HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի հարցրու, թե ում համար է հնչում զանգը...

Մի նամակի առթիվ

Օրերս «Ռեգնում» գործակալությունը տարածեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի նամակը, որում, «պատասխանելով» նույն գործակալությանը ՀՀ նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Վահան Փափազյանի և Ալեքսանդր Արզումանյանի հարցազրույցներում արված որոշ հայտարարություններին, անհաջող փորձ է արվում հերքել անհերքելին:

Մենք ափսոսում ենք, որ հաջորդիվ ներկայացվող տողերը դարձել են անհրաժեշտ: Վստահ լինելով, որ սույն նամակի բովանդակությանը առնվազն հավանություն է տվել ինքը` Քոչարյանը, և մի կողմ թողնելով տեքստի հեղինակի (հեղինակների՞) մասին ինքնին շատ բան ասող ջղագրգիռ, անհարգալից ոճն ու չհաջողված «սրամտությունները»` հարկ ենք համարում անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի որոշ մեկնաբանություններին և գնահատականներին, որոնք ս.թ. հոկտեմբերի 10-ին «Ռեգնում»-ին Րաֆֆի Հովհաննիսյանի տված հարցազրույցի արձագանքն են: Եվ այսպես, երկրորդ նախագահի գրասենյակը բառացիորեն խոստովանում ու հաստատում է, որ մինչև 1997 թվականը, երբ ԼՂՀ-ն, գրասենյակի ղեկավարի պնդմամբ, դուրս մղվեց բանակցային գործընթացից, որպես ԼՂՀ նախագահ` Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է բազմաթիվ հանդիպումների, իսկ ՀՀ նախագահի կարգավիճակում նրա պաշտոնավարման օրոք Արցախն ուղղակի մասնակցել է միայն ԵԱՀԿ նախագահողի հատուկ ներկայացուցչի միջնորդությամբ իրականացվող հրադադարի պայմանակարգի մոնիթորինգին, բայց «ուղղակի ներգրավված չի եղել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ֆորմատում», և «այդտեղ ԼՂՀ շահերը հետապնդում է Հայաստանի նախագահը` իր քայլերը համաձայնեցնելով ԼՂՀ նախագահի հետ»: «Նորաստեղծ Մինսկի խումբը նույն տարվա (1992թ.) հունիսից մինչև սեպտեմբեր ժամանակահատվածը Հռոմում կողմերի միջև հինգ հանդիպում անցկացրեց: ԼՂՀ ներկայացուցիչները` Ռոբերտ Քոչարյանը, Հրանտ Խաչատրյանը և Բորիս Առուշանյանը հանդիպումներին մասնակցել են երրորդ էտապից»,- ասված է Վ.Սողոմոնյանի նամակում: Նկատենք, որ այդ շրջանում ՀՀ արտգործնախարարը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ում պաշտոնավարման օրոք սկիզբ դրվեց խնդրի կարգավորման խաղաղ գործընթացին, ու ստեղծվեց ԵԱՀԽ Մինսկի խումբը: Թերևս բարեբախտություն կարելի է համարել, որ գրասենյակի ղեկավարը առնվազն չի հերքում, որ ՀՀ առաջին արտգործնախարարը «մասնակցել է ԵԱՀԽ հելսինկյան լրացուցիչ հանդիպմանը», որտեղ էլ, ի գիտություն հայտնենք, գցվեց հիշատակված հռոմյան հանդիպումների խարիսխը, և ապահովվեց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունն այդ հանդիպումներին: Այսինքն` գրասենյակը խոստովանում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում ԼՂՀ իշխանությունները մասնակցել են 5 հանդիպումից 3-ին: Նախքան Քոչարյանի գրասենյակի մյուս ինքնախոստովանություններին անցնելը, հարկ ենք համարում անդրադառնալ 1992թ. մարտի 24-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԽ-ի լրացուցիչ հանդիպման ժամանակ հաստատված փաստաթղթի 10-րդ կետում օգտագործված «ԼՂ ընտրված և այլ ներկայացուցիչներ» ձևակերպման առնչությամբ Վ.Սողոմոնյանի քննադատությանը: Քանի որ այդ հանդիպմանը մասնակցել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, հանրությանն ու երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուին իրազեկենք այնտեղ ընթացած բուռն բանավեճերի որոշ մանրամասների մասին: Ինչպես միշտ, այն ժամանակ էլ Րաֆֆի Հովհաննիսյանն արտահայտվել է Արցախի ինքնորոշման օգտին և հիշատակվող պաշտոնական փաստաթղթի նախնական տարբերակում համաձայնեցրել էր «ԼՂ կառավարություն» բառեզրը: Սակայն երբ Ադրբեջանին օգնության հասած Թուրքիան առարկեց դրան, Ր.Հովհաննիսյանը հասավ նրան, որ մյուս կողմի պահանջած` «Ադրբեջանի ԼՂ մարզի հայկական և ադրբեջանական համայնքներ» ձևակերպումից ոչ միայն դուրս մղվեցին «ադրբեջանական» և «համայնքներ» բառերը, այլև փոխզիջումային ձևակերպման մեջ տեղ գտավ «ԼՂ կառավարություն» դրույթին գրեթե համարժեք «ընտրված և այլ ներկայացուցիչներ» ձևակերպումը: Հստակեցնենք, որ «ԼՂ ընտրված ներկայացուցիչները» Արցախի նախագահն ու նրա պատվիրակության պաշտոնատար անձինք էին, իսկ «այլ ներկայացուցիչները»` ԼՂ հայկական և մնացած համայնքների սոցիալական, կրոնական և կարևոր այլ ոլորտների ներկայացուցիչները: Սա համեմատական առավելություն էր ստեղծում արցախյան կողմի համար (այդ թվում` ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ)` հետևողական աշխատանքով ամրագրել իր գերակա կարգավիճակը` որպես պետության ներկայացուցչի: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը, ցավոք, խախտեց Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցումը. այն է` Հռոմում պաշտոնական սեղանի շուրջ չնստել ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ միասին, մինչև որ չամրագրվի ԼՂՀ-ի պատվիրակության` որպես բանակցող կողմի կարգավիճակը: Քոչարյանը նստել էր սեղանի շուրջ` հետևելով այլոց խորհրդին և դրանով լեգիտիմացրել «երկու համայնքների»` ադրբեջանաթուրքական մոտեցումը` թույլ տալով, որ իրեն ներկայացնեն որպես հայկական համայնքի ներկայացուցիչ: Ի դեպ, հենց 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԽ հելսինկյան լրացուցիչ հանդիպման հաստատված փաստաթղթում էր, որ կորզվեց նաև «Հայաստանի և ԼՂ միջև հումանիտար միջանցք ապահովելու» պահանջը, որը 1992թ. մայիսյան հերոսամարտերով ի կատար ածեց հայկական կողմը: Հայկական զորքերի առաջխաղացումների արդյունքում Հայաստանի ու ԼՂՀ-ի դեմ որևէ բանաձև չընդունվեց, քանի որ Հայաստանի և Արցախի միջև հումանիտար միջանցքի բացումն արդեն միջազգայնորեն ամրագրված լեգիտիմ պահանջ էր, որն Ադրբեջանը հրաժարվել էր կատարելուց, իսկ միջազգային հանրությունն էլ անզոր եղավ այդ հարցում և չէր կարող հայկական կողմին մեղադրել միջազգային այդ պահանջն իրականացնելու համար: Նշելով ԼՂՀ փաստացի ղեկավարի` ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի միջև բանակցությունների և ԼՂՀ մասնակցությամբ ընդունված 1994թ. մայիսյան զինադադարի համաձայնագրի մասին, որում կա նաև ԼՂՀ պաշտպանության նախարարի ստորագրությունը, ապաև Մոսկվայում` 1995թ. Հայաստանի, Ադրբեջանի ու ԼՂՀ նախագահների մասնակցությամբ ևս մեկ հանդիպման մասին` երկրորդ նախագահի գրասենյակը փաստորեն հաստատում է, որ ՀՀ ԱԳ տարբեր նախարարների պաշտոնավարման օրոք ամեն կերպ փորձ է արվել ապահովել բանակցություններին ԼՂՀ ընտրված բարձրագույն ներկայացուցիչների մասնակցությունը: Այլ հարց է, որ երբեմն այդ փորձերի ձախողման պատասխանատուն հենց Քոչարյանն է եղել, ինչպես 1992թ. Հռոմի հանդիպումների ժամանակ, քանի որ վերջինս, հավանաբար, իր «բարձր պրոֆեսիոնալիզմի» արդյունքում, որն այդքան կարևորում է Վ.Սողոմոնյանը, տարբերություն չի տեսել «ընտրված ներկայացուցիչներ» և «այլ ներկայացուցիչներ» ձևակերպումների միջև ու չի ամրապնդել հայկական կողմի` վերը հիշատակված համեմատական առավելությունը: Սողոմոնյանը միաժամանակ հաստատում է, որ բանակցային գործընթացում ներգրավված են եղել նաև այլ դերակատարներ, այդ թվում` ԼՂՀ-ից, որոնց անուններն անգամ ինքն է հնչեցնում: Ուզում ես հասկանալ, թե Րաֆֆի Հովհաննիսյանի բերված և ընդհանրացված (ի դեպ` առանց անուններ նշելու) փաստերից ո՞րն է հերքում Քոչարյանի գրասենյակը: Դրա փոխարեն արձագանքի հեղինակը կարո՞ղ է արդյոք հիշատակել, թե Քոչարյանի նախագահության և նրա նշանակած ԱԳ նախարարի պաշտոնավարման շրջանում քանի՞ հանդիպում է կազմակերպվել ԼՂՀ-ի ու Ադրբեջանի նախագահների միջև: Պարզ է, թե ինչու է նրան մնում իբրև նվաճում ներկայացնել ընդամենը Մինսկի խմբի համանախագահների ոչ հաճախակի և իմիտացիոն այցերը Ստեփանակերտ: Արձագանք-նամակում ասվում է նաև, որ բանակցություններում «ԼՂՀ շահերը հետապնդում է ՀՀ նախագահը` իր քայլերը համաձայնեցնելով ԼՂՀ նախագահի հետ»: Հիշեցնենք, այդ մոտեցումը կարմիր թելի պես անցնում էր նաև 2003թ. նախագահական ընտրությունների նախօրեին նախագահի թեկնածուներ հեռուստաբանավեճի ընթացքում Քոչարյանի բերած հակափաստարկներում: Սրան էլ պետք է հավելել վերջին տարիներին Մինսկի խմբի համանախագահների բազմիցս արած հայտարարություններն առ այն, որ բանակցություններում «ԼՂ-ն Հայաստանով փոխարինվել է 1998թ. պաշտոնական Երևանի որոշմամբ»: Անհայտ է, թե ինչու Քոչարյանի գրասենյակը չփորձեց «պատասխանել» համանախագահներ Բեռնար Ֆասիեի կամ Յուրի Մերզլյակովի այդ հայտարարություններին, գոնե հերքել դրանք: Միգուցե այժմ երկրորդ նախագահը փորձում է ետին թվով իր վրայից հանե՞լ այդ կործանարար որոշման պատասխանատվությունը: Իսկ փաստն այն է, որ հիշյալ որոշմանը նախորդեց Երևանում կայացված մեկ այլ` ոչ պակաս կործանարար որոշում. որպես վարչապետ` Հայաստան բերվեց ԼՂՀ  օրինական ընտրված նախագահը, երբ միջազգային ճանաչում էինք պահանջում Արցախի Հանրապետության համար: Դա հայեցակարգային ու գործնական կոպիտ բացթողում էր և ոչ այլ ինչ, քան Հայաստանի կողմից ԼՂՀ-ի, նրա ինքնիշխանության չճանաչման դրսևորում: Եվ, վերջապես, «Մեղրիի տարբերակի» վերաբերյալ. 2000թ. ապրիլի 25-ին Քոչարյանի նշանակած ԱԳ նախարարը Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե «Մեղրին» բանակցությունների ընթացքում քննարկվող մի քանի տարբերակներից մեկն է եղել, և ոչ մի սխալ բան չկա, որ բոլոր տարբերակները քննարկվեն (այդ մասին հրապարակում ունի «Առավոտը»): Բացի դրանից` 2000թ. «Ա1+» հեռուստաընկերության «Հետգրություն» հաղորդման շրջանակներում ՀՀ նույն արտգործնախարարը հայտարարեց, որ քննարկվում են Հայաստանը ԼՂՀ-ին և Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքների սիմետրիկության ու ասիմետրիկության հարցերը: Ուրեմն` խորհուրդ կտայինք Քոչարյանի գրասենյակին նախ հերքել ժամանակին իրենց ԱԳ նախարարարի արած հայտարարությունները, ապա նոր միայն պատասխանել մյուս արտգործնախարարներին: Թերևս նման դեպքերի առնչությամբ է դիպուկ նկատել Ջոն Դոննը` ասելով. «Մի հարցրու, թե ում համար է հնչում զանգը. այն հնչում է քեզ համար»:

Հովսեփ Խուրշուդյան «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ

01 նոյեմբերի 2010թ.

Նամակի ռուսերեն տարբերակը տարածվել է "ИА REGNUM Новости" գործակալության կողմից այսօր` նոյեմբերի 1-ին (http://www.regnum.ru/news/polit/1342051.html):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter