HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւանը եւ մեր տարածաշրջանի սեյսմիկ վտանգները

Մանե Հակոբյան, ֆիզ. մաթ. գիտ. թեկն., դոցենտ, «Հասարակական էկոդաշինքի» անդամ Բարբարոսություն է քսանմեկերրորդ դարում քաղցրահամ ջրի բացառիկ շտեմարան Սևանա լիճն այս վիճակում թողնելը, բարբարոսություն է սեփական ժողովրդի և ողջ մարդկության նկատմամբ: Սևանա լիճը բնական ծագում ունի, գտնվում է Երզնկա-Կարս-Ամասիա-Սևան-Զանգեզուր տեկտոնական խորքային խզվածքի վրա, Սևանա գոգավորության ամենացածր, կենտրոնական մասում: Այն աշխարհի բարձրադիր, քաղցրահամ ջուր ունեցող ամենամեծ լճերից մեկն է, գոյացել է ակտիվ տեկտոնական պրոցեսների հետևանքով, երկրակեղև-երկրամագմա էկոհամակարգում ուժային դինամիկ հավասարակշռության հաստատման արդյունքում: Նախքան լճում ջրի մակարդակի արհեստական իջեցումը լճի հայելու բնական բարձրությունը ծովի մակարդակի նկատմամբ կազմում էր 1916 մ: Իր գոյության ընթացքում, բնական տեկտոնիկ պրոցեսների արդյունքում Սևանա լճի ջրի մակարդակը զգալի և կտրուկ տատանումներ է ունեցել, ընդհուպ մինչև լճի չորացում (միջին չորրորդական լիճ) և նրա չորացած հատակով հոսել է Հին Հրազդանը (Պալեոհրազդանը), որի հունի մնացորդները հայտնաբերվել են Սևանա լճի հատակին: Լճի ջրի մակարդակի կտրուկ իջեցում է դիտվել նաև մ.թ.ա. երրորդ հազարամյակում, որը տևել է մինչև մ.թ.ա. VI դարի վերջը: Ցավոք, այս կարևորագույն փաստերը որևէ լուրջ գիտական հետազոտության չեն ենթարկվել, չի հետազոտվել անգամ Երզնկա-Կարս-Ամասիա-Սևան-Զանգեզուր տեկտոնական խորքային խզվածքը, նրա հետ տեղի ունեցող պրոցեսները, խզվածքի վարքի դինամիկան ժամանակի ընթացքում, տեկտոնական խորքային խզվածքով ջրի հնարավոր ներհոսքն ու արտահոսքը, դրանց զարգացումները և այլն, չի բացահայտվել դրանց առաջացման հնարավոր մեխանիզմները: Այսպես, չի բացահայտվել, թե ի՞նչ բնական պրոցեսների արդյունքում կարող էր Սևանա լճում ջրի մակարդակը կտրուկ իջնել և կամ լիճն ամբողջությամբ ցամաքել, այդ պրոցեսներն արդյո՞ք պարբերական բնույթ ունեն, եթե այո, ապա ինչպիսի՞ն է դրանց պարբերականությունը և այլն: Այս և շատ այլ փաստեր խոսում են այն մասին, որ Երզնկա-Կարս-Ամասիա-Սևան-Զանգեզուր տեկտոնական խորքային խզվածքը, որի վրա տեղաբաշխված է Սևանա լիճը, խիստ ակտիվ է և այն լուրջ, բազմակողմանի գիտական ուսումնասիրության անհրաժեշտություն ունի: Այդ հետազոտությունները շարունակական բնույթ պետք է ունենան նպատակ ունենալով բացահայտել Սևանա լճում, Սևանա գոգավորությունում, Երզնկա-Կարս-Ամասիա-Սևան-Զանգեզուր խորքային խզվածքում տեղի ունեցող պրոցեսներն ու դրանց հնարավոր զարգացումները: Ներկայիս Սևանա լիճը մի ցավոտ «առանձնահատկություն» ունի: Անցյալ դարի 30-50-ական թվականների ընթացքում Սևանա լճի ջրի բնական մակակարդակը արհեստականորեն, կտրուկ իջեցվեց առնվազն 18 մետրով, որի արդյունքում էլ լճի ջրային պաշարների մոտ կեսը դատարկվեց, այդ կերպ խախտելով Սևանա լիճ-երկրակեղև էկոհամակարգում ուժային, և ոչ միայն ուժային, հավասարակշռությունը, ինչն ինքնին էկոլոգիական, այդ թվում նաև սեյսմիկ մեծ ռիսկեր է պարունակում իր մեջ: Իրոք, նախ` Սևանա լճի ջրի մակարդակի արհեստական իջեցման արդյունքում, փաստորեն, կիսով չափ փոքրացել է Սևանա լճի կողմից երկրակեղևի վրա ճնշման ուժը` մոտ 30 մլրդ տոննայով, իսկ երկրակեղևի վրա երկրի մագմայի կողմից գործադրվող ճնշման ուժն անփոփոխ է մնացել: Փաստորեն, ներկայումս Սևանա լճի ավազանում երկրակեղևի (տեկտոնիկ սալերի) վրա ներքևից վեր ազդող ճնշման ուժը մոտ կրկնակի մեծ է վերից վար ազդող ուժից: Այսպիսով, Սևանա լճի մակարդակի արհեստական իջեցման արդյունքում լճի ավազանի երկրակեղևի և Երզնկա-Կարս-Ամասիա-Սևան-Զանգեզուր տեկտոնական խորքային խզվածքի, տեկտոնիկ սալերի վրա ներքևից վեր ազդում է չհավասարակշռված ահռելի` 30 մլրդ տոննա ուժ, որը ժամանակի ընթացքում անպայման կհանգեցնի Սևանա լճի ավազանի երկրակեղևի տեկտոնիկ սալերի դանդաղ տեղաշարժի դեպի վեր` երկրակեղևի ՙփքման (տեղանքի ռելյեֆի տարբեր կետերի հարաբերական բարձրության փոփոխության): Սրա արդյունքում, մեր տարածաշրջանում տեղի կունենան կանխատեսելի ու անկանխատեսելի տեխնածին աղետալի տեկտոնիկ պրոցեսներ` երկրակեղևի խզվածքներով երկրագնդի մագմայի բարձրացում դեպի երկրակեղևի մակերևույթին մոտ տարածքներ ու նրա ժայթքում, սողանքներ, բարձր բալային տեխնածին երկրաշարժեր, Սևանա լճի հնարավոր ցամաքում կամ ջրի մակարդակի կտրուկ անկում, տարածաշրջանի ջրային, այդ թվում ստորգետնյա ջրերի բնական բալանսի կտրուկ խաթարում և այլն: Այդօրինակ աղետալի հետևանքներից պարզագույնը սողանքներն են, ինչն արդեն իսկ դիտվում է մեր երկրում և տարեցտարի էլ ավելի վտանգավոր չափերի է հասնում: Սակայն, մեր երկրում սողանքները նույնպես որևէ գիտական ուսումնասիրությունների չեն ենթարկվում, չի բացահայտվում դրանց առաջացման իրական պատճառները, այն դեպքում, երբ հայտնի է, որ սողանքների առաջացման մեխանիզմներից կարևորագույններից մեկն ու ամենավտանգավորը ռելյեֆի հարաբերական բարձրության փոփոխությունն է, ինչի պատճառը մեր դեպքում Սևանա լճում ջրի մակարդակի արհեստական կտրուկ իջեցումը կարող է լինել: Ցավոք առ այսօր չեն կատարվում անգամ Սևանա լճի ավազանի ռելյեֆի տարբեր կետերի հարաբերական բարձրության, ընդհանուր առմամբ, տեղանքի հարաբերական դիրքի շարունակական չափման, ժամանակի ընթացքում այդ պարամետրերի փոփոխման, տարածքի երկրակեղևի հնարավոր ՙփքման՚ և դրա դինամիկայի բազմակողմանի հետազոտության ուղղությամբ: Գիտական հետազոտությունների չի ենթարկվել նաև 4891 քառ. կմ ահռելի տարածք զբաղեցնող նեոգեն-չորրորդական դարաշրջանի տեկտոնիկ-հրաբխային ծագում ունեցող իջվածքը` Սևանա գոգավորությունը, որի ամենացածրադիր մասը զբաղեցնում է Սևանա լիճը և այլն: Վերջին տասը տարիների ընթացքում երկրաֆիզիկոսների, սեյսմոլոգների, երկրաբանների լուրջ ուշադրությանն են արժանացել երկրագնդի այն վայրերը, որտեղ առկա են տեկտոնիկ-հրաբխային ծագում ունեցող մեծածավալ իջվածքներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք, ՙսուպերհրաբուխներ՚ են, որոնք սովորական հրաբուխներից տարբերվում են ժայթքման հազար և ավելի անգամ հզոր էներգիայով, հրաբխի ժայթքման բուն մեխանիզմով, ժայթքման կրկնման մեծ պարբերությամբ, ժայթքման, գլոբալ առումով, կործանարարությամբ և այլն: Ներկայումս աշխարհում շարունակական գիտահետազոտական բազմաբնույթ ուսումնասիրությունների են ենթարկվում արդեն իսկ հայտնի սուպերհրաբուխները, որոնցից չափերով ամենամեծը, ամենահզորն ու ամենակործանարարը Յելոուսթոուն սուպերհրաբուխն է, որը գտնվում է ԱՄՆ հյուսիս արևմտյան երեք` Վայոմինգ, Մոնթանա և Այդահո նահանգների միակցման մասում, Յելոուսթոուն ազգային պարկի տարածքում: Այդ սուպերհրաբխի կալդերան (իջվածքը, որն առաջացել է հրաբխի ամենամեծ ժայթքման արդյունքում նրա գագաթի փլուզման հետևանքով) ունի 55կմ x 75կմ չափեր և մոտ 4125 քառ.կմ մակերես:  Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Յելոուսթոուն սուպերհրաբուխը վերջին 20 մլն տարիների ընթացքում պարբերաբար ահռելի, կործանարար ուժով ժայթքել է մոտ 640000 տարի միջին պարբերականությամբ: Վերջին 2 մլն տարիների ընթացքում տեղի է ունեցել Յելոուսթոունի 3, գլոբալ մակարդակով կործանարար, ժայթքումներ, որոնցից վերջինը մոտ 640000 տարի առաջ է տեղի ունեցել:  Յելոուսթոուն սուպերհրաբուխը ներկայումս խիստ ակտիվ փուլում է գտնվում:  Նրա  կալդերայի տարածքում է գտնվում  հրաբխային ծագում ունեցող Յելոուսթոուն լիճը, որի ջրի հայելու մակերեսը մոտ 352 քառ.կմ է, միջին խորությունը` 122 մ: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ այդ  սուպերհրաբխի կալդերայի տարածքում արդեն իսկ տեղի են ունենում երկրակեղևի բարձրացում` փքում, որի արդյունքում, կալդերայի սահմաններում, առաջացել են մոտ 35 կմ տրամագծով հրաբխային երկու նոր գմբեթներ, ակտիվ սողանքային պրոցեսներ, առաջանում են նորանոր գեյզերներ և այլն: Եթե նախկինում Յելոուսթոունի կալդերայի տարածքում երկրակեղևը բարձրանում էր տարեկան, միջինը, մոր 10 սմ-ով, ապա վերջին չորս տարիների ընթացքում`մոտ 44,5 սմ-ով: Բոլոր փաստերը գալիս են հաստատելու, որ Յելոուսթոուն սուպերհրաբուխը խիստ ակտիվ փուլում է գտնվում և ցանկացած պահի այն կարող է ժայթքել, ինչը կործանարար ազդեցություն կունենա ոչ միայն Ամերիկյան մայր ցամաքի, այլ նաև ողջ երկիր մոլորակի կլիմայի վրա` հրաբխային փոշու ահռելի ամպերն ու թթվային անձրևները կհանգեցնեն ջերմաստիճանի գլոբալ, կտրուկ և երկարատև իջեցման, ոչնչացնելով երկրագնդի վրա կենդանական, բուսական աշխարհի, մարդկության, առնվազն, մեծ մասը: Իր  կալդերայի չափերով և ժայթքման հզորությամբ երկրորդ մեծ սուպերհրաբուխը Թոբի սուպերհրաբուխն է, որը գտնվում է Ինդոնեզիայի Սումատրա կղզում և որի կործանարար ժայթքման պարբերականությունը 74000 տարի է: Վերադառնանք Սևանա լճին, որը գտնվում է մոտ 4891 քառ.կմ մակերեսով հրաբխային ծագում ունեցող, ահռելի իջվածքի կենտրոնական մասում, իջվածք, որն ավելի մեծ է քան Յելոուսթոուն սուպերհրաբխի իջվածք-կալդերան և որում ակտիվ տեկտոնական պրոցեսներ են ընթացել և ընթանում: Խիստ հնարավոր է, որ Սևանա գոգավորությունը ահռելի սուպերհրաբխի իջվածք-կալդերա է, ինչը ուսումնասիրության խիստ կարիք ունի: Այն պատմական փաստը, որ Սևանա լիճում ջրի մակարդակը բնականորոն փոփոխվել է, լիճն անգամ ցամաքել է գալիս է հաստատելու Սևանա գոգավորության մարած սուպերհրաբխի կալդերա լինելու գիտական հիպոթեզը, ինչը լուրջ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի: Սևանա լճի պարագայում իրավիճակը բարդանում է նրանով, որ մարդն իր գործողություններով` տվյալ դեպքում, արհեստականորեն կտրուկ իջեցնելով լճում ջրի մակարդակը, խթանում, արագացնում է Սևանա լճի ավազանի երկրակեղևի փքման պրոցեսները: Ավելին, ներկայումս Սևանա լիճը, փաստորեն, բնական լիճ չէ, այն, մարդու թեթև ձեռքով, վերածվել է արհեստական ջրամբարի, որից երբ ուզում և ինչքան ուզում, ջուր են բաց թողնում և կամ լցնում: Այս ամենը խիստ բարդացնում է  Սևանա լճի ավազանում էկոլոգիական և սեյսմիկ իրավիճակը: Ինչպես վերը նշեցինք, ներկա իրավիճակում, Սևանա լճի ավազանի տարածքում երկրակեղևի փքման պրոցեսները տեղի կունենան անկախ նրանից, թե Սևանա գոգավորությունը հանգած սուպերհրաբխի կալդերա է, թե ոչ: Սակայն, եթե Սևանա գոգավորությունը սուպերհրաբուխ է, ապա իրավիճակը շատ ավելի ծանր ու վտանգավոր է, քանի որ յճի ավազանի երկրակեղևի թերբեռնվածությունն այդ դեպքում կարող է արագացնել սուպերհրաբխի կալդերայում ընթացող պրոցեսները, հանգեցնելով նրա ժամանակից վաղ ժայթքմանը: Ուստի, անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություններ իրականացնել Սևանա գոգավորության ողջ տարածքում, իրականացնել Սևանա լճի հատակի, խորքային խզվածքի մանրակրկիտ չափագրում և քարտեզագրում, իրականացնել խորքային խզվածքով ջրի արտահոսք-ներհոսքի ռեժիմի հետազոտում ժամանակից կախված, իրականացնել Սևանա գոգավորության երկրակեղևի և Սևանա լճի ջրի ջերմաստիճանային և այլ ռեժիմների շարունակական հետազոտություններ ներգրավելով այս բնագավառում լուրջ փորձ ունեցող միջազգային գիտական կենտրոնների, տարբեր բնագավառների անհատ գիտնականների և այլն: Այսպիսով` Սևանա լճի ներկա իրավիճակը ինքնին մեծ, հնարավոր աղետալի, սեյսմիկ և այլ վտանգներ է իր մեջ պարունակում, ինչի պատճառը Սևանա լճի ավազանի երկրակեղևի թերբեռնվածությունն է: Այնինչ, ՀՀ իշխանությունների որոշման համաձայն, մինչև 2031թ. Սևանա լճի ջրի մակարդակը հասցվելու է ընդամենը 1903,5 մետրի, ինչը կլինի լճի վերջնական մակարդակը` 12,5 մետրով պակաս լճի մակարդակի բնական բարձրությունից: Այս կիսաքայլերը չեն փրկի Սևանա լճի էկոհամակարգը, հատկապես կլիմայական փոփոխությունների արդյունքում հնարավոր գլոբալ տաքացման հեռանկարի պարագայում: Բացի այդ, -    երկրագնդի վրա քաղցրահամ ջրի պաշարներն արագ սպառվում են և, ըստ որոշ հաշվարկների քաղցրահամ ջրի պաշարները մարդկությանը կբավարարեն 20-30 տարի: Ինչպես պնդում են քաղաքագետները, 21-րդ դարի բոլոր պատերազմները քաղցրահամ ջրի պաշարներին տիրելու համար են լինելու: Քաղցրահամ ջուրը շատ թանկ է արժենալու և, ճիշտ ռազմավարության մշակման, Սևանա լճի բնական բարձրության վերականգնման, լճի ջրի մաքրման ու անաղարտ մաքրություն ապահովելու պարագայում, Սևանա լիճը մեր երկրի համար շատ ավելի շահույթ կապահովի, քան հարևան երկրների նավթադոլարներն են, բնապահպանական ահռելի վնասների հաշվին: Բացի այդ` -    հասցնելով Սևանա լճի մակարդակը ընդամենը 1903,5 մետրի, մենք չենք կարող խուսափել վերը նշված սեյսմիկ մեծ վտանգներից, քանի որ լճի տակ երկրակեղևը դարձյալ թերբեռնված է մնալու: Այսպիսով, որևէ իմաստ չունի ահռելի գումարներ ծախսել Սևանա լճի մակարդակը ընդամենը 4 մետրով բարձրացնելու համար, դա, փաստորեն, գումարների անիմաստ վատնում է: -    Սևանա լիճը, նրա էկոհամակարգը փրկելու, մեր երկրի և  տարածաշրջանի համար քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարները մեծացնելու, տարածաշրջանի  սեյսմիկ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացնել մինչև նրա բնական բարձրությունը` ծովի մակարդակից 1916 մետր: Խիստ անհրաժեշտ է նաև մշակել ու իրականացնել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և սեյսմիկ անվտանգության ապահովման՚ համապարփակ ծրագիր»,  որը հնարավորություն կտա նախ` 1.    օր առաջ վերականգնել Սևանա լճում ջրի մակարդակի բնական բարձրությունը` ծովի մակերևույթից 1916 մետր, որի արդյունքում Սևանա գոգավորության և լճի էկոհամակարգերը դանդաղորեն կգան հավասարակշռության: Ինչպես նաև` 2.    իրականացնել Սևանա գոգավորության, Սևանա լճի համապարփակ, բազմակողմանի, շարունակական գիտական հետազոտություններ, ներգրավելով այդ բնագավառում լուրջ փորձ ունեցող միջազգային գիտական կենտրոնների և առանձին, այդ ոլորտում փորձառու, գիտնականների: Սևանա լիճը ազգային և համամարդկային արժեք է, այն մեր ահռելի հարստությունն է, որ դեռ շատ ու շատ օգտակար է լինելու մեզ, հատկապես գլոբալ կլիմայական փոփոխությունների դարաշրջանում: Ուստի Սևանա լճի էկոհամակարգը վերականգնելն ու անաղարտ պահելը մեր բոլորիս պարտքն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter