HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Նոյեմբերյան պրեմիերաների փառատոն` ՆՓԱԿ-ում

Երեւանում նոյեմբերին տեղի է ունենալու հայաստանյան հերթական թատերական փառատոնը, որն այս անգամ կազմակերպում է փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ)` այս տարի նաեւ նոր դրամատուրգիայի ծնունդին նպաստելու ակնկալիքով: Նոյեմբերի 8-14-ը անցկացվող «Մեկ քառակուսի մետր. թատրոն առանց թատրոնի» ամենամյա 5-րդ փառատոնի առանձնահատկությունն այն է, որ մասնակից բոլոր ներկայացումները սահմանափակումներ ունեն. գործողությունը կատարվում է մեկ քառակուսի մետր մակերեսով բեմի վրա եւ տեւողությունը չի գերացանցում 40 րոպեն: Փառատոնի մյուս առանձնահատկությունն այն է, որ բոլոր ներկայացումները պրեմիերաներ են: Ըստ փառատոնի հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարէի` մեկ քառակուսի մետրում թատերախաղի նպատակը հեղինակ-ստեղծագործողների ազատագրումն է նյութական պարտադրանքներից. «Թատրոնն ամենուր է, որտեղ կա խաղ անող, կատարող դերասան: Նման թատերախաղի համար անհրաժեշտ չեն մեծ գումարներ»: ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանն այսօր փառատոնի ներկայացման համար կազմակերպված լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «երբ սահմանափակում եք արվեստագետին, անմիջապես իր ստեղծագործական միտքն ու տաղանդը սկսում է աշխատել` ելքեր գտնելու համար: Արվեստագետն սկսում է միջոցներ գտնել` այդ դժվարությունը հաղթահարելու համար, ու այդտեղ սկսում է փորձարարությունը»: ՆՓԱԿ թատրոնը աջակցում է այն արվեստագետներին, որոնք ցանկանում են մեկ քառակուսի մետր բեմի վրա բեմադրություն իրականացնել: Գագիկ Ղազարէի ներկայացրած կոնցեպտի համաձայն` ներկայացումը, թատերախաղը, որպես արվեստի առարկա, ազատ է բոլոր բեմադրական միջոցներից: Փառատոնի նախագահը տեղեկացնում է, որ հիմնականում երիտասարդներ են մասնակցում իրենց փառատոնին, ովքեր իրենց հետ բերում են օրվա խնդիրները, իրենց մտահոգող դրամատիկական գործերը, որոնք շատ որոշակի ակտուալություն են առաջացնում: Փառատոնն ունի մի քանի մրցանակներ. «Հեղինակների ձայնին», որը փառատոնի գլխավոր մրցանակն է, արժանանալու է առավելագույն ձայներ ստացած ներկայացման բեմադրիչը: Քվեարկությունը տեղի է ունենալու մասնակից բեմադրիչների միջեւ: Բացի գլխավոր մրցանակից` սահմանված է «Լավագույն Մեկ քառակուս մետր ներկայացում», «Լավագույն գրական հիմք», «Լավագույն բեմադրիչ» եւ «Լավագույն դերասան» անվանակարգերով մրցանակներ, որոնք շնորհելու է հրավիրյալ ժյուրին: Փառատոնի բոլոր ներկայացումների մուտքն ազատ է լինելու: Բոլոր ներկայացումները երկրորդ անգամ ներկայացվելու են շաբաթ օրը` նոյեմբերի 13-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter