«Պաշտոնում կինը պետք է ընտրվի ոչ նրա համար, որ ինքը կին է»
Նոյեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Վաշինգթոնի գրասենյակի գենդերային հարցերով խորհրդական տիկին Քեթրին Կոզարելիին:
Գենդերային շարժումը Հայաստանում ակտիվացել է 1985 թվականից: Այս թեմայով համաշխարհային կոնֆերանսից հետո առավել նկատելի դարձան զարգացումները: Նախկին ԽՍՀՄ տարիներին գոյություն ուներ միայն կանանց հանրապետական խորհուրդ, որն էլ հիմնականում կատարում էր կոմունիստական կուսակցության հանձնարարությունները:
Այսօր Հայաստանում պատկերն այլ է` օրենսդրական առումով այստեղ բացակայում է խտրականությունը (դիսկրիմինացիա): Ինչպես հավաստել է նախարարը` աշխարհում չկա մի երկիր, որտեղ կանայք օրենսդրական դաշտում ունենան այնպիսի առավելություններ, ինչպես երեխայի հետծննդյան եռամյա խնամքն է` առանց աշխատանքը կորցնելու, այս նույն ժամանակահատվածում` մեկամյա վճարովի խնամքը, 3-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ 1500 դոլար միանվագ նպաստը: Ընտրական օրենսգրքով համամասնական ցուցակներում նախատեսում է առնվազն 15% կանանց առկայություն և ներկայացված ցանկի յուրաքանչյուր տասնյակում առնվազն մեկ կին պետք է լինի:
Հայաստանում համալսարանական կրթություն ստացողների շուրջ 60%-ը կանայք են, ուսուցչական, դասախոսական կազմում գենդերային խնդիրներ կան, սակայն տղամարդկանց հետ կապված, քանի որ այստեղ կանայք մեծամասնություն են կազմում` շուրջ 80%, առողջապահության և մշակույթի ոլորտում նույնպես գերիշխում են կանայք` 70%: Բոլոր ոլորտներից անհամեմատ տարբերվում է ոստիկանությունը, ուր կանայք միայն 20 % են կազմում, սակայն կին դատավորները քիչ չեն` շուրջ 35%:
Ներկայումս պետական ծառայության ոլորտում պատկերը հավասարաչափ է. 50-50, սակայն այստեղ էլ կանանց թիվն աճելու միտում ունի, քանի որ այստեղ էլ կա խնդիր` պետական մարմիններում աշխատավարձը բավական ցածր է և տղամարդիկ գերադասում են զբաղվել բիզնեսով, քան պետական աշխատանքով: Նշենք, որ կանանց թիվը քիչ չէ նաև փոքր և միջին բիզնեսում, ուր արդեն կան հաջողված գործարար կանայք: Կանայք ակտիվ են նաև քաղաքացիական ինստիտուտներում, միջազգային կոնֆերանսներում արդեն կարելի է ավելի հաճախ հանդիպել կին զեկուցողների:
Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կանայք կազմում են 9,5 % նախկին 3%-ի փոխարեն, Կառավարությունում, չնայած միայն 2 կին նախարար կա, բայց կազմում է մոտ 12%:
Կանանց մասնակցությունը քաղաքական կյանքում ապահովելու գործում մեծ անելիք ունեն կուսակցությունները: Նրանք պետք է լիդերներ աճեցնեն: Այս առումով մեծ է նաև մասս-մեդիայի դերը: Ցավոք, քանի որ այն նույպես կազմավորման փուլում է, այս հարցում դեռևս ճիշտ չի կողմնորոշված: Մեծ է նաև ընտանեկան ավանդույթների դերը: Դարեր շարունակ հայ կինը դիտվել է որպես ընտանիքի մայր, երեխաներ կրթող և դաստիարակող և այսօր դեռևս քիչ են այն տղամրդիկ, ովքեր խրախուսում են իրենց կանանց, քույրերին... զբաղվել քաղաքականությամբ, որովհետև քաղաքականությամբ զբաղվող կինն ավելի շատ զոհում է, քան շահում: Մեծ է նաև տվյալ տարածաշրջանին բնորոշ բարքերի, սովորույթների դերը: Սակայն երբեք չպետք է մոռանալ, որ պաշտոնում կինը պետք է ընտրվի ոչ նրա համար, որ ինքը կին է, այլ, որովհետև իր կրթությամբ, իմացությամբ ու փորձով համապատասխանում է այդ պաշտոնին, շեշտել է Հ.Հակոբյանը:
ՀՀ սփյուռքի նախարարը տիկին Քեթրին Կոզարելիին առաջարկել է համատեղ սեմինար կազմակերպել «Կնոջ դերը սփյուռքի պահպանման գործում» թեմայով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել