Արամ Կարապետյանը սպասում է հարմար պահի, որ հեղափոխություն իրականացնի
Արմատական ընդդիմությունից ինչ-որ մեկը կմրցակցի Սերժ Սարգսյանի հետ 2013 թ.-ի նախագահական ընտրություններին, սակայն այդ ընտրություններում կհաղթի Սերժ Սարգսյանը: Իշխանությունների այս ծրագրի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Թե ով կլինի այդ «մեկը», Արամ Կարապետյանը չնշեց, միայն հաստատեց, որ այդ «մեկն» անպայման կլինի, բայց այդ ծրագիրը չի աշխատի:
Կանխագուշակություններ անելով ապագա խորհրդարանական ընտրություններում տեղի ունենալիք շարժերի մասին` Ա. Կարապետյանը նշեց, որ Հանրապետական որոշ անձինք կամ խմբեր այսօր զբաղված են մեկ բանով`պրոպագանդայով և ագիտացիայով: Իսկ այդ նպատակի համար գործի են դնելու բոլոր միջոցները` ուղղելով բոլոր տեսակի ռեսուրսները` թե' տնտեսական, թե' քաղաքական, թե' լրատվական և այլն, որպեսզի մեկ անձի և մեկ կուսակցության, Կարապետյանի բնութագրմամբ, օլիգոպոլիայի շուրջ կենտրոնացնեն այդ ռեսուրսները իշխանությունը պահելու նպատակով:
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ նշեց, որ Հանրապետական կուսակցությունը դասական առումով կայացած կուսակցություն է, բնականաբար, ընտրություններում ակնկալիքներին համահունչ բավարար հիմքեր և ռեսուրսներ ունեն իրենց դիրքը պահպանելու համար:
Արամ Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ ՆԺԿ-ն արմատական ընդդիմության հետ է լինելու, չնայած կարծում է, որ որևէ ընտրություն երկրում ոչինչ չի փոխի, եթե մինչ այդ համակարգային փոփոխություններ չլինեն: Արամ Կարապետյանը խոստովանեց, որ քաղաքականության մեջ իր մնալու նպատակը հեղափոխություն անելն է, ընդ որում` թավշյա: Իսկ արմատական ընդդիմության հետ քաղաքական հարմար պահի են սպասում, որպեսզի ժողովրդի ընդվզման պահին հեղափոխություն իրականացնեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել