HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Աշխատանքս գնահատում է իմ ղեկավարությունը»

«Հետքի» հարցերին պատասխանում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ԱԺ-ում երկար ժամանակ շրջանառվում է մի օրինագիծ, որով նախատեսվում է օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների աշխատակիցների աշխատավարձերի կրկնակի բարձրացում: Ինչպես հայտնի է, Դուք ունեք անձնական բիզնես եւ աշխատավարձը Ձեր միակ եկամուտը չէ: Զգու՞մ եք աշխատավարձի կրկնակի բարձրացման կարիք: Անկեղծ ասած` չէի ուզենա պահանջատերի դիրքերից հանդես գալ, պարզապես կցանկանայի հարցը դիտարկել այն տեսանկունից, թե Կառավարության անդամը կամ պատգամավորն ինչպիսի աշխատանք են իրականացնում, եւ այդ աշխատանքն ինչպես է գնահատվում: Այս հարցը պետք է դիտարկվի ընդհանուր հարթության մեջ եւ նախարարներն ու պատգամավորները վարձատրվեն ըստ իրենց աշխատանքի: Ես հիմա կատարում եմ իմ աշխատանքը իրավունքներիս ու պարտականություններիս շրջանակում: Ցանկացած աշխատավարձ քիչ է թվում, միշտ ցականում ես, որ բարձր լինի: Բայց վերջին հաշվով պետք է կարողանաս համադրել փաստացի վիճակն ու հնարավորությունները: Չեմ բողոքում, այն աշխատավարձը, որ այսօր ստանում եմ չի խանգարում, որ իրականացնեմ իմ աշխատանքը: Ասացիք, որ յուրաքնչյուրը պետք է վարձատրվի ըստ իր աշխատանքի, իսկ Դուք գո՞հ եք Ձեր աշխատանքից: Առաջինը` ես չեմ գնահատում իմ աշխատանքը, դա գնահատում է իմ ղեկավարությունը: Ես նաեւ պատրաստ եմ ցանկացած հարցադրման, քննադատության, այս հարցով կոմպլեքսներ չունեմ: Եթե զգամ, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք ինձ համար հաղթահարելի չեն եւ իմ հնարավորությունների սահմաններից դուրս են, ապա այդ աշխատանքը չեմ անի եւ հետեւություններ կանեմ: Այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ բնապահպանության նախարարությունում շատ լավ թիմ կա, առողջ կադրեր: Ցանկացած խնդիր պետք է դիտարկել, ոչ միայն նախարարի տեսանկյունից, որովհետեւ նախարարը շարքային աշխատողից սկսած ամբողջ խնդիրները չի կարող վերցնել իր վրա ու տանել: Խնդիրները բազմազան են, բայց կարեւորն այն է, որ իմանաս, թե դու ինչ իրավիճակում ես գտնվում, մնացածն արդեն կոլեկտիվ եւ թիմային լավ աշխատանքով կլուծվի: Եթե ունեք կոլեկտիվ եւ թիմային աշխատանք, ինչո՞ւ են ավելանում ապօրինի անտառահատումները: Ինչու՞ ծառահատումների դեմ նախարարության պայքարն արդյունք չի տալիս: Այս առումով մենք տեսչական վերահսկողության փուլ ունենք: Միանշանակ կարող եմ ասել, որ բոլոր դեպքերը բացահայտելու կաշկանդվածություն չունենք: Թեժ գծի, մամուլի եւ այլ միջոցներով ստացված դեպքերի մասով մեր կողմից ճշգրտվում, արձանագրվում եւ համապատասխան ընթացք է տրվում: Եթե վնասի չափը 400 հազար դրամից ավել է, ապա այստեղ միանգամից գործն անցնում է քրեական վարույթ: Պակաս գումարի դեպքում հարցը լուծվում է վարչական վարույթի շրջանակներում: Շատ դեպքերում նաեւ այս ոլորտը խստացնելու կարիք ունենք: Առաջարկություններ ենք ներկայացրել, որ քրեական վարույթը սկվի ոչ թե 400 հազարից, այլ 200 հազարից: Այդ ձեւով կխթանենք, որ ապօրինի ծառահատումները քիչ լինեն: Նման դեպքերի հայտնաբերումն ու ընթացք տալն արդեն համարում եմ ցուցանիշ, որովհետեւ մի բան է չհայտնաբերելը կամ տեսնելն ու չտեսնելու տալը, մեկ այլ բան է արձանագրելն ու համապատասխան ընթացք տալը: Այս տեսանկյունից մեր ուղղությունը ճիշտ է, նաեւ օրենսդրական փոփոխությունների խնդիր կա: Ես կողմ եմ նման երեւույթները հրապարակային դարձնելուն, միգուցե նախկինում էլ նույն բաները կատարվել են, պարզապես հրապարակային չի եղել: Բայց երբեմն ապօրինի ծառահատողների հետ հանցավոր փոխհամաձայնության գալիս են հենց տեսուչները: Ի՞նչ քայլեր են արվում կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ: Մեզ համար դա անթույլատրելի է: Մեր մոտեցումների արդյունքում գործնականում հնարավոր չէ նման բան, որովհետեւ անտառապետ-տեսուչ փոխհարաբերություն չի լինում, ստուգումներն իրականացվում են հանձնաժողովների միջոցով: Հնարավորություն ունենք օգտագործելու նաեւ արբանյակային նկարահանման նյութերը, մենք տեսնում ենք` այդ տարածքում անտառածածկ գոտին ավելացել, թե նվազել է: Կցանկանայի, որ ոչ թե տարին մեկ անգամ ստուգումների միջոցուվ վերահսկողություն իրականացնեինք, այլ դեպքերի առկայության դեպքում ահազանգերը շատ լինեն, եւ ավելի հաճախ հետքերով գնանք: Վերջին շրջանում նման ահազանգերը բավականին շատ են եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ազգաբնակչությունը օպերատիվ կերպով մեզ իրազեկում է: Սա նշանակում է, որ մեզ վստահում են: Եթե նկատել եք, ամեն երկուշաբթի պարտադիր հրապարակում ենք, թե մեկ շաբաթվա ընթացքում ինչ վիճակ է եղել, եւ ինչ քայլեր են արվել: Արդեն խոսվում է, որ 2011 թ. գազի սակագինը բարձրանալու է, մտավախություն չունե՞ք, որ թանկացումն իր հետ կբերի անտառահատումների ավելացում: Այս խնդրով Կառավարությանն առաջարկություններ ներկայացրե՞լ եք: Այս հարցը պետք է դառնա Կառավարության քննարկման առարկա, արդեն գյուղնախարարության հետ որոշակի քննարկումներ արել ենք: Հատկապես անտառամերձ բնակավայրերի հատվածում պետք է վերահսկողությունն ավելացվի: Մի քանի լուծումներ կան: Հիմա գյուղնախարարությունը հաշվարկներ է անում, որպեսզի սանիտարական հատումների, թափուկների հետեւանքով առաջացած փայտը ցածր սակագնով վաճառվի այդ բնակավայրերի բնակիչներին, որ ստիպված ծառահատումներ չանեն: Կարծում եմ` դա բավարար է, եւ այստեղ գյուղացիներն էլ պետք է գիտակցեն եւ վառելափայտը ձեռք բերեն օրինական ճանապարհով: Չեմ բացառում նաեւ, որ կլինեն մարդիկ որոնց համար մեր առաջարկած ցածր գինը նույնպես թանկ է լինելու: Միգուցե 500 դրամն էլ որոշների համար թանկ լինի: Այդ դեպքերի համար նախորդ տարիներին «Սեւան ազգային պարկով» ակցիաներ արել ենք: ՊՆ ավտոմեքենաներով, մասնավորապես, Գեղարքունիքի մարզում բոլոր զոհված ազատամարտիկներին վառելափայտ ենք հասցրել: Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ, ինչպես հայտնի է, հարուցվել է քրեական գործ: Աշխատանքների արդյունքներն ընդունել է նախարարությունը, արդյո՞ք հնարավոր չէր հենց տեղում հայտնաբերել խախտումները, որպեսզի գործը չհասներ իրավապահներին: Քանի որ գործը քրեական վարույթ է, չէի ցանկանա մեկնաբանել, որպեսզի գործի ընթացքի վերաբերյալ ասածս ազդեցություն չունենա, սակայն համոզված եմ` այն աշխատանքները, որ իրականացրել ենք, արվել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մաքրվող տարածքները եւ իրավասու կապալառու կազմակերպությունը աշխատանքներն իրականացնի առավելագույնի չափով: 2009 թ. մաքրվել է շուրջ 600 հա տարածք, բնականաբար 600 հա-ի դեպքում հնարավոր է թերություններ են եղել: Բայց չեմ կարծում, որ այդ թերություններն այդքան ճչացող են: Ինչեւէ, այդ վարույթը կավարտվի եւ բոլորս էլ կտեղեկանանք, թե ինչ վիճակ է: Վերջին հաշվով` եթե թերություններ էլ կան, ապա կապալառու կազմակերպությունը դրանք կվերացնի, եւ այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Կարծում եք, որ քրեական գործը տեղի՞ն չի հարուցվել: Ոչինչ չեմ ենթադրում: Հարուցված է քրեական գործ, անհրաժեշտ է, որ այդ գործը հասնի մինչեւ վերջ, եւ բոլորս էլ տեղեկանանք: Կանխակալ կարծիք չեմ ուզում հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter