HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Մահացած կալանավորը նամակ է թողել

Սվետլանա Կազազյանի և Աստղիկ Աղաբեկյանի նկատմամբ կատարված հանցագործությունների մեղադրանքով Սլավիկ Ոսկանյանը հոկտեմբերի 7-ին ձերբակալվել և հոկտեմբերի 10-ին տեղափոխվել էր «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Հոկտեմբերի 18-ին Սլավիկ Ոսկանյանը մեկուսարանից նամակ է ուղարկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:

Նամակը հասցեատիրոջն է հասել հոկտեմբերի 21-ին: Իսկ հոկտեմբերի 24-ին կալանավորն արդեն մահացած էր բանտում: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությանն ուղարկած իր նամակում Սլավիկ Ոսկանյանը նախ անդրադարձել է իրեն մեղսագրվող հանցագործություններին: Գրել է, որ ինքը չի մասնակցել Մանուշակ Կազազյանի սպանությանը, և բերել է իր անմեղությունն ապացուցող փաստեր: Այնուհետև մանրամասն նկարագրել է այն հոգեբանական ճնշումներն և ֆիզիկական բռնությունները, որոնք մինչ մեկուսարան տեղափոխվելը իր նկատմամբ գործադրել են իրավապահները Վանաձորի ոստիկանության ՁՊՎ-ում (ձերբակալվածներին պահելու վայր): Պատմել է` ինչպես են իրեն ծեծի ենթարկել: Ներկայացրել է մի դրվագ, որ տեղի է ունեցել ոստիկանության Վանաձորի բաժնի պետի աշխատասենյակում. այստեղ կալանավորի` կնոջ հետ ունեցած տեսակցությունից հետո, երբ կինը հեռացել է, վերջինիս մատնացույց անելով` ոստիկանապետն սպառնացել է, որ տուն չի հասնի: Կալանավորի գրության հիման վրա Հելսինկյան գրասենյակը հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը և ՀՀ գլխավոր դատախազին: Կազմակերպությունը ուշադրության կենտրոնում է պահելու Սլավիկ Ոսկանյանի մահվան հանգամանքների և նրա նկատմամբ կատարված գործողությունների մասով կատարվող քննության ընթացքը: Իսկ մեղադրյալին վերագրվող հանցագործություններով և դրանց վերաբերյալ նրա կողմից նամակում բերված ապացույցներով հարկ է, որ իրավապահներն զբաղվեն, մանավանդ որ մահացածի նամակի մի օրինակն էլ նրանց ձեռքին է. նամակի պատճենը Վանաձորի քննչական բաժնից ուղարկված գրության հիման վրա նրանց է հանձնվել` գործի համակողմանի ուսումնասիրության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter