Նրա այդ անշարժ դիրքը, այդ հայացքը, նույնիսկ վանդակը գոռում էին
Երևան քաղաքի Քաջազնունի-Ե.Քոչար փողոցների խաչմերուկի մոտակայքում` այգու տարածքում գտնվող սրճարաններց մեկի կենտրոնում` վանդակի մեջ, տառապում է մի կապիկ: Նա ժամանակին «զվարճացնում էր» սրճարանի այցելուներին, անցորդներին, երիտասարդներին, տատիկ-պապիկներին իրենց թոռնիկների հետ, որոնք վանդակի մոտով անցնելիս մոտենում, նայում, ժպտում, լուսանկարվում էին կապիկի հետ:
Սակայն այս սեզոնին սրճարանը փակվել է: Կապիկն էլ մնացել է... Մենակ: Սառած: Առանց սննդի: Առանց ջրի: Լքված իր վանդակի մեջ:
Այժմ մարդիկ նույնպես անցնում են վանդակի մոտով, մոտենում կապիկին: Մեկ-մեկ էլ մի կտոր հաց կամ կգցեն կամ ոչ: Նա էլ գազանի պես հարձակվում է այդ կտորների վրա:
Շրջակայքում աղբ է, դատարկ շշեր:
Երեկ անցնելիս նկատեցի, որ նա անկյունում կծկված նստած է, գլուխը խրած մարմնի մեջ: Մոտեցել եմ: Դանդաղ գլուխը բարձրացրեց, նայեց մի պահ աչքերիս մեջ և կախեց գլուխը...
Նրա այդ անշարժ դիրքը, այդ հայացքը, նույնիսկ վանդակը գոռում էին: Գոռում էին և դա արդեն նույնիսկ օգնության կանչ չէր...
Նա մահանում է…
Խնդրում ենք հրատապ միջոցներ ձեռնարկեք այդ խեղճ կենդանուն տառապանքներից և մահից փրկելու համար: Մասնավորապես անհրաժեշտ է նրան շտապ տեղափոխել, բուժել և բարենպաստ պայմաններ ստեղծել հետագա կյանքի համար:
Ո՞ւմ դիմել, երբ ազատ և վայրի բնության խորհրդանիշը, մարդու կողմից բանտարկված, վանդակում մահանում է:
«Ազգի մեծությունը որոշվում է նրանով, թե որքանով է պաշտպանում կենդանիներին»:
Մարիամ Սուխուդյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել