HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Սլավիկի հարազատները համոզված են, որ ոստիկանի մորը նա չի սպանել

Սլավիկ Ոսկանյանի հարազատները պնդում են, որ Սվետլանա Կազազյանին սպանողը նա չէ: Այն ժամին, երբ տեղի է ունեցել սպանությունը (հոկտեմբերի 6-ին` ժամը 20.30-ի սահմաններում), Սլավիկը, նրանց ասելով, տանն է եղել: Այդ օրը նա մի քանի անգամ կարճ ժամանակով դուրս է եկել տնից եւ մինչեւ ժամը վեցը վերադառնալով` այլեւս ոչ մի տեղ չի գնացել: Հետո հայրն է վերադարձել աշխատանքից, եղբայրն է Դիլիջանից եկել, եւ ընտանիքը երեկոն միասին է անցկացրել; Ժամը 8.30-ի սահմաններում Սլավիկի ընկեր Աղասն է եկել նրանց տուն: Աղասի հետ նրանք բերդի ընկերներ էին, բերդում էին ծանոթացել: Այդ օրն էլ Աղասի հետ երկար նստեցին` մինչեւ երեկոյան ժամը 11-ը: Հետո միասին դուրս եկան: Սլավիկը գնաց Աղասին ճանապարհելու: Դրանից հետո հարազատներն այլեւս տեղեկություն չունեն Սլավիկի մասին: Ձեռքի հեռախոսն էլ տանն է թողած եղել: Ամբողջ գիշեր սպասել են նրան, իսկ առավոտյան եկել են ոստիկաններն ու ասել, որ հիմա Սլավիկին կբերեն: Հարազատների ասելով` Սլավիկը ոչ թե ներկայացել է իրավապահներին, այլ նրան գտել են ինտերնետ-ակումբում: Սլավիկին ձերբակալելուց հետո կինը` Շուշանը, մի քանի անգամ հանդիպել եւ հեռախոսային զրույցներ է ունեցել նրա հետ:  Նրան հանդիպել է հոկտեմբերի 8-ին, 9-ին եւ 10-ին: Առաջին հանդիպումը եղել է ոստիկանապետի աշխատասենյակում, մյուսները` ոստիկանության ՁՊՎ-ում (ձերբակալվածներին պահելու վայրում): Բանտ տեղափոխելուց հետո էլ Շուշանը երկու անգամ հեռախոսով խոսել է ամուսնու հետ: Ասում է, որ տեսակացությունների ժամանակ Սլավիկը հուսահատված չէր: Հույս ուներ, որ իրեն հոգեբուժարան կտեղափոխեն, եւ ինքը 1-1,5 տարուց տանը կլինի: Նա լավ գիտեր, որ եթե իրեն դատեն, հաստատ ցմահ կտան: Սլավիկը կնոջն ասել է, որ Աստղիկ Աղաբեկյանի վրա ինքն է հարձակվել, բայց ոստիկանի մոր սպանության հետ ոչ մի կապ չունի: Շուշանի հարցին` բա ինչու էր խոստովանում, պատասխանել է` քեզ էլ որ անեին, էն, ինչ որ ինձ էին անում, դու էլ կասեիր` ես եմ: Շուշանն իմացել էր, որ ամուսինն իրեն վնասել է բանտում: Կնոջն ասել էր, որ իրեն թուք է ներարկել: Շուշանը հետո էր իմացել, որ թքի հետ թանաք էլ է խառնած եղել: Դա արել էր` մեկուսարանից դուրս գալու համար: Հետո բողոքել էր կնոջը, որ ոտքը բորբոքվել է, քոթուկի նման ուռել, անշարժացել: Իրեն տարել են բուժկետ, վերքը մշակել են, 200 գրամի չափ թարախ են հանել: Բայց դա էլ չի օգնել: Վիճակն օր օրի վատացել է: Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը, երբ Շուշանը վերջին անգամ հեռախոսով խոսել է ամուսնու հետ, Սլավիկի վիճակը շատ ծանր է եղել: Կնոջ պատմելով` Սլավիկի ձայնը հոգնած, տանջված էր, հազիվ էր դուրս գալիս; Պատմել է, որ Լոռու մարզի դատախազն է այցելել իրեն: Տեսել է իրեն այդ վիճակում: Ասել է` ուզում ես փտի, ինչ ուզում ես արա, մեկ ա` ըստեղ պետք ա մնաս, չենք տեղափոխելու ՑԲ: Հետո, երբ Շուշանը գնացել է Կարեն Շահբազյանի մոտ, վերջինս հաստատել է, որ տեսել է Սլավիկին եւ նկարագրել է նրա ծանր վիճակը: Շուշանի ասելով` իր նկատմամբ էլ են ճնշումներ եղել: Առաջին ցուցմունքը ինքը գրել է քննիչների թելադրանքով, նրանց սպառնալիքների տակ, որ երեխաներին կուղարկեն մանկատուն, իսկ իրեն կզրկեն ծնողական իրավունքից: Նշում է իր վրա ճնշում գործադրած քննիչների անունները` Վաղինակ Մարտիրոսյան, Վահե Հովհաննիսյան, եւ նկարագրում նրանց ղեկավարին (ազգանունը չի լսել)` խուճուճ մազերով, փորը մեծ, բաց գույնի աչքերով, ով ծռմռվելով էր խոսում: Նրանց սպառնալիքների տակ Շուշանը ցուցմունք էր տվել, որ Սլավիկը տնից դուրս է եկել երեկոյան ժամը 8-ի սահմաններում: Բայց հաջորդ օրը նա գնացել է դատախազություն եւ բողոք գրել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին իր վրա գործադրված ճնշումների համար: Դրանից հետո Շուշանի համար անհասկանալի կերպով քննիչները թույլ են տվել նրան փոխել իր ցուցմունքը: Վերջին ցուցմունքը նա գրել է հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը: Գրել է, որ իր ամուսինը չի կատարել սպանությունը, որ նա չէր կարող մասնակից լինել այդ սպանությանը, քանի որ այդ ժամին տանն է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter