HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միայն հոկտեմբեր ամսին թշնամին հրադադարը խախտել է 750 անգամ

ՊԲ-ն վստահեցնում է, որ ճնշում է ադրբեջանական ագրեսիան Անցած 7 օրերին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը տակավին անհանգիստ էր: Հոկտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 165 անգամ: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գոտու Հադրութի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, ինչի հետևանքով թշնամու դավադիր գնդակից հոկտեմբերի 26-ին` ժամը 16:45-ի սահմաններում, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում զոհվել է Հարութ Աշոտի Գրիգորյանը: Հատկանշական է, որ դարանակալ թշնամու սադրիչ գործողությունը տեղի է ունեցել շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ընդամենը ժամեր անց, ինչը ևս մեկ անգամ վկայում է իրադրության ապակայունացմանն ուղղված պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական մոտեցման մասին: Ասվածի մասին է փաստում նաև վերջին շրջանում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևյալ վիճակագրությունը: Այսպես. միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժը «АК», «СВД», «ПК»,  «ДШК», «РПК», «УТЁС» և «Սև նետ» հրաձգային զինատեսակներից հրադադարը խախտել է շուրջ 750 անգամ` ընդհանուր առմամբ արձակելով ավելի քան 7000 կրակոց: Այսքանից արվելիք հետևությունը, թերևս, մեկն է. Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական քարոզչամիջոցներով տարածվող այն լուրերն ու տեղեկությունները, թե իբր հակամարտ զորքերի շփման գծում հայկական ուժերը պարբերաբար խախտում են հրադադարի պահպանման ռեժիմը, ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային ապատեղեկատվություն: Պաշտպանության բանակը համակարգված ու նպատակային գործողություններ է ձեռնարկում` հակառակորդի պարբերական սադրանքները չեզոքացնելու համար, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն անհրաժեշտության դեպքում ճնշելու ադրբեջանական դիրքապահների ագրեսիվությունը, այլև առաջնային գծում մշտապես լինել թելադրողի դերում: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter