HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանը որոշել է Երևանի լավագույն բարեկարգված տարածքներն ու վատագույն օբյեկտները

ՀՀ անկախության հռչակման 20-ամյակի և «Երևանի օրվա» առթիվ` այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը պարգևատրել է մայրաքաղաքի լավագույն բարեկարգված տարածքների և առևտրի ու ծառայությունների ոլորտում անվանակարգային մրցույթների հաղթողներին:

Քաղաքապետարանի՝ ամիսներ շարունակվող ստուգայցերից հետո 8 անվանակարգում պարգևատրվել են այն ընկերությունները, վարչական շրջաններն ու անհատները, որոնք բարեկարգել ու կանաչապատել են հարակից տարածքները` նպաստելով մայրաքաղաքի արտաքին ձևավորման ու բարեկարգման աշխատանքներին:

Լավագույն բակային տարածք անվանակարգի 1-ին և 2-րդ մրցանակներ են ստացել համապատասխանաբար Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի ու Քանաքեռ-Զեյթունի` Դավիթ Անհաղթի 5 հասցեում գտնվող այգիները:

Էրեբունի վարչական շրջանի Լիոնի այգին և Քանաքեռ-Զեյթունի` Դավիթ Անհաղթի պուրակը հաղթող են ճանաչվել վարձակալած այգիներ անվանակարգում:

«Բեյսիք Հաուսը» լավագույնն է համարվել խանութների, իսկ Խորենացի 35-ի շուկան՝ իր մրցակիցների մեջ: Լենինգրադյան 45 հասցեում գործող բենզալցակայանը և «Բուլղարիայի հայերի միության ներկայացուցչությունը» միակ հաղթող ընկերություններն են:

Լավագույն բարեկարգ տարածք մրցանակը շնորհվել է Շենգավիթ վարչական շրջանում գործող «Գրանդ սպորտ» ընկերությանն ու Հրազդան հյուրանոցային համալիրին:

«Մեր քաղաքն աշխարհին ներկայանում է իր պատմությամբ և դարավոր մշակույթով, սակայն յուրաքանչյուրս պետք է գիտակցենք նաև մեր դերն ու պատասխանատվությունը մայրաքաղաքի զարգացման գործում»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ յուրօրինակ մրցանակ են ստացել նաև անբարեխիղճ տնտեսվարողները: Նրանք «մրցել են» Երևանի վատագույն օբյեկտ անվանակարգում, որում հաղթել են Օղակաձև զբոսայգու 4-րդ և 5-րդ հատվածներում գործող «Դալիլա» և «Ֆորեստ ռոու» ՍՊԸ-ները, ինչպես նաև Երևանի ոսկերչական գործարանն ու «Սասնա Ծռեր» ռեստորանը:

Հատուկ ստեղծված մրցութային հանձնաժողովը, Երևանի ավագանու որոշմամբ, 2 տարի ժամկետով մայրաքաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի 10 կազմակերպության շնորհվել է որակի աստիճան:

«Որակի բարձրագույն աստիճան» է շնորհվել համապատասխանաբար «Հարսնաքար» և «Եվրոպա» ռեստորանային համալիրներին, «Մեցցո» սրճարանին, «Տոմմի Հելֆիգեր» և «Կայզեր» առևտրի կենտրոններին:

«Որակի առաջին աստիճան» են ստացել «Որսկան (10-ից 10 հրաձգարան)», «Դոն Կիխոտ» և «ՍանՍեթ» ռեստորանային համալիրները, «Հայր և որդի Երիցյաններ», «Լինում է չի լինում» առևտրի օբյեկտները:

«Ոլորտի պատասխանատուների հավաստիացմամբ, որակի աստիճան կարող է ստանալ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ, որը որակավորման կարգով սահմանված 42 չափորոշիչներով կհավաքի անհրաժեշտ բալերի քանակ և, ըստ այդմ, ապահովելով առողջ մրցակցային դաշտ՝ կնպաստի նաև մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը»,- հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter