Ապօրինի ծառահատումներով «առաջնությունը» Լոռու մարզինն է
2010 թ. ապօրինի անտառահատման և փայտանյութի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և հայտնաբերելու ուղղությամբ մի շարք աշխատանքներ են կատարվել: Հայտնաբերված դեպքերի մի մասով քրեական գործեր են հարուցվել, մի մասով ապօրինի ծառահատողները ենթարկվել են վարչական պատասխանատվության, մի մասով էլ, ապօրինի ծառահատում կատարած անձի ինքնությունը չպարզվելու պատճառաբանությամբ, քրեական գործի հարուցումը մերժվել է:
Ապօրինի ծառահատումներով «առաջնությունը» անտառաշատ Լոռու մարզինն է: Բացահայտումների թվով նույնպես 1-ին տեղում ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժիններն են:
Մասնավորապես, հուլիսի 19-ին` Գուգարքի անտառտնտեսության տարածքում կատարված ստուգայցի ժամանակ, բնապահպանության նախարարության աշխատակիցները հայտնաբերեցին ապօրինի հատված 48 ծառ: Պետությանը պատճառված վնասը 900 հազար դրամից ավելի էր:
Ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցների ձեռնակած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ծառերը հատել են Գուգարք և Վահագնի գյուղերի բնակիչներ Մարտիրոս և Արմեն Բուլղադարյանները, Հովհաննես Մարտիրոսյանը, Դավիթ Քոչարյանը, Ժորա Օհանյանը, Սամվել Միքայելյանը և Կամո Սահակյանը: Ապօրինի ծառահատման ամենամեծ «փայաբաժինը» Արմեն Բուլղադարյանինն է. նրա կողմից պետությանը պատճառված վնասի համար հատուցման սակագինը 400 հազար դրամ է, սակայն նա վնասը դեռևս չի վերականգնել: Մինչդեռ պետությանը պատճառած վնասը հատուցել են, օրինակ, Ժորա Օհանյանը, Սամվել Միքայելյանը:
Ապօրինի հատած հաճարենու համար շուրջ 275 հազար դրամ է հատուցել Եղեգնուտ գյուղի բնակիչ Մերուժան Ալեքսանյանը: Պետությանը հասցված 664 հազար դրամի վնասը վերականգնել է նաև Վահագնաձոր գյուղի բնակիչ Մհեր Ղուկասյանը:
Սեպտեմբերի 6-ին իրականացված ստուգմամբ տարբեր տեսակի 40 հատած ծառ հայտնաբերվեց Գուգարքի անտառտնտեսությունում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ապօրինի ծառահատման հեղինակները Արտակ Իքլիմյանն ու Գագիկ Աքուլյանն են: Նրանք դեռևս չեն վերականգնել պետությանը պատճառված վնասը (հատուցման չափը` շուրջ 877 հազար դրամ):
Ապօրինի ծառահատման հատկանիշներով նաև մի շարք քրեական գործեր են հարուցվել: Ձորագյուղ գյուղի բնակիչ Կարեն Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան:
Ապօրինի ծառահատման փաստով հարուցված քրեական 2 գործով նախաքննությունը շարունակվում է: Դեպքերից մեկը գրանցվել է Եղեգնուտի անտառպետության տարածքում: Այստեղ հայտնաբերվել են 169 հատված ծառի կոճղեր: Անտառի վրա հարձակում կատարած անձանց ինքնությունը դեռ հայտնի չէ: Ճշտվում են նաև դեպքի հանգամանքներն ու պետությանը պատճառված վնասի չափը:
Ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի ծառահատման դեպք բացահայտեցին սեպտեմբերի 18-ին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Վանաձոր քաղաքի բնակիչ Սասուն Ամիրյանը Վահագնիի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 11 ծառ (9 հաճարենի, 2 սոճի), ապա ընկերոջ օգնությամբ մասնատել: Փայտանյութը թողել են հատման վայրում` հետագայում Ամիրյանի բակ տեղափոխելու համար: Ապօրինի հատված ծառերի սակագնային արժեքը կես միլիոն դրամ է, իսկ հատուցման չափը` մեկ միլիոն 366 հազար դրամ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ստեփանավանի ոստիկանները Հոբարձի գյուղի բնակիչ Գարիկ Ասրյանի ավտոմեքենայում հայտնաբերեցին ապօրինի հատված ծառերը գերանների տեսքով: Հարուցված քրեական գործը դատաքննության փուլում է: Նախաքննության ընթացքում պարզվեց, որ Գարիկ Ասրյանը մոտ 7 խորանարդ մետր ծավալով փայտանյութ (շինափայտ) էլ ձեռք է բերել ապօրինի ծառահատմամբ զբաղվող համագյուղացուց` Արման Բաղրամյանից: Այս փաստով հարուցված քրեական գործը քրեական օրենսգրքի 216 հոդվածի հատկանիշներով է:
Ապօրինի ծառահատման փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում հարուցված հաջորդ գործով Կուրթան գյուղի 3 բնակիչ է անցնում` Գարիկ Զոհրաբյանը, Սամվել Գալոյանը, Ավագ Գևորգյանը: Առանձին-առանձին գործած այս եռյակը, ընդհանուր առմամբ, 77 ծառ է հատել` պետությանը պատճառելով 805 հազար դրամի նյութական վնաս:
Ապօրինի ծառահատման շատ դեպքեր կատարվում են հենց անտառը ի պաշտոնե պաշտպանելու կոչվածների գիտությամբ ու համաձայնությամբ:
Օգոստոսի 1-ի գիշերը Ստեփանավանի ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրին Հովիկ Բարխուդարյանի վարած բեռնատար մեքենան, որի թափքում 12 խորանարդ մետր բոխու և հաճարենու փայտանյութ հայտնաբերվեց: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ Բարխուդարյանն օգտվել է Դսեղի անտառտնտեսության Լորուտի տեղամասի անտառապետ Գարիկ Պարանյանի հովանավորչությունից. հայտնաբերված փայտանյութը բեռնատարն է բարձվել անտառապետի համաձայնությամբ ու գիտությամբ: Անտառապետ Գարիկ Պարանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել