HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը՝ պատվավոր հյուր Եգիպտոսի միջազգային գիտաժողովում

Սեպտեմբերի 27-ին Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանում իր աշխատանքները սկսեց «Մերձավոր Արևելքի երկրներում և լեզուներով տպագրության և հրատարակության պատմությունը» թեմայով միջազգային 4-րդ գիտաժողովը, որին մասնակցում է 75 մասնագետ աշխարհի մոտ 20 երկրից` Եգիպտոսից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Կանադայից, Իտալիայից, Հորդանանից, Լիբանանից և այլն:

Հաշվի առնելով 2012թ. հայ գրատպության 500-ամյա հոբելյանը և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանգամանքը` գիտաժողովի շրջանակներում Հայաստանին հատկացված էր պատվավոր հյուրի հատուկ կարգավիճակ:

Գիտաժողովը բացեցին Ալեքսանդրիայի գրադարանի տնօրեն Իսմայիլ Սերագելդինը, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և տպագրությանն ու հրատարակչությանը նվիրված միջազգային գիտաժողովների շարքի հիմնադիր, մատենագետ, պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերթսը:

Գրադարանի տնօրեն Ի. Սերագելդին իր ողջույնի խոսքում անդրադարձավ Հայաստանի անցած պատմական ուղուն, հայ-եգիպտական ջերմ, ավանդական կապերին: Նա հատուկ ընդգծեց այն մեծ դերակատարությունը, որ հայերն ունեցել են Եգիպտոսում տպագրության զարգացման գործում` միաժամանակ արժևորելով աշխարհասփյուռ հայերի նշանակալից ներդրումը իրենց բնակության երկրների գիտամշակութային կյանքում:

Դեսպան Մելքոնյանն իր խոսքում ՀՀ մշակույթի նախարարության անունից շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին` հայկական թեմային կենտրոնական տեղ հատկացնելու համար, անդրադարձավ հայատառ գրատպության 500-ամյակի ու Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նախատեսվող լայնածավալ միջոցառումներին:

Գիտաժողովի առաջին երկու ամբողջական նիստը նվիրված էր հայկական գրատպության ավանդույթին և պատմությանը: Առաջին նիստում, որում նախագահում էր դեսպան Ա.Մելքոնյանը, զեկույցներով հանդես եկան Ե.Չարենցի գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն Կ. Վարդանյանը, «Գրանշան» տառատեսակների միջազգային մրցույթի կազմկոմիտեի համանախագահ Է.Ղաբուզյանը, Մատենադարանի գիտաշխատող Դ.Ղազարյանը, անվանի եգիպտացի հայագետ-ցեղասպանագետ Մոհամեդ Ռեֆաթ Էլ-Իմամը և Ալեքսանդրիայի գրադարանի գիտաշխատող դոկ. Մուստաֆա Էլ-Ռազզազը:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ հայկական գրատպության թեման երկրորդ նիստում շարունակվեց եգիպտահայ Սուրեն Բայրամյանի և մի քանի այլ եգիպտացի գիտնականների զեկույցներով:

Եռօրյա գիտաժողովի շրջանակներում Ալեքսանդրիայի գրադարանում կազմակերպվել է նաև Հայաստանի երկու կարևորագույն գիտամշակութային հաստատությունների՝ Մատենադարանի և Գրականության ու արվեստի թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված հայկական հնատիպ գրքերի բնօրինակների ցուցահանդես:

Ցուցահանդեսին ներկայացված են Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» (Մադրաս 1772 թ), Ամստերդամում 1666թ. տպագրված «Աստվածաշունչ», Եփրեմ Խուռի Ասորի «Գիրք աղօթից» (1793-95թթ. Կ. Պոլիս), 1763թ. Վենետիկում լույս տեսած Գրիգոր Նարեկացու «Բանք աղօթից» և այլ բացառիկ հրատարակություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter