ, կատարյալ ձեւերով, եւ ոչ թե հավատքի կռվան:

-Խորհրդային քարոզչությունից ժառանգվել է ձեւի եւ բովանդակության հիերարխիան: Կուզեի մեկնաբանեք ազգային ինքնությունը ձեւի եւ բովանդակության հարաբերության տեսանկյունից:

-Իհարկե, դա ձեւի խնդիր չէ: Ձեւի հետ կապելը սարքովի է: Եթե կապել ձեւի հետ, ապա դա գաղութացման լավագույն միջոցն է, ինչը կիրառվել է խորհրդային շրջանում: Մեր պետությունը նոր է կայանում, եւ ազգային ինքնությունն էլ է նորովի ձեւավորվում: Իսկ այն արվեստում կապել ձեւի հետ` նշանակում է լճացնել արվեստը: Ճիշտ է, խորհրդային տարիներին տեղի ունեցան, ասենք, Եղեռնի հուշարձանի կառուցումը, Ժամանակակից արվեստի թանգարանի բացումը, որն իր տեսակով բուրժուական մի բան է եւ խորհրդային տոտալիտարիզմի կոնտեքստում նոնսենս էր: Բայց դրանց միջոցով մարեց այստեղ իրական անդրգրաունդի առաջացումը, սոցարթ Հայաստանում չառաջացավ: Ինչո՞ւ: Որվհետեւ շեշտը դրվեց ազգային խնդիրների վրա, որպեսզի հանրության ուշադրությունը շեղվի հակասովետական տրամադրություններից:

-Ազգային ինքնությունը հիմնականում հուշարձանների միջոցով է արտահայտվում: Ունի՞, արդյոք, ժամանակակից եւ ավանդական նկարչությունը ազգային ինքնությունը բնորոշող հնարավորություն:

-Ես փորձի խիստ սակավություն եմ տեսնում` ստեղծելու արվեստ` հենվելով ազգային ինքնության խնդիրների քննադատական վերլուծության վրա, որը կձգտեր այդ խնդիրները դիտարկել նաեւ լայն, համամարդկային մակարդակում: Մեզ մոտ, այնուամենայնիվ, շատ բան մնում է տեղային, եթե անգամ արտահայտչաձեւերը ընդլայնված են: Մյուս կողմից, արդյո՞ք այսօր հայ արվեստում ցանկալի սրությամբ են արտահայտվում ազգային ինքնությանն ուղղված քննադատական մոտեցումները: Կարծում եմ` ինքնության արտահայտությունը մնում է դեկորատիվ մակարդակում, եթե չհաշվենք մի քանի ժամանակակից արվեստագետների:

-Հայկական արվեստը դարեր շարունակ արտահայտում է իր ինքնությունը կրոնական պատկերներով, զարդանախշերով (խաչքար, գորգարվեստ): Հնարավո՞ր է այսօր էթնիկ դեկորը ձերբազատել զբոսաշրջային, հուշանվերային կարգավիճակից:

-Խնդիրը հարկավոր է կոնցեպտուալացնել, գաղափարական հենքի վրա դնել: Ամեն ինչն էլ ենթակա է ակտուալացման, եթե անցնի ստեղծագործողի ձեռքով: Հիմա արվեստում օրնամենտային իլյուստրատիվ մոտեցումը շատ է կիրառվում, Ամերիկայում էլ այդ թվում, բայց չես կարող ասել, որ ամեն ինչն է իրականում օրնամենտալ իր բուն իմաստով: Օրնամենտալիզմը շատ կարեւոր, խորքը գնացող արքետիպային նյութ է, ինֆորմացիա կա նրանում, եթե մի արվեստագետ որոշի դրան անդրադառնալ, շատ հետաքրքիր արդյունք կարող է տալ: Բայց դա նաեւ արվեստաբանների, գիտնականների գործառույթ է: Սա նաեւ մշակութային միջավայրի խնդիր է, որի բացակայությունը մեզանում ակնհայտ է: Օրինակ` երգի ասպարեզում «օրնամենտալիզմը» դառնում է ռաբիս, բայց, ակունքն օգտագործելով, կարելի է, ասենք, մի այնպիսի փայլուն սինթեզի դա բերել, ինչպես, արաբական մոտիվների հետ խառնված, անդալուզյան ֆլամենկոն է:

-Արդյո՞ք Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ազգայնական եւ էթնիկ սկզբունքը խանգարում է հայ արվեստի ճիշտ ընկալմանը:

-Գաղութային մտածողության կոնտեքստում լիովին հնարավոր է, որ խանգարի: Ազգայինը պահպանելու իր մղումներում գաղութային համայնքն իր ձեւամտածողությունն է ձեւավորում, եւ դա հասկանալի է: Բայց դա չի խթանում թռիչքը, հույսը մնում է էլի անհատների վրա, որոնք գաղութային կոնտեքստից պոկվում են: Ամեն դեպքում, անհատներն են արվեստի շարժիչ ուժը: Մշակութային նպաստավոր միջավայր եւ մտածողություն չի ստեղծվում, դա կարեւոր է բոլոր ազգերի նկարիչների համար:

-Ինչպիսի՞ն են արվեստի շուկայի եւ արվեստում ազգային ինքնության հարաբերություններն այսօր: Հայ արվեստի համաշխարհային ճանաչման եւ շուկայացման վրա սա ինչպե՞ս է անդրադառնում:

-Արվեստի շուկան միջազգային է, թեպետ եւ կարելի է ձեւակերպել լայն շուկայի մեջ «հայկականը»: Զուտ հայկական շուկայում մնալն, անշուշտ, խանգարում է արվեստագետին, քանի որ նա լճանում է: Օրինակ` կան մարդիկ, որ մի նկարված կուրծք են տեսնում, սարսափում, չեն գնում, անպարկեշտ են համարում` «բա որ երեխան տեսնի» պատճառաբանությամբ: Սա վերը նշված` չկայացած սեքսուալության հետեւանք է: Սա հենց հայ կոլեկցիոներներից հաճախակի լսվող բան է:

-Ի՞նչ է նշանակում «ազգային արվեստ»: Արդյոք սա ճշմարի՞տ կատեգորիա է, թե՞ կեղծ: Ինչու՞:

-Արվեստն արվեստ է, չկա «ազգային արվեստ» հասկացություն: Կա «ազգային ֆոլկլոր», որը ներառում է ամենատարբեր երեւույթներ` պարից ու արհեստներից մինչեւ կենցաղ, խոհանոց եւ այլն: Պետական աջակցությունը հայկական արվեստին բավարա՞ր է: Ինչպե՞ս կարելի է այն ուժեղացնել: Ցանկացած իշխանություն միշտ էլ պրոբլեմ է ունեցել ազատ արվեստի հետ: Իշխանությունը պետք է պետական շահ ունենա արվեստը հովանավորելու համար: Բայց պետության կողմից արվեստի հովանավորման մասին խոսելիս նկատի չունենք ուղղակի ֆինանսավորումը, այլ այն, որ պետությունը արվեստի զարգացման համար մեխանիզմներ պետք է մշակի, քանի որ դա հասարակության առաջընթացի, ինքնադրսեւորման երաշխիքն է: Արվեստը միակ ասպարեզն է, որ պրակտիկ ֆունկցիա չի կրում, եւ դա չի կարելի անտեսել: Այդ առումով պետությունը որոշակի ֆունկցիաներ իր վրա պետք է վերցնի:

-Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում «ազգային ինքնության» դրսեւորման եւ ժամանակակից հայ արվեստի հարաբերությունների մեջ:

-Ուժերը վերագնահատելու, ինչ-որ բաներ փորփրելու, վերաիմաստավորելու, բացահայտելու շանսեր եւ հնարավորություններ կան` ես փորձում եմ օտարված աչքով նայել: Երբ որ օտարվում ես, ներսը դուրս ես անում, շատ հետաքրքիր բաներ ես հայտնաբերում: Սկսած Խորհրդային Միության կոլապսից` ես հետաքրքրություն ունեմ դիտելու պրոցեսները, եւ ես տեսնում եմ երկու կոնսերվացված վիճակներ, ասես երկու զմռսած բանկաներ` մեկում «ազգային գոյատեւման պահածոն» է, մյուսում` ավելի մեծ` «խորհրդային» պահածոն: Ես` որպես հետազոտող, ինչ-որ տեղ` դոկումենտալիստ նկարիչ, չեմ կարող չարձագանքել տեղի ունեցող պրոցեսներին, եւ սրանում, զարմանալիորեն, արտահայտվում է ինքնությունս...

-Կա՞, արդյոք, «հայկական դպրոց» հասկացությունը հայ արվեստի պատմության մեջ:

-Ոչ, այդպիսի բան չկա:

-Պետք է լիներ` չի կայացե՞լ, թե՞ նորմալ է, որ չկա:

-Մեզ մոտ դա սպեցիֆիկ է:

-Նախ` ինչ է հայը, գուցե դեպի դա է գնում հարցի պատասխանը: Եթե դրա պատասխանը տանք, ապա գուցե եւ պատասխանենք` հայկական դպրոց կա՞, թե՞ ոչ: Ես կարող եմ նշել հայ արվեստի մեջ որոշ կայացած դրսեւորումներ, օրինակ` հայկական միջնադարյան ճարտարապետությունը որպես կատարյալ օրինակ: Գեղանկարչության մեջ դժվարանում եմ ասել, ես դա ավելի շատ անհատների հետ եմ կապում: Մեզանում ուժեղ է եղել սինթեզը` ընդօրինակություններից ստեղծել երեւույթ:

-Պատմական հիշողությունը ազդու՞մ է ձեր արվեստի վրա:

Չի կարող չազդել: Ամեն ինչ հիշողության հետ է կապվում:

-Կա՞, արդյոք, ազգային խնդիր այսօրվա հայ կերպարվեստում: Ինչպե՞ս կձեւակերպեիք այն:

-Եթե արվեստում կա քաղաքական խնդիր, արվեստագետը բարձրացնում է այն, եթե կա անձնական խնդիր` նույնպես, ուրեմն, ազգայինն էլ կարող է լինել, նայած, թե դա ինչպես է ներկայացվում: Դա չպետք է մնա տեղային լեզվաարտահայտման խնդիր: Ամեն ինչ կարող է արվեստի խնդիր դառնալ: Մեր ազգը, որի զարգացումը կապված է պետականություն հասկացության հետ, հիմա նոր ձեւավորում եւ զարգացում է ապրում: Ցեղը այլ է, այն կարող է պետական համակարգվածություն չունենալ, բայց պետականությունն այսօր ենթադրում է համամարդկային արժեքների վրա հենված քաղաքացիական հասարակության կառուցում: Մի՞թե սա ազգային խնդիր չէ: Բայց մեզանում ուժեղ է անհատական էգոն: Եվ դա, օրինակ, մեր օրերի ճարտարապետության մեջ շատ ցայտուն է արտահայտվում:

Հարցազրույցը` Լիլիթ Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter